ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

ՀՔԾ պետը լիահույս է, որ «Մարտի 1-ի գործը»՝ այդ թվում սպանություններ կատարած անձանց մասով կբացահայտվի



«Ռոբերտ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության, սահմանադրական կարգի հետ, որը ճիշտ չէ»: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը՝ լրագրողների կողմից դիտարկմանը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիմնական փաստարկն այն է, որ իրեն մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, սակայն նա ինչպես կարող էր ինքն իր կարգը տապալել: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի գործով» մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Դիտարկմանը, որ ըստ երկրորդ նախագահի՝ հանրությանը ներկայացվում է 0038 հրամանի միայն այն հատվածը, որը ձեռնտու է վարույթն իրականացնող մարմնին, Խաչատրյանն արձագանքեց.

«0038 հրամանը հրապարակային ենք դարձրել այն չափով, որ չափով այդ հրամանը տրամադրող սուբյեկտը՝ ՊՆ-ն, հարմար է գտել գաղտնազերծել: Բոլոր հատվածները որոնք որոշակի էական նշանակություն ունեն, հանրությանը հայտնի են դարձել»:

Հիշեցմանը, որ նախկինում ասում էր, որ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ գտնվելով, կարող է ապօրինի ազդեցություն գործել վարույթն իրականացնող մարմնի վրա, արդյոք նման օպերատիվ տեղեկություններ կա՞ն, Սասուն Խաչատրյանը չցանակացավ հարցին պատասխանել:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի այն փաստարկին, որ ՀՔԾ-ի գործողությունները կապ չունեն 10 զոհերի սպանությունների բացահայտումների հետ, ՀՔԾ պետն ասաց.

«Դա թողնում եմ ձեր գնահատմանը՝ մեր գործը 10 զոհերի հետ կապ ունի թե չէ, սահմանադրական կարգի տապալման և սպանությունների վարույթները միացվել են, չգիտեմ  Ռոբերտ Քոչարյանին որտեղից տեղեկություն, որ քննություն չենք անում կամ մեր արած քննությունը այն աստիճան ինտենսիվ չէ, որ չենք բացահայտի: Ես ասում եմ, որ ամեն ինչ արվում ու արվելու է, և ես լիահույս եմ որ այս գործը՝ այդ թվում սպանություններ կատարած անձանց մասով կբացահայտվի»:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի այն հայտարարությունը, որ «Մարտի 1-ի գործը» բացահայտված է, Սասուն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել:

«Ես այն պաշտոնատար անձը չեմ, որ պետք է մեկնաբանի վարչապետին»:

Ինչ վերաբերում է նրան, որ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են վարույթն իրականացնող մարմնին որպես այդ գործով տուժածներ, ՀՔԾ պետն ասաց.

«Ֆորմալ առումով յուրաքանչյուր ոք, ում հանցագործությամբ պատճառվել է նյութական, բարոյական կամ այլ վնաս, կարող է դիմել և ստանալ տուժողի կարգավիճակ, սակայն գոյություն ունի ողջամտության սահմաններ, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին ում ազատ տեղաշարժի իրավունքը խախտվել է, և բոլորը դիմեն ստանան տուժողի կարգավիճակ, դա շատ մեծ բարդություն կառաջացնի վարույթն իրականացնող մարմնի համար: Ամեն ինչը պետք է արվի ողջամտության սահմաններում»:

Սասուն Խաչատրյանը չցանկացավ պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանն ու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվելու են հարցաքննության, թե ոչ:

«Նախաքննության գաղտնիք է՝ ում, երբ, ինչ հարցերի շուրջ հարցաքննելու ենք, թե չենք հարցաքննելու, ես որպես սկզբունք մի անգամ ասել եմ, որ կանչվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են այս գործում էական նշանակություն ունեցող հանգամանքներ հայտնել, իսկ թե երբ կկանչվեն, ովքեր կկանչվեն և ինչ արդյունքներ գրանցվեն, մենք կտանք այն չափով ինֆորմացիա, որը չի վնասի գործին»,- մանրամասնեց Խաչատրյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ