HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչները դժգոհում են իրենց սոցիալական և կենցաղային հարցերի նկատմամբ Թումանյանի համայնքապետարանի անտարբերությունից

«Արգիշտի-1» ՍՊ ընկերությանը պատկանող «Մարցիգետ -2» ՓՀԷԿ-ի  մոտ օրերս հավաքված Թումանյան քաղաքի բնակիչները պահանջում էին փակել փհէկ-ը և վերջինիս հարևանությամբ գործող գազի լցակայանը:

«Արգիշտի -1» ՍՊԸ-ն պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին:  Գազի լցակայանի 25 տոկոս բաժնետերը Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լևոն Զավարյանի որդին է: Սեփականատեր է նաև Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանը: Թումանյան քաղաքի փհէկ-ի և գազի լցակայանի հարևանությամբ շենքի բնակիչներ Լավրենտի Անտոնյանը, Մարի Պետրոսյանը, Լևոն Ղալայանը և Քնարիկ Գրիգորյանը ասում են, որ  փհէկ-ի և գազի լցակայանի աղմուկը ազդում է իրենց առողջության վրա և լցրել է իրենց համբերության բաժակը:

«Պահանջում ենք  հէկ-ը  և գազի լցակայանը հանել այստեղից, որովհետև  դրանց  աղմուկից չենք կարողանում գիշերը  քնել»,- ասում են բնակիչները:

Լևոն Ղալայանը  դժգոհեց Ալավերդու  բժշկական կենտրոն ՓԲԸ-ից«Ինձ ձրի դեղ է հասնում,  բժիշկ Ստյոպա Վարոսյանը չի տալիս,  ասում է էդ դեղը իրեն չեն տալիս, որ ինքն էլ ինձ տա»:  

Ազգությամբ եզդի Սոնա Ռասոյանը պատմում է, որ իրենց  ընտանիքը 12 անձով ապրում   Թումանյանի՝ հրակայուն աղյուսի նախկին գործարանի հանրակացարանի շենքի մեկ սենյակում: Շենքը  գործարանի սեփականատեր Ալբերտ Թադևոսյանի  սեփականությունն է: Սոնան ասաց, որ անցած տարի  Թումանյան քաղաք կատարած այցի ժամանակ նախկին վարչապետ Կ. Կարապետյանը խոստացել է համայնքապետարանին գումար փոխանցել՝ Ռասոյանների համար տուն գնելու նպատակով: Սոնան պնդում էր, որ գումարը փոխանցվել է, սակայն համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը իրենց համար տուն չի առել։

«Ուղարկված փողի քանակն էլ մեզ չի ասում»,- ասաց  նա: Սոնան նաև դժգոհեց Թումանյան- Վանաձոր –Ալավերդի  երթուղով աշխատող գազելի վարորդ Սեյրան Շահվերդյանից։ «Մեզ չի թողնում մարշուտկա նստել, ասում է ձեր թաղամասին չի հասնում: Ասում է իմ սեփական մեքենան է,  ում ուզում եք բողոքեք»:

Թումանյան քաղաքի 3-րդ թաղամասի 16-րդ շենքի բնակիչ Հայկ Հովհաննիսյան ասում է, որ շենքի կոյուղու դիտահորերը ամիսներ շարունակ խցանված են, եւ հոտը խեղդում է  բնակիչներին: Դիմել են համայնքի ղեկավարին: «Խցանված կոյուղու դիտահորերը «Վեոլիա ջուր»_ն է կարգավորելու, ես ոչ մի բան չեմ կարող անել»,- պատասխանեց Լ. Զավարյանը:  Բնակիչները դիմել են նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին: Կոյուղու դիտահորերի խցանումը այդպես էլ չի վերացվել: Հայկի ասելով՝ թիվ 16 շենքի տանիքի ջրահեռացման խողովակների ընկնելու պատճառով անձրևաջրերը լցվում են շքամուտք և անանցանելի են դարձնում  բնակիչների ելումուտը:

Օգոստոսի 28-ին բնակիչների բարձրացրած հարցերը ներկայացրինք համայնքի  ղեկավար Լևոն Զավարյանին։ Վերջինս «Մարցիգետ-2» փհէկ-ի տնօրեն Սեյրան Դարբինյանին տեղեկացրեց  բնակիչների դժգոհության մասին։ «Ձայնամեկուսացում կանենք, ես մտածում եմ, միջոցներ կձեռնարկեմ, հա, պետք է  ձայնամեկուսիչ դնենք»,- խոստացավ Ս.Դարբինյանը:

Ինքը՝ Լ. Զավարյանը, խոստացավ ձայնամեկուսիչներ տեղադրել նաև գազի լցակայանում: Վերադառնալով  հէկ-ը փակելու բնակիչների պահանջին՝ նա բացատրեց, որ այդ դեպքում Թումանյան քաղաքի 12 և Մարց  գյուղի 4 բնակիչներ կզրկվեն աշխատանքից:

«Արդեն քանդվում են մեր շենքի շքամուտքերը»,- ասաց Քնարիկը: Լ. Զավարյանը խոստացավ շքամուտքերի վերանորոգումը մտցնել բյուջեի եկող տարվա ծախսերի մեջ: Նա հանձնարարեց գազելի վարորդ Սեյրան Շահվերդյանին ամեն օր երթուղին սկսել 3-րդ թաղամասից։ «Եթե ես գնում եմ, միշտ չէ, որ էդ թաղամասում Ալավերդի կամ Վանաձոր գնացող բնակիչ է լինում: Հաճախ ես իզուր տեղը վառելանյութ եմ ծախսում: Բոլորն էլ գիտեն իմ հեռախոսի համարը, ասում եմ՝ գալու դեպքում զանգեք: Իրենք ինձ չեն զանգում, ուրիշ մեքենայով գալիս են Ալավերդի, այնտեղից ինձ պարտադրում են, որ իրենց տանեմ իրենց թաղամաս»,- իր հերթին դժգոհեց վարորդը:  

Պարկինսոն հիվանդություն ունեցող Լևոն Ղալայանը համայնքի ղեկավարին ասաց, իրեն օգնում է միայն «Մադոպար» դեղը, սակայն դրա փոխարեն անվճար այլ դեղ են տալիս, որը չի օգնում:  Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը համայնքի ղեկավարին հեռախոսով հայտնեց, որ բժշկական կենտրոնում գրանցված են պարկինսոնով 5 հիվանդներ եւ բոլորն էլ  «Մադոպար» դեղի կարիք ունեն: «Անվճար դեղորայքի գումարը տարվա սկզբին եղել է 670 հազար, հիմա դարձել է 500 հազար դրամ: «Մադոպար»-ի մեկ տուփը հիվանդին մեկ ամիս է հերիքում,  արժե 35 հազար դրամ: «Ես չեմ կարող տրված գումարով հիվանդներին ամեն ամիս հատկացնել «Մադոպար»: Հիմա հիվանդներին օգնելու համար «Պրոնորալ» դեղն ենք հատկացնում»,- բացատրեց  Ս. Մոսինյանը:  «Պարկինսոն հիվանդների համար ավելի արդյունավետ է «Մադոպար» դեղի ընդունումը: Հիվանդը պատահական չէ, որ դժգոհում է պրոնորալ դեղից: Հիվանդին անվճար պետք է տալ այն դեղը , որն օգնում  է նրան»,- ասաց Լոռու մարզի գլխավոր նյարդաբան Վրույր Ստեփանյանը:

Սոնա Ռասոյանի հարսը՝  Մայրե Ալոյանը նույնպես պնդեց , որ վարչապետը փող է ուղարկել իրենց բազմանդամ ընտանիքի բնակարանային հարցը լուծելու համար։ «Մարդիկ կան մեզ ասել են, որ վարչապետը փող է տվել, որ դուք մեզ համար տուն առնեք»,- ասաց Մայրեն: Նա համայնքի ղեկավարին տեղեկացրեց, որ համաքաղաքացիներից Արոն իր տունը ծախում է: Լևոն Զավարյանը Մայրեին բացատրեց, որ իրենց համար տուն գնելու նպատակով համայնքապետարանին  վարչապետը փող չի փոխանցել։ «Իմացեք, Արոն ինչ գին է ասում, կարող է մի որևէ կազմակերպության միջոցով Ձեզ օգնենք»,- խոստացավ Լ. Զավարյանը: Համայնքի ղեկավարի հետ այցելեցինք թիվ 16 շենք: Շենքի կոյուղու դիտահորերը բերնեբերան լիքն էին: Դիտահորերից մեկի վրա այգի կար կառուցած: Տանիքի ջրահեռացման խողովակները տեղում չէին:

Երեկ Լևոն Զավարյանը մեզ տեղեկացրեց , որ արդեն տեղադրվել են թիվ 16 շենքի տանիքի ջրահեռացման խողովակները: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի  Թումանյանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոլոյանի ասելով՝ պետք է դիտահորի մոտ գտնվող այգու հենապատը քանդվի, որ մաքրող մեքենան մոտենա դիտահորին: Այսօր ջրմուղկոյուղու տնօրենը «Հետք»-ին հայտնեց, որ Թումանյանի թիվ 16 շենքի դիտահորերի և կոյուղագծերի խցանումները վերացված են:

Թիվ 16  շենքի բնակիչները Լևոն Զավարյանից  նաև պահանջեցին նորոգել ներհամայնքային քանդված ճանապարհները։ «Դա թանկ հաճույք է, բյուջեն այդ հնարավորությունը չունի»,- պատասխանեց  Լ. Զավարյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter