Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Չէի ուզում մի բաժակ օղու համար ինստիտուտից հեռացվել»,- ասում է կուրսանտի սպանության գործով ամբաստանյալը



Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալ Մովսես Ազարյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում էական հակասություն կա՝ կապված դեպքի օրն ալկոհոլ օգտագործել-չօգտագործելու հանգամանքի հետ: Մասնավորապես՝ նախաքննական ցուցմունքներից մեկում Ազարյանը հերքել է դեպքի գիշերն իր կողմից ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, մինչդեռ դատարանում նշել է, թե այդ օրը մի քանի այլ կուրսանտի հետ հացկերույթ են ունեցել, նշել բանակի օրն ու կուրսանտ Վաչե Սահակյանի ծննդյան օրը, ով նույնպես սպանության գործով ամբաստանյալ է:

Նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում առկա հակասության պատճառը բացատրելիս Ազարյանը նշեց, որ ճշմարիտը դատարանում տված ցուցմունքն է:

«Չէի ուզում մի բաժակ օղու համար ինստիտուտից հեռացվել»,- ասաց Ազարյանը՝ ըստ էության ընդունելով, որ նախաքննության ընթացքում ալկոհոլ օգտագործելու վերաբերյալ ոչ ճշմարիտ ցուցմունք է տվել:

Նշենք, որ Ազարյանի խոսքով՝ ինքն ու իր հետ եղած կուրսանտները քիչ քանակությամբ օղի են  խմել:

Այսպիսով, գործով ամբաստանյալների հարցաքննությունն ավարտվեց:

Նշենք, որ ավելի վաղ ցուցմունք են տվել նաև գործով վկաներն ու տուժողները: Դատակոչված վկաներից երկուսին, սակայն, դատարանը հարցաքննելու հնարավորություն չի ունեցել: Նրանցից Սամվել Սերոբյանը գործի համար առանցքային նշանակություն ունեցող ցուցմունքներ է տվել: Վերջինս նախաքննության ընթացքում 12 անգամ հարցաքննվել է, սակայն դատարան ներկայացել է միայն մեկ անգամ ու հայտնել, որ իրեն լավ չի զգում, ինչի պատճառով հարցաքննությունը տեղի չի ունեցել: Սերոբյանը, ըստ ծնողի կողմից ավելի վաղ ստացված գրության, Հայաստանի սահմաններից դուրս է գտնվում:

Այսօրվա դատական նիստի առանցքում դարձյալ ամբաստանյալների և գործով անցնող վկաների ու տուժողների նկատմամբ ենթադրյալ ճնշումներ գործադրելու հարցն էր: Ամբաստանյալները բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ դեպքից հետո ռազմական ինստիտուտում գտնվելու ընթացքում հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների են ենթարկվել: Իրենց դեմ տրված ցուցմունքները նույնպես համարում են ճնշումների հետևանք: Դատարանը մի քանի անգամ առաջ է քաշել ենթադրյալ խոշտանգումների վերաբերյալ գլխավոր դատախազությանը դիմելու ու այս առնչությամբ քննություն սկսելու հարցը, սակայն ամբաստանյալներն ու վերջիններիս պաշտպանները մշտապես խուսափել են այս հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնել:

Այսօրվա դատական նիստին ևս այս հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշումներ չհնչեցին, ու որոշում չկայացվեց: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը դատարանում ցուցմունք տվող Ազարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վերջինս նախաքննության ընթացքում չի բարձրաձայնել իր նկատմամբ ճնշումների մասին, ինչին ի պատախսան Ազարյանն ասաց, թե այն ժամանակ որևէ մեկին հետաքրքիր չէին այդ հանգամանքները:

Այսօրվա նիստին ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդեց, որպեսզի դատարանը պահանջի ամբաստանյալների հագուստներն ու հնարավոր լինի դրանք զննել ու տեսնել՝ արդյոք դրանց վրա արյան հետքեր կան: Մովսես Ազարյանն, օրինակ, պնդում է, որ իր հագուստ վրա հետքեր եղել են: Ըստ Հովիկ Արսենյանի՝ հագուստների վրա արյան առկայությունը կարող է խոսել ամբաստանյալներին ֆիզիկական բռնության ենթարկելու մասին:

Դատարանը, սակայն նկատեց, որ ամբաստանյալների հագուստներն իրեղեն ապացույց չեն ճանաչվել: Դատավոր Դավիթ Հարությունյանը մեղադրող դատախազ Կարեն Հարությունյանին խնդրեց ճշտել՝ հագուստները վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ են, թե ոչ ու միջնորդության վերաբերյալ վերջնական որոշում այս պահին չկայացրեց:

Այսօրվա նիստն ավարտվեց, և հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակից: 

Լուսանկարում` Մովսես Ազարյանը


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ