Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Հովիկ Աբրահամյանը «Ավազահատիկ» ՍՊԸ-ից խլել է բաժնետոմսերն ու հանքը, իսկ դատարանները վճիռներ են կայացրել ի շահ նախկին վարչապետի



Մեկ տարի առաջ լրատվամիջոցները գրեցին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, վաճառել է «Ավազահատիկ» ՍՊԸ-ում իրեն պատկանող 30% բաժնեմասը: Այսօր պարզվում է, որ ընկերության հիմնադրից 2008 թ.-ին խլել են բաժնեմասի 60%-ը, նաեւ Նորամարգ համայնքում գտնվող այն ավազահանքը, որն ընկերությունը շահագործել էր 2003 թ.-ից: Այս գործում, ըստ ամենայնի հարկադրաբար, ներգրավել են Նորամարգի նախկին համայնքապետ Սարգիս Գալստյանին:

Քննչական կոմիտեն օգոստոսի 29-ին տարածեց մի հաղորդագրություն, ըստ որի` «Ավազահատիկ» ՍՊԸ-ի տնօրենի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ 2000 թ.-ին հիմնադրված ընկերությունը Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ։ Սակայն 2008 թ.-ին բարձրաստիճան պաշտոնատար անձինք պահանջել են ընկերության բաժնեմասերի 60%-ը, ընդ որում, պահանջվել է այն ձեւակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30%:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանցից նշվել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբոր՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի, նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի անունները։

«Ավազահատիկ» ՍՊԸ-ի շահագործած հանքը գտնվում է Արարատի մարզի Նորամարգ գյուղում: «Հետք»-ը 2014 թ.-ին հրապարակել է Հովիկ Աբրահամյանի բիզնես գործունեությունը, որտեղ, ի թիվս հարյուրավոր ընկերությունների, նշվում է նաեւ այդ ընկերությունում նրա եղբոր՝ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի ունեցած 30% բաժնեմասի մասին: «Ավազահատիկ» ՍՊԸ-ի մնացյալ՝ 30%-ը պատկանում է Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ Խաչատուր Աղաջանյանին եւ 40%-ը՝ երեւանաբնակ Հասմիկ Հակոբյանին: Ընկերությունը ղեկավարում է Մասիս քաղաքի բնակիչ Լեւոն Միքայելյանը:

Նորամարգի նախկին համայնքապետ Սարգիս Գալստյանը դատական հայց է ներկայացրել ընկերության դեմ՝ խնդրելով անվավեր ճանաչել 2003 թ. հուլիսին  «Ավազահատիկ» ՍՊԸ-ի եւ համայնքի միջեւ կնքված վարձակալության պայմանագիրը, որով ընկերությանը Նորամարգ համայնքի վարչական սահմաններում գտնվող 5 հա գյուղատնտեսական նշանակության հողամաս էր տրամադրվել: Այդ տարածքում ընկերությունը զբաղվել է հանքարդյունաբերությամբ, շուրջ 80 000 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում է կատարել՝ ձեռք բերելով ավազի լվացման եւ մաղման հոսքագծեր:

Չորս տարի հետո, 2007 թ. նոյեմբերի 25-ին Նորամարգի համայնքապետի ստեղծած հանձնաժողովը ակտ է կազմել՝ արձանագրելով, որ «Ավազահատիկ» ՍՊԸ-ն վարձակալած 5 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը ոչ նպատակային է օգտագործում: Մեկ օր հետո համայնքի ղեկավարը որոշում է կայացրել 2003 թ.-ին կնքված հողի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին:

«Ավազահատիկ» ՍՊԸ-ն դիմել է վարչական դատարան համայնքի ղեկավարի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Դատաքննության ընթացքում, 2008 թ. փետրվարին Նորամարգ համայնքի ղեկավար Ս. Գալստյանը դիմել է Հարավային քաղաքացիական դատարան՝ պահանջելով լուծել Նորամարգի համայնքապետարանի եւ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի միջեւ 16.07.2003 թ.-ին կնքված հողի վարձակալության պայմանագիրը: Դատարանը չի կասեցրել հայցի քննությունը կամ չի ուղղորդել համայնքի ղեկավարին՝ հակընդդեմ հայց ներկայացնել վարչական դատարան, որտեղ նույն առարկայի վերաբերյալ հայց էր քննվում: Ավելին, մեկ ամսվա ընթացքում, աներեւակայելի արագությամբ, Հարավային քաղաքացիական դատարանը բավարարել է համայնքապետի պահանջը:

Այս վճռից մեկ ամիս հետո, 2008 թ. ապրիլին վարչական դատարանը բավարարել է  «Ավազահատիկ» ընկերության հայցը` անվավեր է ճանաչել Նորամարգ համայնքի ղեկավարի՝ «Հողի վարձակալության մասին կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծարման մասին» թիվ 81 որոշումը: Սակայն այն արդեն ուշացած էր:

Ընկերության տնօրեն Լեւոն Միքայելյանը Հարավային քաղաքացիական դատարանի վճիռը բողոքարկել է վարչական դատարան՝ անհիմն համարելով համայնքի ղեկավարի պատճառաբանությունը, որ հողամասը չի օգտագործվում ըստ նպատակային նշանակության: Հայտնել է, որ Կառավարության 18.01.2007 թ. թիվ 35-Ն որոշմամբ հաստատվել է Նորամարգ համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմա, որի համաձայն վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.84 հա արոտավայրերը փոխադրվել են արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի` ավազի վերամշակման արտադրություն կազմակերպելու համար: 

«Ավազահատիկ» ՍՊԸ-ն օրենսդրության պահանջներին համապատասխան ձեռք է բերել հողի ընդերքի օգտագործման իրավունք եւ իր գործունեությունն իրականացնում է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կողմից 30.06.2004թ. տրված թիվ ՀԱ-Լ-14/223 հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի, 09.03.2005 թ. թիվ 058 հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզիայի պայմանագրի հիման վրա: 

Դատարանը մերժել է «Ավազահատիկ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ Կառավարության 18.01.2007թ. թիվ 35-Ն որոշումը, որով Նորամարգ համայնքի 0.84 հա արոտավայրերը փոխադրվել են արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի` ավազի վերամշակման արտադրություն կազմակերպելու համար, բոլորովին այլ հողամասի է վերաբերում եւ ոչ մի կապ չունի վիճելի հողամասի հետ:

Տարիներ հետո՝ 2012 թ.-ին, «Ավազահատիկ» ՍՊԸ-ին կրկին տրամադրվել է Նորամարգի համայնքի ավազի հանքի արդյունահանման թույլտվություն, որովհետեւ ընկերությունն արդեն նոր բաժնետեր ուներ: Նորամարգի արդեն նախկին համայնքապետ Սարգիս Գալստյանը «Հետք»-ին հայտնել է, որ «Ավազահատիկ» ՍՊԸ-ի հետ կնքել է մոտ 12 հա հողի վարձակալության պայմանագիր:

Հիշեցնենք, որ Հենրիկ Աբրահամյանը կալանավորվեց այս տարվա օգոստոսի 11-ին՝ ապօրինի զենք եւ զինամթերք պահելու համար: ԱԱԾ-ն գործարանային տարածքներից մեկում մի ամբողջ զինանոց հայտնաբերեց: Իսկ Նորամարգի 22 տարի տարվա համայնքապետ Սարգիս Գալստյանը այս տարվա մարտին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ չէր առաջադրվել:

լուսանկարը՝ gov.am


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վարդան15:24 - 1 սեպտեմբերի, 2018
Էտ հեչ զարմանալու չի, գիտենք որ կրծողները շատ վնասներ են տվել: Բայց խիստ զայրանալու է որ դրան դեռ Հայաստանի դրոշի հետ եք նկարել: Ճաղերի հետեւը երբ է նկարվելու?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ