HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Հայաստանը դառնում է թրաֆիքինգի տարանցիկ երկիր

Տղաս սեպտեմբերին պետք է դպրոց գնա, իսկ մայրս անբուժելի հիվանդ է եւ նրան դեղորայք է հարկավոր: Փողի կարիք շատ ունեի, իսկ օգնող չունեմ: Քույրերս ու եղբայրներս ամուսնացած են եւ իրենց հոգսերն ունեն: Իսկ Ուզբեկստանում գործ գտնելը գրեթե անհնար է»,- դատական նիստերից մեկի ընդմիջման ժամանակ պատմեց 25-ամյա Լոլա Աբդուլաեւան:

2005թ. մարտի 30-ին ՀՀ քաղաքացի Նշան Զաքարյանի Երեւանի բնակարանում Ազգային անվտանգության աշխատակիցները ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի մեղադրանքով (Մարդկանց առեւտուր) ձերբակալել են Ուզբեկստանի քաղաքացի 39- ամյա Նաթելլա Սաղաթելյանին (Տե՛ս նաեւ «Դատավորներին պետք է կրթել»):

Ն. Սաղաթելյանը Հայաստանով Դուբայ էր տեղափոխում ուզբեկուհի աղջիկներին: Երեքին' Նիգինաբոնս Մաջիդովային, Լոլա Աբդուլաեւային եւ Մարիա Խմելյովային հաջողվել է մեկնել Դուբայ, իսկ մեկը' 17-ամյա Կարինա Երեմյանը, դեռ Երեւանում էր: Նիգինաբոնսը որեւէ խնդիր չի ունեցել Դուբայի օդանավակայում: Լոլա Աբդուլաեւայի անձնագիրը կեղծ էր, եւ Միգրացիոն վարչությունը, 5 օր նրան պահելով Դուբայի օդանավակայանում, ետ է ուղարկել Հայաստան: Եվ քանի որ Մարիան Լոլայի մտերիմ ընկերուհին էր, նրա հետ վերադարձել է' չնայած անձնագրի հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել:

Գործը քննել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ, պարզելով, որ սա մարդկանց առեւտուր է, այդ մեղադրանքով հանձնել է ՀՀ գլխավոր դատախազությանը: 2005թ. հուլիսի 25-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում սկսվեց Նաթելլա Սաղաթելյանի գործի քննությունը:

Լոլան Մարիային ճանաչում է մանկուց: Մի օր Մարիան այցելում է Լոլային եւ առաջարկում միասին մեկնել Դուբայ' գումար աշխատելու: Լոլան համաձայնվում է, սակայն մի պայմանով, որ իրեն ու Մարիային չեն բաժանի: Ընտանիքի անդամներին ասելով, թե մեկնում է Ռուսաստան աշխատելու' գնում է Մարիայի բարեկամուհի Դիլյայի (Դիլյարա Խայսերովա Գալիլեյովնա) տուն, որտեղից էլ Մարիայի հետ մեկնում է Տաշքենդ: Տաշքենդում ծանոթանում են Նատաշայի հետ, որը Դիլյայի ծանոթներից էր:

Նատաշան զննում է աղջիկներին, ասում, որ նրանք սիրունիկ են եւ կարող են լավ փող աշխատել Դուբայում: Հետո Լոլայից պահանջում է անձնագրի համար նախատեսված 4 լուսանկար: Լոլան վերադառնում է տուն: Մի քանի օր հետո նրան է այցելում Մարիան եւ ասում, որ ամեն ինչ պատրաստ է եւ մեկնում են Տաշքենդ:

Տաշքենդում Լոլան Նատաշային է հանձնում անձնագրի պատճենը ու լուսանկարները, իսկ Մարիան' միայն անձնագրի պատճենը: Նատաշան աղջիկներին տանում է մի բնակարան, որտեղ նրանք պետք է ապրեին մինչ Դուբայ մեկնելը, ասում, որ երեկոյան կգա մի կին, որն էլ կուղեկցի նրանց Դուբայ: Երեկոյան աղջիկներին է այցելում Նաթելլա Սաղաթելյանը:

Նաթելլան էլ իր հերթին է զննում աղջիկներն, հետո վերցնում անձնագրերը, մի քանի օրվա սննդի փող թողնում բնակարանի տիրուհուն' Օլգային, ասում, որ մեկնելիս նախապես կզգուշացնի ու հեռանում: Մարտի 11-ին գալիս է Նաթելլան ու հայտնում, որ Մարիայի հետ մեկնելու է Երեւան, մի քանի օր հետո նրանց կմիանա եւ Լոլան, որտեղից էլ միասին կմեկնեն Դուբայ:

Մարտի 12-ին Մարիան Նաթելլայի հետ մեկնում է Հայաստան, իսկ 21-ին Լոլան գնում է Նատաշայի բնակարան, որպեսզի մեկնի Հայաստան: Նույն օրը նրան է միանում նաեւ 17-ամյա Կարինան: Կարինային Նաթելլան պատմել էր, որ կույս աղջիկների համար շեյխերը մեծ գումարներ են տալիս' 15-ից 20 հազար ԱՄՆ դոլար, որից հազարը կտան իրեն: Կարինան Դուբայ մեկնելու երկու փորձ է կատարել:

Առաջին անգամ Կարինայի հետ Հայաստան են եկել եւս 3 ուզբեկուհիներ' 13-ամյա Լյուդան, 15-ամյա Նատաշան եւ Կատյան: Սակայն նրանց Դուբայ հասնելու փորձը ձախողվեց:

«Գնացինք ինչ-որ գրասենյակ, որի վրա գրված էր տուրիստական գործակալություն: Հետո եկավ ղեկավարն ու մեզնից անձնագրեր պահանջեց: Անձնագրեր չունեինք, մյուս աղջիկների մոտ միայն ծննդյան վկայականներ կային: Ասաց, որ դուրս գնանք ու ինչ ուզում ենք անենք, որ դա իրեն չի հետաքրքրում: Մենք չգիտեինք' ինչ անել ու դրսում սպասում էինք: Հետո եկան ոստիկաններն ու մեզ տարան ոստիկանատուն»,-պատմում է Կարինան:

Ոստիկանատանն աղջիկները բացատրականներ են գրել, որից հետո եկել է նույն գրասենյակի ղեկավարը եւ, ոստիկաններին 700 ԱՄՆ դոլար տալով, աղջիկներին տարել ինչ-որ բնակարան, որտեղ նրանք մնացել են 5 օր: Հետո վերադարձրել ծննդյան վկայականներն ու հանձնել նույն մարդուն, ով նրանց Հայաստան էր բերել: Վերջինս էլ նրանց վերադարձրել է Տաշքենդ: Տաշքենդում նրանց դիմավորել է Նաթելլան եւ եւս մի կին:

Աղջիկներից երկուսը հեռացել են Նաթելլայի հետ, իսկ Կարինան վերադարձել է տուն: Մի քանի ամիս անց հիվանդանում է Կարինայի մայրը, եւ նա, ուրիշ ելք չտեսնելով, նորից որոշում է մեկնել Դուբայ: Նատաշան վերցնում է Կարինայի անձնագիրը եւ ասում, որ մի քանի օրից զանգի իրեն: Կարինան նորից փոխում է միտքը եւ որոշում հրաժարվել «ուղեւորությունից»:

Սակայն, երբ զանգում է Նատաշային, վերջինս հայտարարում է, որ հրավերքն արդեն պատրաստ է, եւ նա պարտավոր է մեկնել: Հակառակ դեպքում անձնագիրը կմնա իր մոտ այնքան ժամանակ, մինչեւ Կարինան վերադարձնի հրավերքի վրա ծախսված գումարը: Մարտի 21-ին Կարինան գնում է Նատաշայի բնակարան, որտեղ էլ ծանոթանում է Լոլայի հետ:

Լոլան ու Կարինան գիշերում են Նաթելլայի ծանոթ Մարիայի բնակարանում, ոտեղից առավոտյան նույն Մարիան ու Նաթելլայի դուստր Կատյան աղջիկներին ուղարկում են Ղազախստան: Ղազախաստանում նրանք ինքնաթիռով մեկնում են Օկտաու, այնտեղից' տարանցիկ չվերթով Երեւան:

Երեւանում Լոլային ու Կարինային դիմավորում են Մարիա Խմելյովան ու Սամվել Զաքարյանը' Նշան Զաքարյանի եղբայրը: Մինչ Դուբայ մեկնելը աղջիկները պետք է բնակվեին Նշանի բնակարանում:

«Երբ Նշանի բնակարանում էինք, Նաթելլան պատմում էր, թե ինչքան աղջիկներ է նա ուղարկել Դուբայ, թե ինչքան գումար ու ոսկի են վաստակում նրանք: Կարինային սովորեցնում էր, թե ինչպես պետք է նա իրեն պահի շեյխի մոտ, եւ ընդհանրապես ինչքան լավ է Դուբայում»,-ասում է Լոլան:

Նաթելլան Լոլային ասում է, որ նրան Դուբայ հասցնելու համար ինքը 10 հազար ԱՄՆ դոլար է ծախսել, եւ որ Լոլան պետք է աշխատի ու այդ գումարը վերադարձնի: Ի դեպ, Մարիայի պարտքը կազմում էր 8 հազար, իսկ Կարինայինը' 7 հազար ԱՄՆ դոլար: Հետո տեղեկացնում է, որ Մարիայի հետ տարբեր քաղաքներում են մնալու. Լոլան' Դուբայում, իսկ Մարիան' Բահրեյնում:

Նաթելլան Լոլայի համար տոմս է գնում ու կիրգիզական նոր անձնագրով այն հանձնում Լոլային: Քանի որ Լոլան ընդամենը 25 տարեկան է, իսկ Դուբայ մուտք ունենալ կարող են միայն 30-ն անց կանայք, Նաթելլան նրա համար կեղծ կիրգիզական անձնագիր է պատրաստում, իսկ իսկական անձնագիրը պահում է իր մոտ: Մեկնելու օրն անձնագրում կեղծ կնիք է դնում ու տալիս Լոլային, որ ստորագրի:

Ճանապարհին Նաթելլան Լոլային ու Մարիային բացատրում է, որ ինքնաթիռում կեղծ անձնագրերն ու հրավերքը պետք է պատռեն: Դուբայում կվերցնեն իսկական հրավերքը: Իսկ եթե տոմսերն ուզեն, պետք է ասեին, որ չեն իմացել, որ դրանք պետք էին եւ պատռել են: Աղջիկներն այդպես էլ անում են:

Դուբայում նրանք ստանում են իսկական հրավերքները, սակայն օդանավակայանի ոստիկանները պարզում են, որ Լոլայի անձնագիրը կեղծ է: Այդ 5 օրվա ընթացքում, որ աղջիկներն անց են կացրել Դուբայի օդանավակայանում, բազմիցս զանգել են Նաթելլային եւ պահանջել, որ վերադարձի տոմս գնի:

Սակայն Նաթելլան ոչ միայն հրաժարվում է որեւէ կերպ օգնել աղջիկներին, այլեւ սպառնալով պահանջում, որ նրանք լռեն ու իրավապահ մարմիններին ոչինչ չպատմեն իր ու Նշանի մասին: Մարիան զանգում է Դիլյային: Դիլյան Դուբայում բնակվող իր ծանոթների միջոցով Լոլայի ու Մարիայի համար տոմս է գնում:

«Դա հիմք է տալիս Նաթելլային դատարանում հայտարարելու, որ, քանի որ կազմակերպիչն էր պարտավոր անհաջողության դեպքում մեզ ետ վերադարձնել, ուստի մենք զանգել ենք Դիլյային, իսկ ինքն ընդհանրապես կապ չունի այս պատմության հետ: Բայց հենց նա էր պատասխանատու մեր' Դուբայ հասնելու համար եւ նա պետք է վերադարձի տոմսեր գներ: Իսկ եթե մենք Դիլյային չզանգեինք, ու նա մեզ համար տոմս չգներ, հիմա Դուբայի օդանավակայանում ուղղակի փտել էինք»,-ասում է Մարիան:

Նաթելլա Սաղաթելյանը օգոստոսի 17-ի եւ 18-ի հարցաքննության ժամանակ պատմեց իր պատմությունը, որն էականորեն տարբերվում է նախորդ պատմությունից: Ըստ Նաթելլայի' նա աղջիկներին Դուբայ էր ուղեկցում ոչ թե մարմնավաճառությամբ զբաղվելու, այլ քաղաքով հիանալու:

«Ես նրանց որպես զբոսաշրջիկներ եմ ուղեկցել Դուբայ: Մտքովս անգամ չէր անցնում, թե ինչի համար են մեկնում»,-ասում է Նաթելլա Սաղաթելյանը: Դժվար է պատկերացնել հասուն մի մարդու, որը չպատկերացնի, թե երիտասարդ աղջիկներն այլ պետություններով, կեղծ փաստաթղթերով, ընտանիքից գաղտնի ինչ նպատակով են մեկնում Դուբայ: Չնայած' հարցաքննության ժամանակ դատավորի այն հարցին' արդյոք նա չգիտի՞, թե երիտասարդ կանայք ու աղջիկներն ինչ ճանապարհով են գումար վաստակում Դուբայում, Նաթելլան պատասխանեց, որ հիանալի գիտի դրա մասին, սակայն այն ժամանակ մտքով չէր անցնում: Միայն Լոլային ու Մարիային ձերբակալելուց հետո «նա հասկացավ, որ բարի գործի համար չեն մեկնել Դուբայ»:

Ինչ վերաբերում է կեղծ փաստաթղթերին, ապա Նաթելլան Լոլայի կեղծ անձնագրում կնիք է դրել այն պատճառով, որ Լոլան այդ օրը երկար եղունգներ էր կպցրել ու դժվարանում էր կնիք դնել: Իսկ թե ինչի համար է այդ կեղծ փաստաթուղթը Լոլային հարկավոր Դուբայ հասնելու համար, նա չի էլ հարցրել:

«Իմ գործը չէր, թե նրանք ինչի համար են Դուբայ հասնում, տանից գաղտնի՞ են հեռացել, թե՞ ոչ: Թեպետ, ես հասկացել էի, որ գաղտնի են հեռացել, չնայած ինձ հավատացնում էին, որ ամեն ինչ նորմալ է: Մեզնից յուրաքանչյուրը իր դերն ուներ այս ուղեւորության մեջ: Ես ուղղակի իմ գործն էի անում: Սակայն կեղծ փաստաթղթի առկայությունն ինձ անհանգստացնում էր, քանի որ կարող էին խնդիրներ առաջանալ, ու աղջիկները Դուբայ չմեկնեին: Իսկ Դիլյան ինձ հասանելիք բաժինը պետք է տար միայն այն դեպքում, երբ աղջիկներից գոնե որեւէ մեկը Դուբայ հասներ»,-ասում է Ն. Սաղաթելյանը:

Դրա համար Լոլայի ու Մարիայի ձերբակալությունից հետո Նաթելլան Նշանի հետ մեկնում է Վրաստան' դիմավորելու Նիգինաբոնս Մաջիդովային: Նշանի բնակարանում մի քանի ժամ նրան պահելուց հետո ուղարկում են Դուբայ: Սակայն ձերբակալության պատճառով իր հասանելիք գումարը Նաթելլան Դիլյայից այդպես էլ չի հասցնում ստանալ:

Նաթելլան Դիլյային վաղուց է ճանաչում եւ քանի որ նրանից բազմիցս գումար է խնդրել Ուզբեկստանից հեռանալու համար, Դիլյան առաջարկել է մի քանի զբոսաշրջիկների Դուբայ ուղեկցել, որից հետո նա էլ կստանա Դուբայ մեկնելու իր տոմսն ու հրավերքը: Նաթելլան Դուբայ էր գնում մասնագիտությամբ աշխատելու. նա բուժքույր է:

Դուբայում ծանոթ բժշկից' Վադլերից ճշտել է, թե արդյոք կարող է նա Դուբայում բուժքույր աշխատել: Բժշկից դրական պատասխան ստանալուց հետո իր վաղեմի բարեկամ Նշանից խնդրել է տեղեկանալ, թե արդյոք այլազգի զբոսաշրջիկներ տոմսի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կարո՞ղ են Դուբայ մեկնել: Նշանից էլ դրական պատասխան ստանալուց հետո համաձայնվում է կատարել Դիլյայի խնդրանք-առաջադրանքը:

Իսկ Դուբայից ու Դիլյայից մի քանի անգամ գումար ստանալու փաստը մեկնաբանեց այսպես. «800 ԱՄՆ դոլար ստացել եմ Դուբայից, ոմն Ջամալ Գուզարովի անունից, ամսի 23-ին էլ 200 ԱՄՆ դոլար է եկել Կլարիսա Իվանովնայից, իսկ Դիլյայից էլ 350 ԱՄՆ դոլար եմ վերցրել Մարինայի ու իմ Երեւան հասնելու համար: Դիլյայից ստացել եմ եւս 200 ԱՄՆ դոլար, բայց այդ գումարը Մարիային եմ տվել: Ուրիշ գումար չեմ ստացել: Ինչ փող էլ որ վերցրել եմ, աղջիկների Դուբայ հասնելու վրա եմ ծախսել»:

Ի դեպ, Նաթելլա Սաղաթելյանը դատավորին փորձեց ապացուցել նաեւ, որ Դիլյայի ուղարկած 200 ԱՄՆ դոլարը Մարիա Խմելյովային է հանձնել, քանի որ հենց Մարիան է կավատը:

«Աղջիկները դատարանում ցուցմունքի ժամանակ պնդում էին, թե ես իբր ասել եմ, որ իմ միջնորդներին յուրաքանչյուր աղջկա համար 200 ԱՄՆ դոլար եմ վճարում: Այո, Դիլյան այդ գումարը ուղարկել է Մարիայի համար, եւ հենց դա էլ ապացուցում է, որ Մարիան Լոլային միջնորդելու համար է ստացել վերը նշված 200 ԱՄՆ դոլարը: Բացի այդ, երբ Լոլային Դուբայի օդանավակայանում ձերբակալեցին, Մարիան չմեկնեց Բահրեյն' չնայած որ իր փաստաթղթերը նորմալ էին, եւ նա հանգիստ կարող էր մեկնել: Նա մնաց Լոլայի հետ, քանի որ առանց Լոլայի իր մեկնելն իզուր կլիներ»,- ասում է Ն. Սաղաթելյանը:

Իսկ դատավորի հարցին, թե նախնական ցուցմունքների ժամանակ Նաթելլան իրեն մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքի միայն մի մասով' ՀՀ Քր.օր-ի 325 հոդվածով, այն է' կեղծ փաստաթղթերի օգտագործում, իսկ հիմա պնդում է, որ կեղծ փաստաթղթեր չի պատրաստել եւ ընդհանրապես չի իմացել դրանց մասին, Նաթելլան պատասխանեց, որ չի ժխտում եւ իրեն մեղավոր է ճանաչում միայն այն բանի համար, որ վերջում' Լոլայի ու Մարիայի ձերբակալման օրը, երբ կռահեց, թե ինչի համար են մեկնում եւ ինչի համար են կեղծ փաստաթղթերը, ոչինչ չարեց գործընթացը կանխելու համար:

Սակայն դա էլ պատճառ ունի. «Ես ֆինանսական շատ վատ վիճակում էի: Ինձ գումար էր հարկավոր ընտանիքս պահելու համար: Ուստի, ես պատրաստ էի ամեն ինչի, միայն թե Դուբայ հասնեմ ու աշխատեմ»:

Օգոստոսի 25-ի դատական նիստի ժամանակ հարցաքննվեցին ամբաստանյալներ Նշան Զաքարյանն ու Հովսեփ Անանյանը: Նրանցից յուրաքանչյուրն իր առաքելությունն է ունեցել այս գործում: Հենց Նշան Զաքարյանին է Նաթելլան խնդրել օդանավակայանում ծանոթ գտնել, որի միջոցով հնարավոր լինի փոխանակել Լոլայի փաստաթղթերը:

Լոլան օդանավակայանում իր իսկական ուզբեկական անձնագրով է անցել ստուգման կետը, բայց Դուբայի օդանավակայան պետք է մտներ կեղծ կիրգիզական անձնագրով, որտեղ նրա տարիքը 31 էր նշված: Նշան Զաքարյանն էլ խնդրել էր իր զոհված եղբոր ընկերոջը' Հովսեփ Անանյանին:

Վերջինս էլ օդանավակայանում ստուգման կետն անցնելուց հետո Մարիային ու Լոլային է հանձնել Նշանից վերցրած ծրարը, աղջիկներից էլ վերցրել մեկ ուրիշ ծրար, որտեղ եղել է Լոլայի իսկական անձնագիրը, եւ փոխանցել Նշանին: Նշանն էլ իր հերթին ծրարը տվել է Նաթելլային: Հարցաքննության ամբողջ ընթացքում եւ՛ Նշան Զաքարյանը, եւ՛ Հովսեփ Անանյանը հերքում էին այն փաստը, որ իմացել են ծրարի պարունակության մասին:

«Ես չեմ հետաքրքրվել, թե ինչ է ծրարում: Ինձնից հասնում էր ծրարը տալ աղջիկներին ու վերջ: Ես գիտեի, որ դա արգելված է, բայց ընկերոջս մերժել չէի կարող: Վստահ եմ, որ Նշանն էլ չի իմացել, որ կեղծ փաստաթուղթ է ծրարում, հակառակ դեպքում նա չէր խնդրի ինձ դիմել այդ վտանգավոր քայլին»,- ասում է Հովսեփ Անանյանը:

Աղջիկները պնդում են, որ անձնագրերը ծրարի մեջ չեն եղել, եւ Նշանն ու Հովսեփը քաջ տեղյակ են եղել, թե ինչ են փոխանցում: Ն. Զաքարյանն ու Հ. Անանյանն էլ պնդում են, որ փաստաթղթերը փակ ծրարում են եղել, եւ դա կարող են հաստատել նաեւ անվտանգության աշխատակիցները, որոնք էլ բացել են ծրարը ամբաստանյալների ներկայությամբ' ցույց տալու պարունակությունը:

Իսկ այն հարցին, թե երբ դեռեւս բնակարանում Նաթելլան խնդրեց մարդ գտնել օդանավակայանում ծրարը Լոլային փոխանցելու համար, ինչու՞ Նշանը չհարցրեց, թե ինչու Լոլան, որը նույն սենյակում է նստած, չի վերցնում այդ փաստաթուղթն իր հետ, եւ արդյոք դա կասկած չառաջացրե՞ց նրա մոտ, Զաքարյանը պատասխանեց, թե մտքով չի անցել, վատ բան չի մտածել, եւ որ Նաթելլան ոչ մի քայլ չէր անի, որն իր համար վտանգավոր կլիներ: Ի դեպ, հետո ավելացրեց, որ իրեն դատում են մարդկային լինելու համար, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

«Իմ միակ մեղքն այն է, որ չեմ հարցրել մանրամասներ, քանի որ վստահել եմ: Սակայն ես ուղղակի իմ խոսքի տերն եմ եղել: Ոչ մի հարցում Նաթելլային մերժել չեմ կարող»,- ասում է Նշան Զաքարյանը:

Սեպտեմբերի 22-ին դատավոր Իսկուհի Վարդանյանը հրապարակեց վճիռը: Նաթելլա Սաղաթելյանը դատապարտվեց ազատազրկման 5 տարի ժամկետով: Սահմանված պատիժը նա պետք է կրի Հայաստանում' պատժի սկիզբ հաշվելով ձերբակալման օրը' 2005թ. մարտի 30-ը:

Նշան Զաքարյանը դատապարտվեց 3 տարվա պայմանական ազատազրկման: Նրա վարքի նկատմամբ հետագա հսկողությունը թողնվեց ՀՀ ոստիկանության վրա:

Հովսեփ Անանյանը ճանաչվեց մեղավոր ՀՀ Քրեական օրենսգրքի 38, 325 հոդվածի 1-ին մասով. նրա նկատմամբ կիրառվեց դրամական տուգանք' 250 հազար դրամի չափով:

Վերջին երկու տարում սա երկրորդ դեպքն է, երբ կիրառվում է ՀՀ Քրեական օրենսգրքի թրաֆիքինգի մասին հոդվածը: Հետաքրքիր զուգադիպությամբ' երկու գործերն էլ վերաբերում են այլ երկրի քաղաքացիների, որոնք Հայաստանով կանայք են ուղարկում Դուբայ եւ արաբական այլ երկրներ: Արդյոք սա չի՞ վկայում, որ Հայաստանը դառնում է թրաֆիքինգի տարանցիկ երկիր:

Մեկնաբանություններ (1)

andranik
Dubai kyanken lrev sute. Serele khapvac hay aghjekner, chvakhenak yrbek. yes orenken shat lav getem havatacek ents yev harcrek voryve eravabanec. Ovker vor erok khapvacen sut khostumnerov yev sut ashkhatankov karoghen eranc pashpanel yev voj me orenk che datapartelu erenc, ays orenken bolor yrkernerumel nuynne. Ayd mamarozanere surje mej kam hyute mej knelu degh acek, yrb nrank knecen duk tser passporten yev gumaren vercrek yev pakhchek depe Hayastan, sa amenec lav tarberakne azatvelu hamar ayd anasunere tserkec, mek vakhena kaj yghek yev heshek Astcun, yes vstaem vor duk kazatvek ayd tagardec. Uresh tarberak chunek yte uzumek Hayrenek veradarnak tser yrekhanere yev untaneke mot. Khndrumem kaj yghek chvakhenak, Astvac tsez pahapan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter