Շաբաթ, 22 սեպտեմբերի

Քրեակատարողական հիմնարկը ցմահ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դրական եզրակացություն է տվել



Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ օրեր առաջ դրական եզրակացություն է տվել: Այս մասին «Հետք»-ին ասաց Օգանեսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Դատապարտյալ Կարեն Վալերիի Օգանեսյանը պատժի կրման ընթացքում դրսևորել է դրական վարքագիծ և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, դատապարտյալը կանգնել է ուղղման ճանապարհին, ուստի վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար է»,- գրված է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական և իրավական աջակցության բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Պետրոսյանի կողմից ստորագրված եզրակացության մեջ:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից մեզ հայտնեցին, որ ցմահ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը քննելու և որոշում կայացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն արդեն իսկ ներկայացվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Սա հազվադեպ երևույթ է. թեև Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավակարգավորումը առկա է, տարիներ շարունակ ցմահներն ազատ չեն արձակվել:

«Եթե չեմ սխալվում, մեկ կամ երկու այդպիսի դեպք է գրանցվել Հայաստանում, և եթե ուսումնասիրենք այդ գործերի առանձնահատկությունները, ապա կտեսնենք, որ ազատ արձակված անձանց մոտ առկա է եղել կյանքին սպառնացող վտանգ: 3 տարի առաջ դատարանի որոշմամբ ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանն ազատ արձակվեց, բայց չհասցրեց վայելել ազատության բերկրանքը, նույնիսկ իր բնակարան չհասցրեց գնալ, այլ մահացավ հենց հիվանդանոցում»,- հիշեց փաստաբանն ու ընդգծեց, որ մինչև այժմ պետությունը խուսափում է ցմահ դատապարտյալներին կյանք վերադառնալու հնարավորություն տալ:

Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունները կարծես թե հասել են քրեակատարողական հիմնարկ»,- ասում է Միհրան Պողոսյանն ու դիրքորոշում հայտնում, որ դատարանները ևս պիտի վեր կանգնեն ցմահների ազատ չարձակելու՝ մինչև այժմ եղած սովորույթից ու համապատասխան պայմանների առկայության դեպքում նրանց պայմանական ազատ արձակելու որոշում կայացնեն:

Կարեն Օգանեսյանի ցմահ ազատազրկման պատմությունը

Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ-ում՝ 22 տարեկանում: Փաստաբան Միհրան Պողոսյանը գրեթե վստահ է, որ նկատի ունենալով Հայաստանի պատժողական քաղաքականությունը՝ Օգանեսյանն իրեն վերագրվող արարքի համար Հայաստանում ցմահ չէր դատապարտվի:

Օգանեսյանը հանդիսացել է Հայաստանի քաղաքացի, 1990-ականներին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ՝ մշտական բնակության: Նրա վերաբերյալ դատավճռում գրված է այն մասին, որ Օգանեսյանն ԱՄՆ-ում հաղթահարել է լեզվական արգելքը, ավարտել Ջոն Մարշալի միջնակարգ դպրոցը, սովորել ավագ դպրոցում, ավարտել Կալիֆոռնիայի պետական Northtidgh-ի համալսարանն ու աշխատել, մասնակցել տարբեր դասընթացների ու մշտապես բնութագրվել դրականորեն:

Դատապարտյալին վերագրված է երկու անձի սպանություն: Փաստաբանի խոսքով՝ Օգանեսյանն աշխատելիս է եղել անվտանգության համակարգեր տեղադրող ընկերությունում, և իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում նրան թույլատրված է եղել օրինական զենք կրել՝ իր անձնական պաշտպանության համար:

Ըստ դատավճռի՝ 1996 թվականի հունիսի 1-ի երեկոյան աշխատանքն ավատելուց հետո Օգանեսյանն ընկերոջ հետ մեքենայով գնացել է ընկերուհու տուն: Դեպքի վայրի տարածքում Օգանեսյանը, ընկերը՝ Պիտեր Կրբաշյանն ու ընկերուհին` Վիկտորիա Մենդոզան, զրուցելիս են եղել, երբ նույն փողոցով դեպի ներքև գնացող  բեռնատար մի մեքենա հանկարծակի շրջվել է և շարժվել իրենց ուղղությամբ: Մեքենան կայանվել է, այնտեղից դուրս է եկել վարորդը, ով, ինչպես հետագայում պարզվել է, եղել է Գվադելուպե Հերնանդեսը: Վերջինս բարձր գոռալով «սպիտակ ցանկապատ», ինչը լատինամերիկյան հանցավոր խմբավորման անվանում է, մոտեցել է երեք ընկերներին: Կարեն Օգանեսյանի ընկերը՝ Պիտեր Կրբաշյանը, ի պատասխան տվել է հայկական հանցավոր խմբի անվանումը՝ «Հայկական ուժ»: Այդ ժամանակ մեքենայից դուրս է եկել նաև բեռնատարի ուղևորը՝ Վիկտոր անունով, ով, ինչպես հետագայում պարզվել է, եղել է Գվադելուպե Հերնանդեսի հարազատ եղբայրը:

Փաստաբան Պողոսյանը մեզ տրամադրել է Կարեն Օգանեսյանի վերաբերյալ դատավճիռը, որում վճիռ կայացրած ԱՄՆ-ի դատարանն արձանագրել է, որ տվյալ ժամանակահատվածում Կարեն Օգանեսյանը, մեջքով կանգնած դեպի ընկերն ու Հերնանդես եղբայրները, զրուցելիս է եղել Վիկտորիա Մենդոզայի հետ և ուշադրություն չի դարձրել նրանց կռվին, երբ հանկարծակի Հերնանդես եղբայրների և Օգանեսյանի ընկերոջ միջև ծեծկռտուք է սկսվել, իսկ վայրկյաններ անց` մի կրակոց լսվել:

«Օգանեսյանը շրջվել է, տեսել, որ ընկերն ընկած է, երեսին արյուն կա, և հասկանալով, որ ընկերոջ երեսին կրակել են, վազել է դեպի խումբը, հանել իր ատրճանակն ու կրակել Հերնանդես եղբայրների վրա՝ սպանելով նրանց երկուսին էլ»,- ասված է դատավճռում:

Կրբաշյանն իրականում սպանված չի եղել. ինչպես դատավճռում է ասված, նրա քթին հարվածել ու գցել են գետնին, բայց չեն կրակել:

Սակայն, ըստ փաստաբանի՝ Կարեն Օգանեսյանի տպավորությունը, որ ընկերոջը սպանել են, եղել է իրական:

«Ընկերն ընկած է եղել գետնին, դեմքին արյուն է եղել, հնչել է կրակոցի ձայն»,- դատավճռով փաստական տվյալներն է մեջբերում փաստաբանը:

Թե տարածքում ինչ կրակոց է հնչել, դատավճռում հստակ նշված չէ: Ասված է միայն, որ փողոցով անցնելիս է եղել երրորդ անձ՝ ձեռքին ատրճանակ, և որ այդ անձը կարող էր լինել «սպիտակ ցանկապատ» խմբի անդամ կամ մեկ այլ անձ:

Ահա այսպիսի փաստական տվյալների առկայության պայմաններում է, որ Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել: Ըստ Միհրան Պողոսյանի՝ Օգանեսյանի արարքը որակելիս չեն դիտարկվել դրան նախորդած իրադարձությունները, որոնք էական նշանակություն ունեին:

Օգանեսյանն, այնումենայնիվ, ընդունում է հանգամանքը, որ երկու անձի զրկել է կյանքից,  ԱՄՆ-ի կայացրած դատական ակտի հետ որևէ գործընթաց չի իրականացրել: 1996-ից մինչև 2009-ի հոկտեմբեր ամիսը նա պատիժը կրել է ԱՄՆ-ում, իսկ 2009 թվականին տեղափոխվել Հայաստան: Այստեղ նրա արարքը  համապատասխանացվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասին, սակայն պատիժը թողնվել է նույնը՝ ցմահ ազատազրկում:

Կարեն Օգանեսյանի հետագա կյանքն ու դրսևորած վարքագիծը քրեակատարողական հիմնարկում

Միհրան Պողոսյանն ասում է՝ ցմահ ազատազրկման դատապարտված լինելով՝ Կարեն Օգանեսյանը չի կորցրել հասարակություն վերադառնալու ձգտումը:

Օգանեսյանն իր կյանքը քրեակատարողական հիմնարկում ցմահ չի պատկերացնում: Պաշտպանի խոսքով՝ ազատազրկված լինելով՝ նա ընտանիք է կազմել, երեխա ունի, ընտանիքի հետ կայուն կապի մեջ է, տեղափոխվելով Հայաստան՝ Օգանեսյանը  դիմել ու Հայաստանի քաղաքացու անձնագիր է ստացել, նույնականացման քարտ, քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում աշխատել է մասնագիտությամբ, կատարել նաև թարգմանություններ, մասնակցում է ՔԿՀ-ի հանրօգուտ աշխատանքներին, մարզական միջոցառումներին ու զբաղվում է  ինքնակրթությամբ, հանցավոր քրեական ենթամշակույթի տարրերի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի:

Այս ամենը պաշտպանը չի թվարկում սոսկ Օգանեսյանին ընթերցողի աչքում դրականորեն ներկայացնելու համար. քրեական օրենսգիրքը սահմանում է անձի պայմանական վաղաժամկետ ազատման որոշակի պայմաններ, և Օգանեսյանի վերաբերյալ վերը թվարկված հանգամանքներն էական նշանակություն ունեն նրա՝ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելիս. դրանք, ըստ էության, ցուցիչ են այն մասին, որ դատապարտյալն ուղղվել է:

Հատկանշական է, որ Կարեն Օգանեսյանն, ըստ Միհրան Պողոսյանի, անազատության մեջ գտնվելու 23 տարիների ընթացքում երբևէ չի ենթարկվել կարգապահական տույժի:

Ցմահ դատապարտյալները, որպես կանոն, ՔԿՀ տեղափոխվելիս հաշվառվում են իբրև փախուստի հակում ունեցող: Օգանեսյանը ևս, «Նուբարաշեն» տեղափոխվելով, հաշվառվել է որպես այդպիսի հակում ունեցող անձ, սակայն  3 տարի անց ՔԿՀ պետը սեփական նախաձեռնությամբ այդ որոշումն անվավեր է ճանաչել: Ազատազրկման տարիների ընթացքում Օգանեսյանի պատիժը կրելու ռեժիմը կիսաբացի փոխելու որոշում է կայացվել:

Ահա նման հանգամանքների առկայության պայմաններում է, որ քրեակատարողական հիմնարկը ներքին իրավական բացառիկ ակտ է կայացրել  ու ցմահ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դրական եզրակացություն տվել: Միհրան Պողոսյանն արձանագրում է, որ, փաստորեն, որոշումը կայացրել են այն պաշտոնատար անձինք, ովքեր անմիջապես զբաղվում են դատապարտյալի ուղղմամբ, այսինքն՝ այդ պաշտոնատար անձինք համարում են, որ այս անձի հետ այլևս անելիք չունեն:

Կարեն Օգանեսյանը միայն մեկ անգամ է դատական կարգով իրավական պաշտպանության դիմել

Դատապարտված լինելու ընթացքում Կարեն Օգանեսյանը միայն մեկ անգամ է դիմել իրավական պաշտպանության, սակայն ոչ պայմանական վաղաժամկետ ազատման հարցով: 2011 թվականին, երբ Օգանեսյանն արդեն Հայաստանում էր պատիժը կրում, Քրեական օրենսգրքի փոփոխություններ են եղել: Եթե նախկին օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում էր պատիժ  8-15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ, ապա Քրեական օրենսգրքի փոփոխություններով այդ հոդվածի համար նախատեսված պատիժը դարձավ 12-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում:

Կարեն  Օգանեսյանն առանց պաշտպանի, միայնակ դիմել է  դատարան ու խնդրել վերանայել իր գործը: Դատապարտյալը խնդրել է քննության առարկա դարձնել այն հանգամանքը, որ գուցե իրեն վերագրվող արարքի դեպքում պետության համար ընդունելի լիներ մինչև 20 տարվա, այլ ոչ թե ցմահ ազատազրկումը: Դատարանը, սակայն, վարույթ չի ընդունել Օգանեսյանի դիմումն ու նշել` քանի որ 104-րդ հոդվածի համար նախատեսված պատժի և՛ վերին, և՛ ներքին շեմը բարձրացվել է, հետևաբար տեղի է ունեցել խստացում. տվյալ օրենքի փոփոխությունը մեղմացնող չէ, և հետադարձ ուժ ունենալ չի կարող: Օգանեսյանն այս դատական ակտի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, սակայն փաստաբան Պողոսյանի կարծիքով՝ այս հարցով կարելի էր դիմել Սահմանադրական դատարան` հասկանալու համար օրենքի փոփոխությունը մեղմացնող է, թե՞ ոչ, և, հետևաբար, հետադարձ ուժ կարող է ունենալ, թե ոչ:

«Ըստ էության, եթե օրենքի տառին նայենք, ապա այո, պետությունը գնացել է նրան, որ որակյալ հատկանիշներով սպանության համար պատիժը խստացվել է, սակայն եթե համադրում ենք կոնկրետ դեպքերի հետ, ապա ստացվում է, որ անձինք ավելի մեղմ պատիժ ստանալու հնարավորությունից, քան ցմահ ազատազրկումն է, զրկվել են»,- նկատում է Միհրան Պողոսյանը:

Եթե ոչ Կարեն Օգանեսյանն, ապա ո՞վ

Առաջիկայում Կարեն Օգանեսյանի գործը պետք է քննվի դատարանում: Նշենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձին 20 տարի պատիժ կրելուց հետո իրավունք է տրվում, որպեսզի իր վերաբերյալ գործը ներկայացվի դատարան, և դատարանը որոշում կայացնի, թե արդյոք այս ժամանակահատվածում մարդն ամբողջությամբ ուղղվե՞լ է, պատիժը հասե՞լ է իր նպատակին, արդյոք սոցիալական արդարությունը վերականգնվե՞լ է, և այս պայմանների առկայության դեպքում դատարանն իրավունք  ունի անձին պայմանական վաղաժամկետ ազատ արձակել:

«Դատավորի համար էլ դժվար է լինելու. պետության քաղաքականությունը մինչ այս եղել է ցմահներին ազատ չարձակելը: Սակայն պետությունը պետք է ցույց տա, որ ինքն էլ իր ֆունկցիան է կատարել. դատապարտյալին ուղղել է, պատրաստել որպեսզի վերջինս ինտեգրվի հասարակությանը»,- ասում է Պողոսյանն ու հավելում, որ եթե դատարանը քրեակատարողական հիմնարկի կողմից տրված եզրակացությանը հակառակ որոշում կայացնի ապա շատ լուրջ հիմնավորումներ պետք է ներկայացնի դրա համար: Հակառակ դեպքում, ըստ Պողոսյանի, այս անձանց իրավունքները խախտվում են, նրանք զրկվում են կյանք վերադառնալու հույսից, պատիժը դառնում է ինքնանպատակ, իսկ պատիժն ինքնանպատակ լինել չի կարող:

«Անձին իր հակաիրավական վարքագծի համար դատապարտելուց հետո պետությունն այդ անձից «ձեռքերը չի լվանում», այլ պատասխանատվություն է ստանձնում, որպեսզի այդ անձն ուղղվի, սոցիալական արդարությունը վերականգնվի և նոր հանցագործությունները կանխարգելվեն: Այսինքն՝ ոչ թե պետությունը տվյալ անձին ազատազրկում է ցմահ, այլ  որոշակի ժամանակահատվածում իր վրա պարտականություն է վերցնում այդ անձին ուղղելու»,- ասում է Միհրան Պողոսյանը:

Փաստաբանն ընդգծեց, որ Հայաստանում 104 ցմահ դատապարտյալ կա, և նրանց ազատ արձակման վերաբերյալ  քրեակատարողական հիմնարկը մշտապես նշել է, թե այդ անձինք չեն ուղղվել: Այս պարագայում ինչո՞վ է զբաղված եղել պետությունը, որո՞նք են այն փաստերը, որ վկայում են` տվյալ անձը չի ուղղվել. եթե իրականում չի ուղղվել, ապա պետությունն ի՞նչ լրացուցիչ միջոցներ պիտի ձեռնարկի տվյալ անձին ուղղելու համար. սրանք հարցեր են, որոնք բարձրացնում է փաստաբանը:

Պողոսյանը կարծում է, որ եթե Կարեն Օգանեսյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի, ապա դա այլ դատապարտյալների համար կլինի ուղենիշ. նրանք կոնկրետ օրինակով կտեսնեն, թե ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորել, որպեսզի պետությունը բարեհաճ վերաբերմունք ցուցաբերի նաև նրանց նկատմամբ:

«Եթե Կարեն Օգանեսյանը չէ, ապա ո՞վ կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել. սահմանե՛ք այդ ուղենիշը, որպեսզի ցմահ դատապարտյալը նպատակ ունենա... երբ պետությունը տարիներ շարունակ չի իրականացնում ազատ արձակման հետ կապված իր ֆունկցիան, ցմահ դատապարտյալը հայտնվում է անհույս դատապարտյալի կարգավիճակում»,- կարծիք հայտնեց Պողոսյանն ու նշեց, որ Եթե Օգանեսյանին, ով նման վարքագիծ է դրսևորել, պետությունը չթույլատրի պայմանական վաղաժամկետ ազատվել, ապա իր կողքին գտնվող դատապարտյալը ցանկություն չի ունենա օրինական վարքագիծ դրսևորելու:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վեհարի08:33 - 5 սեպտեմբերի, 2018
Ասում եք ,,Ո՞վ կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել,,: Բանտերըը լցված են թեթև զանցանքի տեր կամ ընդհանրապես հանցանք չգործած անմեղներով, իսկ մեծագույն հանցանքների դիմաց պատասխանատվության ենթարկվելուց ցմահ ազատված են ցեղասպան նախագահները, բարձր իշխանավորները .....:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ