ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Արմավիրցի ուսանողներն ու Արմավիր-Երևան երթուղու վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում



Կառավարության շենքի դիմաց առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդներն ու Արմավիրի մարզի մի շարք համայնքների ուսանողներ։

Բողոքի ակցիային մասնակցող վարորդներն ու ընկերության տնօրինությունը կառավարությունից պահանջում էին կարգավորել Արմավիր-Երևան ուղղությամբ ուղևորափոխադրումների պայմանները, միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս ուղղությունը սպասարկի միայն «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը, ինչպես արձանագրվել է մրցույթում։

Իսկ ուսանողները գործադիրից պահանջում էին վերականգնել իրենց տրամադրվող ուսանողական ավտոբուսների սպասարկումը, որը սեպտեմբերի 1-ից դադարեցվել է՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության բողոքների հիման վրա։

Ակնալիճ համայնքի ուսանողները «Հետք»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ուսանողական ավտոբուսները իրենց հարմար էին. կարողանում էին պատշաճ ձևով Երևան հասնել, եթե անգամ մի քանի րոպե ուշանում էին ավտոբուսից, վարորդը սպասում էր իրենց, նոր տեղաշարժվում։ Ուսանողների փոխանցմամբ՝ այս պարագայում, երբ ուսանողական ավտոբուսների շահագործումը դադարեցվել է, երթուղայինները ուղևորներով լիքն են լինում, հաճախ չեն կանգնում, դրանցում ազատ տեղ չի լինում։ Բացի այդ, այդ երթուղայիններով համալսարաններ հասնելու համար իրենք պետք է վճարեն, մինչդեռ ուսանողական ավտոբուսների համար համայնքապետարանը վճարում էր իր միջոցներից և իրենց հասցնում մինչ համալսարան։

Համայնքի ուսանողներից Աղավնի Շահումյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ կառավարությունից խնդրում և պահանջում են վերականգնել ուսանողական անվճար ավտոբուսները, որոնք իրենց գյուղից տեղափոխել են համալսարան և հետ բերել գյուղ:

«Հիմա թույլ չեն տալիս, որ ուսանողականները ուսանողներին շրջաններից բերեն, հասցնեն համալսարաններ, քանի որ գազելների վարորդները բողոքել են իրենց գծի համար։ Հիմա մեր խնդրանքն է, որ թույլ տան մենք մեր ուսանողականները նորից ունենանք։ Խնդիր ունենք գնալու-գալու, ժամերի հետ կապված։ Այս տրանսպորտը անհարմար է, ուրիշ ժամերով է աշխատում, միշտ ուշացած ենք գալիս ու տեղ էլ չի լինում գալու համար», - ասաց Աղավնին։

«Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ներկայացուցիչ և փաստաբան Գուրգեն Գրիգորյանը «Հետք»-ին հայտնեց, որ ընկերության վարորդները չեն կարողանում աշխատել, քանի որ այս ուղղությունը սպասարկում են նաև ապօրինի շատ ավտոբուսներ: Ասում է՝ ուսանողները պետք է ոչ թե կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնեն, այլ պետք է տեր կանգնեն իրենց միջոցներին։ Նրա փոխանցմամբ՝ պետական բյուջեից գումարներ են դուրս գրվել, որով ուսանողներին պետք է անվճար տեղափոխեին Երևան, սակայն վարորդները ուսանողներից գումարներ են վերցրել։ Նրա հաղորդմամբ՝ որոշ համայնքներում նման չարաշահումների փաստով քրեական գործեր կան հարուցված: 

«Բարեգործության անվան տակ պետական բյուջեից գումարները վերցրել են, պայմանագիր են կնքել վարորդի հետ, սակայն վարորդներն էլ գումար են հավաքել երեխաներից», - նշեց Գուրգեն Գրիգորյանը։

«Գալակտիկա տրանս սերվիս»-ի հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանի փոխանցմամբ՝ այս ուղղությունն արդեն 60 տարի իրենք են սպասարկում։ Այժմ ունեն 22 միկրոավտոբուս և 4 ավտոբուս։ Ասում է՝ ըստ հաղթած մրցույթի՝ այս երթուղին պետք է միայն իրենք սպասարկեին, սակայն արդեն տևական ժամանակ է՝ Կենտրոնական ավտոկայանի կողքին «Բոգո» անվանումով մեկը անօրինական ավտոկայան է ստեղծել և մոտ տասնյակ ավտոմեքենաներով այս ուղղությամբ ուղևորափոխադրում է իրականացնում:

 «Ամեն օր երկու-երեք ավտո ավելանում է։ Ավելանում են ռուսական համարներով, վրացական, սպիտակ, դեղին համարանիշերով ավտոմեքենաներ։ Դրանց ծագումնաբանությունը չգիտենք՝ որտեղից են, ինչ մեքենաներ են։ 35-36 մեքենա է աշխատում անօրինական։ Իմ վարորդները չեն կարողանում աշխատել, թույլ չեն տալիս ուղղակի»,- Շուշան Խաչատրյանը։

Շուշան Խաչատրյանն ասում է՝ եթե համայնքները ցանկանում են ուսանողներին փոխադրել Երևան, պետք է իրենց ընկերության հետ համաձայնեցնեն։ Մասնավորապես՝ գյուղապետերը պետք է ընկերությանը ցուցակներ ներկայացնեն, հարցնեն՝ կարող են սպասարկել այդ ուղղությունը, եթե ընկերությունը հրաժարվի, այդ պարագայում ընկերությունը կարող է մրցույթ անցնել, դեղին համարանիշեր վերցնել, պետությանը հարկեր վճարել և նոր միայն ուղևորափոխադրում իրականացնել։

Կառավարության շենքի դիմաց հավաքված ուսանողների և վարորդների հետ հանդիպելու եկավ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը, ով նրանցից մի քանիսի հետ գնաց կառավարության շենք՝ խնդիրները քննարկելու համար։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. HAGOP17:50 - 10 սեպտեմբերի, 2018
WHY SHOULD THE STUDENTS RIDE FOR FREE????? I SUPPORT THESE YOUNG PEOPLE AND THEIR EDUCATION, BUT THE WORLD DOES NOT WORK THAT WAY!!!!!!! JUST INCLUDE THE COST OF RIDING THE BUS IN THEIR TUITION!!!!!!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ