Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ինչպես սոցիալական ծրագիրը դարձնել բիզնես նախագիծ. Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել՝ ուղղված «Գազպրոմ Արմենիա»-ին



«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող ուսումնամարզական համալիրի հարևանությամբ ապրող բնակիչներն այսօր նամակով դիմել են «Գազպրոմ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:  

Ծարավ Աղբյուր փողոցում սոցիալական հատուկ ծրագրով բազմաբնակարան շենքեր կառուցվեցին երիտասարդ մասնագետների և նրանց ընտանիքների համար: Սակայն նորաստեղծ այդ թաղամասում ո՛չ հանրային մանկապարտեզ, ո՛չ էլ դպրոց կա: Ծնողները ստիպված են լինում տարբեր փոխադրամիջոցներով իրենց երեխաներին հասցնել քաղաքի այս կամ այն մանկապարտեզ կամ դպրոց: Մինչդեռ թաղամասի կառուցման մեկնարկի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել էր, որ Ծարավ Աղբյուր փողոցի նորակառույց շենքերում ապրող երեխաները կունենան և՛ մանկապարտեզ, և՛ դպրոց:

Երևան քաղաքի ավագանին 2015 թվականի ապրիլի 14-ին հավանություն տվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագրին: Երևանի քաղաքային համայնքի սեփականություն համարվող Ծարավ Աղբյուրի փողոցի 55/25 հասցեում գտնվող, 6717 քմ ընդհանուր մակերեսով շինությունները և 31841 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարվեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին 300 մլն դրամով (630 հազար դոլար):

«Գազպրոմ Արմենիա»-ն բազմիցս հայտարարել է, թե նախագիծն իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում և ունենալու է բացառապես սոցիալական ուղղվածություն: Շինարարության արժեքը 50 մլն դոլար է գնահատվել: Նախագծի համաձայն` համալիրում գործելու է մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև՝ մարզասրահներ, պարասրահ: Ուսումնամարզական համալիրն օրական ունակ է լինելու ընդունել շուրջ 2000 մարդ:

Էսքիզային նախագծի համաձայն` նախատեսվել է երեք գոտու շինարարություն՝ ուսումնական, մարզաառողջարանային և հանգստի:  

Ուսումնական գոտին ներառելու է 950-տեղանոց դպրոց, այդ թվում՝ ավագ դպրոց 450 աշակերտի համար, միջնակարգ դպրոց` 500 աշակերտի համար, փակ լողավազան, մինի-ֆուտբոլի մարզադաշտ, 250-տեղանոց մանկապարտեզ:

Մարզաառողջարարական գոտին ներառելու է մարզա-առողջարարական համալիր՝ ունիվերսալ խաղասրահով, ամբողջ տարի գործող 350-տեղանոց փակ սահադաշտ արհեստական սառույցով՝ ուսումնամարզական գործընթացի և տափողակով հոկեյի, գեղասահքի և ազատ ոճի սահքի մարզումների անցկացման համար, ստորգետնյա ավտոկանգառ 85 ավտոմեքենայի համար:

Շենքը երկհարկանի է, առաջին հարկում տեղակայվելու են սահադաշտը և այցելուների ու մարզիկների ընդունման համար նախատեսված տարածքները, հանդերձասրահը, սանհանգույցները և այլ ինժեներական ու տեխնիկական կառույցներ: Երկրորդ հարկում են լինելու նախասրահը, հանդերձասրահը, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության դահլիճը, պարասրահը, սրճարանը, այլ տեխնիկական և օժանդակ կառույցներ: 

Հանգստի գոտին ներառելու է զբոսավայր սպորտային կառույցների դիմաց և այլ շենքերին կից բարեկարգված և կանաչապատված տարածություններ՝ փոքր ճարտարապետական ձևավորումներով, արտաքին ինժեներական ցանցով և լուսավորությամբ:

Մինչ այս տարածքը «Գազպրոմ»-ին վաճառելը քաղաքային իշխանությունները բնակիչներին խոստացել էին այդտեղ պուրակ կառուցել:

«Մենք՝ համայնքի բնակիչներս, այդպես էլ պուրակի կառուցմանը ականատես չեղանք: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ թաղամասին ամենամոտ դպրոցը և մանկապարտեզը տեղակայված են այնքան հեռու, որ հաճախել պետք է միայն տրանսպորտային միջոցի օգնությամբ, որպես սփոփանք ստացանք նոր խոստում, այն է՝ ապահովել թաղամասի երեխաների անվճար ուսումը «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» շրջանակում կառուցվող դպրոցում և մանկապարտեզում: Առաջին հայացքից թվում էր հիանալի գաղափար, թաղամասի երեխաները հնարավորություն կստանային անվճար հաճախել բարձրակարգ դպրոց և մանկապարտեզ: Միակ անհանգստացնող փաստն այն էր, որ ևս 3 տարի բնակիչները պետք է շարունակեին ապրել շինարարական փոշու մեջ: Սակայն, երազը երկար չտևեց»,- իրենց նամակում գրել են բնակիչները:

Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման ընթացքի, ինչպես նաև դպրոցի ու մանկապարտեզի ընդունելության կարգին ծանոթանալու նպատակով թաղամասի բնակիչները պարբերաբար զանգահարել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Ի զարմանս բոլորի՝ պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հանրությանը որպես սոցիալական և բարեգործական ներկայացված ծրագիրն ընդամենը նոր բիզնես նախագիծ է, քանի որ դպրոցի տարեկան վարձը կազմելու է մոտ 1 մլն դրամ (մանկապարտեզինը՝ մի քիչ պակաս):

Ծարավ Աղբյուր փողոցի բազմաբնակարան շենքերի բնակիչները բնակարանները ձեռք են բերել «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում՝ շուկայականից փոքր-ինչ ծացր գներով և հիպոթեքով:

Բնակիչները նշում են, որ Հայաստանում միջին աշխատավարձը 250.000 դրամ է: Հաշվի առնելով այս հանգամանքը` ստացվում է, որ այն հասանելի չի լինելու թաղամասի միջին աշխատավարձ ստացող երիտասարդ ընտանիքին։ Նախագիծը հասանելի կլինի հասարակության միայն այն խավի համար, ով ունի միջինից զգալի բարձր եկամուտ։ Հետևաբար, այս նախագիծը լինելու է հասարակության որոշ շերտերի համար ընդամենը վճարովի լավ կրթության այլընտրանքային հնարավորություն, որը չունի որևէ սոցիալական բաղադրիչ:

Քանի դեռ ընկերության կողմից պաշտոնապես չի հրապարակվել ուսումնական հաստատությունների վճարովի լինելու փաստը, Ծարավ Աղբյուրի երիտասարդ ընտանիքները դիմել են Միլլերին: Նրանք խնդրել են հնարավորություն ընձեռել թաղամասի երեխաներին անվճար հաճախել իրենց կողմից այդքան սպասված ուսումնական հաստատությունները, քանի որ «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագիրը ի սկզբանե բնորոշված է եղել որպես սոցիալական, և համալիրի մերձակայքում առկա չէ որևէ դպրոց և անվճար մանկապարտեզ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության աշխատակից Միշա Հարությունյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ ապագա դպրոցի եւ մանկապարտեզի վարձավճարների վերաբերյալ: Վերջինս տեղեկացրեց, որ ուսումնամարզական համալիրը միայն Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչների համար չէ, այնտեղ կարող են հաճախել բոլոր ցանկացողները:

«Դա մեծ ուսումնամարզական համալիր է և նախատեսված է բոլոր երեխաների համար: Քանի դեռ շինարարությունը չի ավարտվել, խոսել դպրոցում վարձավճարների մասին և այլն, այս պահին անիմաստ է: Շինարարությունը պետք է ավարտվի, հետո ծրագիրը և այլն, իսկ առայժմ մենք գտնվում ենք շինարարության փուլում: Այս ուսումնական տարում այն չի լինելու, որովհետև միայն դպրոց և մանկապարտեզ չէ, այլ կա սահադաշտ, մարզասրահներ: Չի լինի դպրոցում դասեր անցկացնել, իսկ կողքին շինարարություն ընթանա»,- մանրամասնեց Մ. Հարությունյանը:

Այդուհանդերձ, ուսումնական-սպորտային համալիրի վարձավճարների և ծրագրի այլ սոցիալական բաղադրիչների մասին մեր հարցերը գրավոր ուղարկել ենք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որպեսզի ընկերությունը հանգամանալից պատասխան տա: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Գլխավոր լուսանկարը եւ համալիրի հիմնարկեքի լուսանկարները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կայքի, կառուցված շենքի լուսանկարը՝ «Հետքի»


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Մեկը18:18 - 4 սեպտեմբերի, 2018
Գլխավոր լուսանկարը բոլոր հարցերի պատասխանները տալիս է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ