HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 1․ որքան են ծախսել այս տարի

«Հետքը» հարցումներ է արել Երևանում և Հրազդանում՝ պարզելու, թե որքան գումար են մարդիկ ծախսել նոր ուսումնական տարվան նախապատրաստվելիս։ Դիտարկվել են 114 դպրոցականների և ուսանողների (60-ը Հրազդանից, 54-ը Երևանից) հագուստի, կոշիկի, գրենական պիտույքների, պայուսակի և գրքերի ծախսերը։

Երևանում հարցումն անցկացվել է մոլերից մեկում և մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանին կից հագուստի շուկայում։ Այդ վայրերն ընտրվել են գնային բևեռացումը նվազեցնելու նպատակով։ Հրազդանում հարցումն իրականացվել է քաղաքի հագուստի և գրենական պիտույքների խանութների  շրջանում։

Մասնակիցներին հարցրել ենք, թե որքան գումար են այս տարի ծախսել մեկ դպրոցականի/ուսանողի հագուստը, կոշիկը, պայուսակը, գրենական պիտույքներն ու գրքերը գնելու համար։ Հարցվողները նշել են նաև, թե որքան է կազմում իրենց ընտանիքի ամսական միջին եկամուտը։   

Մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանին կից շուկան

Երևանում մեկ երեխային պայուսակ գնելու համար հարցման մասնակիցները վճարել են միջինը 11 000 դրամ, հագուստի համար՝ 26 000 դրամ, կոշիկի համար՝ 13 000 դրամ։ Դասագրքերի միջին ծախսը կազմել է 6000 դրամ, իսկ գրենական պիտույքներինը՝ 9000 դրամ։

Հրազդանում մեկ երեխայի պայուսակը հարցվածները գնել են միջինը 7 000 դրամով, հագուստը՝ 35 000 դրամով, իսկ կոշիկները՝ 13 000 դրամով։ Գրքերն արժեցել են միջինը 4000 դրամ, գրենական պիտույքները՝ 9000 դրամ։

Հարցվածները նշել են, որ եթե հագուստ ու պայուսակ գնելիս գնային առումով ընտրության հնարավորություն ունեցել են, ապա կոշիկի և գրենական պիտույքների գները շատ ավելի կայուն են եղել՝ անկախ տեղանքից։ Բացի այդ՝ հարցվածներից մի քանիսի երեխաներն այս տարի վերօգտագործել են անցյալ տարիների հագուստն ու պայուսակը։ Կոշիկն ու գրենական պիտույքները, սակայն, ամեն տարի պարտադիր գնման ենթակա են, քանի որ շուտ են մաշվում։

Հրազդանաբնակների եկամուտը կազմում է երևանաբնակների եկամտի գրեթե կեսը, իսկ ապրանքների գները Հրազդանում ավելի էժան չեն, քան Երևանում։

Ուսանողները գնումներ են կատարում մոլերից մեկում

Երևանում հարցվածները նշել են, որ իրենց ընտանիքի ամսական միջին եկամտի 22 տոկոսը ծախսում են մեկ երեխայի ուսումնական կարիքների համար։ Իսկ Հրազդանում հարցվածները ծախսում են ամսական միջին եկամտի 40 տոկոսը։ Պատճառն այն չէ, որ հրազդանաբնակներն ավելի շատ են գնումներ կատարում, քան երևանաբնակները։ Այս պատկերն առաջացել է, քանի որ Հրազդանում մարդիկ ավելի քիչ եկամուտ են ստանում, բայց ուսումնական ապրանքները գնում են գրեթե նույն գներով, ինչ Երևանում։

Ի տարբերություն Երևանի՝ Հրազդանում կան հարցվածներ, ովքեր նոր ուսումնական տարվա գնումների որոշ մասն անում են կանխիկով, մյուս մասը՝ պարտքով վերցնում։ Հարցվածների 23 տոկոսը նշել է, որ երեխաների հագուստի և մյուս պարագաների մի մասը գնել է՝ վճարելով կանխիկ, իսկ մյուսը մասը վերցրել է խանութներից՝ պարտավորվելով տարվա ընթացքում մաս-մաս վճարել։

Երևանում հարցվածների 27 տոկոսն այս տարի 1 երեխա է ուղարկել ուսումնական հաստատություն, 67 տոկոսը՝ 2 երեխա, իսկ 6 տոկոսը՝ 3 և ավելի երեխաներ։ Ծնողների ծախսը, սակայն, չի ավելացել՝ պայմանավորված երեխաների քանակով։ Այսինքն՝ որքան շատ են դպրոցականները կամ ուսանողներն ընտանիքում, այնքան նրանք ավելի քիչ են գնումներ կատարել։      

Հրազդանում հարցվածների 23 տոկոսը 1 երեխա է նախապատրաստել ուսումնական տարվան, 57 տոկոսը՝ 2 երեխա, 20 տոկոսը՝ 3 և ավելի երեխաներ։

Ի տարբերություն Երևանում հարցվածների՝ Հրազդանում երեխաների թվի աճը ենթադրում է նաև ծախսի աճ. 1-2 դպրոցահասակ կամ ուսանող երեխա ունեցողներն իրենց եկամտի 40 տոկոսն են ծախսել՝ ուսումնական տարվան նախապատրաստվելիս, իսկ 3-4 երեխա ունեցողները՝ եկամտի կեսից ավելին։

Երևանում հարցվածների 17 տոկոսն այս տարի տարրական դասարանի երեխա է ուղարկում դպրոց, 50 տոկոսը՝ միջին, 20 տոկոսը՝ ավագ դասարանների, իսկ 13 տոկոսն ուսանող է։

Հրազդանում 33 տոկոսը՝ տարրական, 37 տոկոսը՝ միջին, 10 տոկոսը՝ ավագ դպրոց են այս տարի ուղարկում երեխաներին, իսկ 20 տոկոսը ուսանող ունեն։

Թե՛ Երևանում, թե՛ Հրազդանում, որքան մեծ է երեխայի տարիքը, այնքան շատ է նաև ուսումնական տարվան նախապատրաստվելու ծախսը։     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter