Էդուարդ Շարմազանով. «Հայաստանի անվտանգության ապահովման գործում ռուսական ռազմաբազայի դերը շատ մեծ է»
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկուն։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։
Ինչպես տեղեկացնում է ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը, Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նշել, որ երկուստեք հարաբերությունները պետք է զարգանան բոլոր ուղղություններով։
«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ընդհանուր քրիստոնեական եւ ավանդական արժեքային համակարգերից»,- ասել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ այսօր վտանգված են այդ համակարգերը։
«Մենք պետք է համատեղ ուժերով պաշտպանենք դրանք։ Անհրաժեշտության դեպքում հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնություններով»,-նշել է Էդուարդ Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ նվիրված Կուրսկի եւ Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին։
«Դրանք ճակատամարտեր էին, որոնք վճռեցին երկրորդ աշխարհամարտի ելքը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը եւ նշել, որ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են բազմաթիվ հայորդիներ, այդ թվում իր պապը՝ Պետրոս Ավագյանը, ովքեր մեծ ներդրում են ունեցել հաղթանակի կերտման գործում։
«Այսօր էլ Ռուասատանը կարեւոր դեր է կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում եւ պետք է նշեմ, որ մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի Հայաստանում ռուսական ռազմաբազան»,-ասել է ԱԺ նախագահի տեղակալը:
Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրենը նույնպես կարեւորել է դարերի քննությունը բռնած ռուս-հայկական բարեկամության անխախտելիությունը։
Սերգեյ Ռիբինսկին գոհունակություն է հայտնել առաջիկայում նախատեսվող գիտաժողովի կազմակերպման համար եւ նշել, որ իր գլխավորած կենտրոնը կաջակցի բարեկամ հայ գործընկերներին։
Էդուարդ Շարմազանովը նաեւ նշել է, որ այս տարվա ընթացքում Սանկտ-Պետերբուրգում եւ Երեւանում միջոցառումներ կկազմակերպվեն Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար, ռուս-թուրքական պատերազմի հերոս, հայազգի գեներալ Միխայիլ Լորիս-Մելիքովի հիշատակին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող այլ հարցեր։
Մեկնաբանել