HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առատաշենի մանկապարտեզը շահագործում են նորմատիվ շեղումներով

Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի մանկապարտեզի երեխաները խաղում էին բակում: Երբ դաստիարակչուհին ազդարարեց, որ ճաշի ժամն է, երեխաները վազքով ներս մտան: Փոքրերը հերթ էին կանգնել իրենց համար նախատեսված սանհանգույցի լվացարանների դիմաց: Պատկերն այնքան էլ ուրախ չէր: Այս խմբի սանհանգույցները խիստ վերանորոգման կարիք ունեն: Սալիկները տեղ-տեղ թափված են, լվացարաններն ու զուգարանակոնքերը՝ հին: Ավագ խմբի սանհանգույցները համեմատաբար ավելի լավ վիճակում են:

Առատաշենի համայնքապետ Վահրամ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզը պետք է վերանորոգվի, սակայն համայնքն ի վիճակի չէ ամբողջությամբ կատարել այդ ծախսերը:

«Տանիքից սկսած վերանորոգման կարիք կա: Դռներն ու պատուհանները ձմռանը փոխել ենք: Մանկապարտեզը ջրի առանձին խորքային հոր ունի, որ միշտ ջուր ունենան»- ասում է համայնքապետ Վահրամ Հարությունյանը: Առատաշենում ջրամատակարարումն իրականացվում է խորքային հորերի միջոցով:

Համայնքապետն ասաց, որ մանկապարտեզի որոշ քանակության աթոռներ, սառնարանն ու գազօջախը նվիրել է ամերիկացի մի բարերար: Թեև պայմաններն իդեալական չեն, սակայն Վահրամ Հարությունյանի խոսքերով՝ ծնողները ցանկանում են, որ երեխաները հաճախեն մանկապարտեզ: Մանկապարտեզի վարձավճարի չափը կազմում է ամսական 5000 դրամ:

Մանկապարտեզում 1990-ականներին գործել է 4 խումբ՝ նախատեսված 120 երեխայի համար: Սակայն երեխաների թիվը նվազել է, և այսօր 2 խմբով մանկապարտեզ է հաճախում 50 երեխա:

Մանկապարտեզի տնօրեն Նվարդ Խաչատրյանն ասում է, որ սանհանգույցներից բացի մանկապարտեզը այլ հատվածների վերանորոգման կարիք էլ ունեն: Չի բավարարում նաև կահույքը: Օրինակ, մանկապարտեզը չունի պահարաններ, հարմարություններ և աշխատակիցները չգիտեն, թե սպասքը որտեղ տեղավորեն: Նույնիսկ սնունդը բաշխելու համար առանձին հատված չունեն: Նույն տարածքում և ճաշ են պատրաստում և սնունդն են բաժանում և սպասքը լվանում:

Մանկապարտեզի տնօրեն Նվարդ Խաչատրյանը

«Սանէպիդկայանից եկել, տեսել են: Ասացին, որ նույն տեղում ամեն ինչ կազմակերպելը խախտում է, պետք է վերացնենք: Դրանից հետո խոհանոցը վերանորոգվեց, բայց դարձյալ չի համապատասխանում ստանդարտներին»,- ասում է Նվարդ Խաչատրյանը:

Խմբասենյակներում նույնպես անելիքները շատ են: Հատակը չեն կարողանում լվանալ, ապահովել խոնավ մաքրում, քանի որ փայտե հատակի անցքերը փակելու համար գորգեր են փռված: Տնօրենն ասում է, որ գորգը փոշի է կլանում, ինչը անթույլատրելի է: Բացի այդ, երեխաները չունեն առանձին խաղասենյակ: Նույն տեղում են սնվում, խաղում և անցկացնում օրվա մեծ մասը:

Նվարդ Խաչատրյանը նշում է, որ մահճակալները «ժառանգություն» են ստացել խորհրդային տարիներից: Հնամաշ են նաև աթոռներն ու սեղանները: Տեղ-տեղ նշմարվում են բորբոսի հետքեր: Տնօրենը հույս ունի, որ մի օր իրենց մանկապարտեզն էլ ամբողջովին կվերանորոգվի, իսկ թե երբ՝ որևէ մեկը չգիտի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter