HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինչ հիմքով են պարտադիր զինծառայությունից ազատվել նախագահ Արմեն Սարգսյանի որդիները

Հայաստանի չորրորդ նախագահ, Միացյալ Թագավորությունում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի երկու որդիներն էլ ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից: «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան` պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նախագահի կրտսեր որդին` 34-ամյա Հայկ Սարգսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն հրաժարվել են  ազատման հիմքը տրամադրելուց՝ որակելով որպես անձնական տվյալ:

«Հետք»-ին, սակայն, հայտնի է դարձել, որ Հայկ Սարգսյանը բանակ չի զորակոչվել գիտական աստիճան ունենալու հիմքով: Մեր տեղեկությունները ճշտելու համար դիմել էինք նախագահի աշխատակազմ: «Հաստատում ենք, որ «Հետք»-ին հայտնի դարձած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը»,- ասված է նախագահի աշխատակազմից ստացված հարցման պատասխանում:

Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի ավագ որդուն՝ 37-ամյա Վարդան Սարգսյանին, ապա հաշվառման հասցեն մեզ անհայտ լինելու պատճառով ՊՆ-ից չենք կարողացել հստակեցնել վերջինիս ծառայության կամ ազատման մասին տեղեկությունը: «Հետք»-ն ավելի վաղ գրել էր, որ Վարդան Սարգսյանը ընտրողների ռեգիստրում գրանցված չէ, գրանցված է բնակչության պետական ռեգիստրում՝ օտարերկրյա պետության բնակության հասցեով: «Հետք»-ին հայտնի էր դարձել, որ Վարդան Սագսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ ՀՀ քաղաքացի չլինելու հիմքով: Ոստիկանությունից, սակայն, հրաժարվել են տեղեկություն տրամադրելուց, թե Արմեն Սարգսյանի որդիները քանի տարի ՀՀ քաղաքացիություն չեն ունեցել:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, դրանց քննարկման ընթացքի, անձի քաղաքացիության վերաբերյալ տվյալները ֆիզիկական անձանց, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օտարերկրյա պետություններին կարող են փոխանցվել կամ տրամադրվել միայն դիմումատուի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձի համաձայնությամբ կամ օրենքով, կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում»,- ասված է ոստիկանության պատասխանում:

Այսպիսով, Հայկ Սարգսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից ակադեմիական տարկետման հիմքով, Վարդան Սարգսյանը՝ ՀՀ քաղաքացի չլինելու հիմքով: Այժմ Արմեն Սարգսյանի որդիները երկքաղաքացի են՝ ունեն և՛ ՀՀ, և՛ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն:

Կառավարության անդամների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի մասին կարող եք կարդալ այստեղ:

Լուսանկարը՝ Dailymail.co.uk-ից. լուսանկարում՝ ձախից՝ Հայկ Սարգսյանը, աջից՝ Վարդան Սարգսյանը

Մեկնաբանություններ (2)

Ավետիք
Լավ էլի .
Լիլիթ Մարգարյան
Կամ գործ ունենք համատարած հիվանդ սերնդի հետ, կամ՝ հանճարների , բայց համոզված եմ, որ չնչին բացառությամբ, բոլորն էլ զորակոչի ենթակա են:Ինչ վերաբերում է ակադեմիական տարկետմանը՝ դա մեծ թյուրիմացություն է և փախուստի օրինականացված ձև: Կյանքն ու հայրենիքը մեկն են ԲՈԼՈՐԻ համար, հատկապես, եթե սպսռնալիքներն այսքան շատ են, իսկ ելակետային հնարավորությունները՝ անհավասար, եթե կոռուպցիան ծաղկել է ու դեռ կա....տերովին տերն է տարել....ընդամենը....չծառայածների այս ամբոխը լիարժեք իշխանություն լինել չի կարող....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter