Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Սևանի թիվ 3 հիմնական դպրոց



Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց: Այս մասին նշված է վարչապետի պաշտոնական կայքում:

Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ն է, այս փոքրիկները նոր Հայաստանի առաջին դասարանցիներն են, ու այսօր այս դպրոց է այցելում 111 առաջին դասարանցի: Ի՞նչն է տարբերությունը, և ի՞նչը պետք է տարբերվի այս նոր իրավիճակում: Կարծում եմ՝ ամենակարևոր արձանագրումը հետևյալն է, որ նոր Հայաստանում կարևորը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը, այսինքն՝ ամեն աշակերտ, ամեն ծնող պետք է գնա ոչ թե գնահատականի հետևից, այլ գիտելիքի: Նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունների, ընդունակությունների զարգացումը: Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջև պետք է ոչ թե ուղղակի խնդիր դնեն, որ երեխային ինչ-որ տվյալներ փոխանցեն, այլ պետք է երեխային պատրաստեն թռիչքի` բառի բուն իմաստով, որովհետև մենք բոլորս մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի, որովետև եկել են ժամանակներ, որ, այո, մենք պետք է կարողանանք թռչել: Մենք պետք է կարողանանք հասնել շատ բարձր նպատակների և արդյունքների»:

Կառավարության ղեկավարի խոսքով` նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ը խորհրդանշում է նոր էջ, որտեղ բոլորը պետք է ապրեն հաճույքով, ազատ և երջանիկ, և այդ նպատակին հասնելու համար ոչ միայն ծնողները, ուսուցիչները, քաղաքական իշխանությունը, այլև ողջ հանրությունը, պետությունը, կառավարությունը պետք է համախմբեն իրենց ուժերը: Վարչապետ Փաշինյանը հաջողություն է մաղթել առաջին դասարանցիներին` թռիչքի պատրաստվելու առաջին օրվա կապակցությամբ և ընդհանրապես հայ ժողորդին թռիչքի պատրաստվելու այս նոր ժամանակաշրջանում: «Իսկապես սա նոր Հայաստան, նոր իրավիճակ է, և ես բոլորիդ աչքերի մեջ տեսնում եմ այդ նորության, հավատի, ապագայի նկատմամբ վստահության զգացողությունը: Հավատացեք՝ ձեր աչքերից այդ զգացողությունը ոչ միայն չի պակասելու, այլև ամեն օրվա հետ ավելի ու ավելի հզորանալու է, որովհետև դուք մի ժողովուրդ եք, ով հաղթել է, ով այլևս սրանից հետո երբեք չի պարտվելու և միշտ լինելու է հաղթողի դերում: Ուրեմն՝ եկեք շնորհավորենք մեր հաղթական ժողովրդի հաղթական զավակներին, ովքեր այսօր նոր էջ են բացում նոր սեպտեմբերի 1-ով, նոր իրավիճակում, նոր երկրում՝ նոր ապագա կերտելուն ընդառաջ գնալով»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ