Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Ֆրանսիայի ոստիկանությունը մեկ տարի առաջ սկսել է հետաքննել «Վեոլիա»-ի մասնակցությունը Ռումինիայում կոռուպցիոն գործողություններին



Ֆրանսիայի հակակոռուպցիոն ոստիկանությունը 2017թ. հունիսին հետաքննություն է սկսել ֆրանսիական «Վեոլիա» ընկերության դեմ՝ պարզելու համար, թե արդյոք ընկերությունը տեղյակ է եղել Ռումինիայում իր դուստր-ձեռնարկության՝ Apa Nova-ի կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործողություններից: Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի միջազգային ռադիոն:

Նախորդ տարվա նոյեմբերին ֆրանսիայի ոստիկանության Oclciff հակակոռուպցիոն դեպարտամենտը հետաքննություն էր սկսել առևտրական արհմիության ներկայացուցիչ Ժան-Լյուկ Տոուլիի իրավաբանական բողոքի հիման վրա:

Ռումինիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ Բուխարեստին ջուր մատակարարող Apa Nova ընկերությունը 2008-2015 թվականներին գնումներում հաղթելու համար 12 միլիոն եվրո կաշառք է տվել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ ընթացքում Ռումինիայի մայրաքաղաքում ջրի սակագինը թանկացել է 125 տոկոսով:

Ըստ Ժան-Լյուկ Տոուլիի՝ հենց «Վեոլիա»-ն է հանդիսանում Apa Nova-ի թույլ տված հակաօրինական գործողությունների հիմնական նախաձեռնողը, քանի որ Apa Nova-ում բաժնետոմսերի 78 տոկոսը պատկանում է «Վեոլիա»-ին:

Այս գործով Ռումինիայում 9 մարդ ենթրկվել է քրեական հետապնդման: Նրանցից երկուսը ընկերության ֆրանսիացի տնօրեն Բրունո Ռոշը և նրա հետնորդ Լորան Լալագն են: Մյուս 4-ը Apa Nova-ի ղեկավար կազմի ռումինացի անդամներն են: Հետապնդված մյուս անձինք են Ռումինիայի Ազգային-լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Վլադ Մոիսեսկուն, քաղաքապետի նախկին խորհրդական Կոստին Բերեովանուն և գործարար Օսվիդիու Սեմենեսկուն:

Հիշեցնենք, որ «Վեոլիա» ընկերությունը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում՝ խմելու ջուր մատակարարելով մայրաղաք Երևանին և 314 գյուղերի: Նախորդ շաբաթ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, նույն ընկերության «Արևելք» մասնաճյուղի տնօրեն Կարո Օհանյանը և «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը իրենց մերձավորների անվամբ հիմնադրված ու փաստացի նրանց պատկանող ընկերությունների հետ շուկայականից, ինչպես նաև ՀՀ-ում սահմանված սակագներից անհամեմատ բարձր գներով կնքել են շուրջ 3 միլիարդ 731 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց կատարման շրջանակներում՝ հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Բացի այդ, ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը կաշառք տալու դիտավորությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 2017թ. օգոստոսի 26-ին գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4 մլն 239 հազար դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8 մլն 359 հազար դրամին համարժեք՝ 15 338 եվրո, որն ընդհանուր կազմել է 12 մլն 598 հազար դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 2017թ. նոյեմբերի 22-ին համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11, 414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է` առանձնապես խոշոր չափերով) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ