Շաբաթ, 22 սեպտեմբերի

ԿԳ, մշակույթի նախարարությունները և Բրիտանական խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել



Հայաստանում մեկնարկում է «Ստեղծարար միտք» (Creative Spark) ձեռներեցության ծրագիրը, որը նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները և նպաստել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը՝ ստեղծարար ոլորտում: Հայաստանը Բրիտանական խորհրդի աջակցությամբ իրականացվող «Ստեղծարար միտք» ծրագրում ընդգրկված 7 երկրներից է: 

Կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում ծրագրի մեկնարկը տրվել է այսօր՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Եռակողմ հուշագիրը ստորագրել են Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի պետական ու մասնավոր բուհերի ռեկտորներ:

Կարևորելով նախաձեռնությունը՝ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ հատկապես արվեստի կրթության ոլորտում ձեռնարկատիրական հմտությունների զարգացումն անհրաժեշտություն է: «Այս նախաձեռնությունը կարևոր է այն առումով, որ մենք, արվեստի ոլորտում ունենալով մեծ հաջողություններ, չունենք դրա առևտրայնացմամբ և վաճառքով զբաղվող մասնագետներ: Այս իմաստով համապատասխան գիտելիքն ու հմտությունը ոլորտի զարգացման համար շատ կարևոր են»,- նշել է ԿԳ նախարարը:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշել է. «Մենք աջակցում ենք ստեղծարար ձեռնարկատիրության ու մտքի զարգացմանը միտված ցանկացած մտքի, գաղափարի և ամեն ջանք կներդնենք, որպեսզի այն հաջողի: Ողջունելի է «Ստեղծարար միտք» ծրագրում ներառված արվեստի և մշակույթի ուղղությունների բազմազանությունը»:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը շեշտել է, որ կրթության և մշակույթի ոլորտների աջակցությունն իրենց առաջնահերթություններից է, և այս իմաստով ծրագիրը բացառիկ է, քանի որ միահյուսում է երկու ոլորտները և նպաստում ընդհանուր խնդիրների լուծմանը:

«Ստեղծարար միտք» (Creative Spark) հնգամյա ծրագիրը հենվում է Մեծ Բրիտանիայի առաջատար փորձի վրա և կարող է նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցությանը:

Ծրագրի երեք հիմնական բաղադրիչներից առաջինով նախատեսվում է ծրագրում ներգրավված յոթ երկրներում ստեղծարար ձեռնարկատիրական 22 կենտրոնի հիմնադրում, որոնք համագործակցություն կծավալեն Միացյալ Թագավարության համալսարանների հետ: Երկրորդը ուսանողների և ստեղծարար ձեռներեցների համար համապատասխան հմտությունների ուսուցանումն է՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկում ու մտավոր սեփականության պահպանում: Երրորդն առցանց դասընթացների միջոցով ձեռներեցության թեմատիկ անգլերենի ուսուցանումն է:

Միացյալ Թագավարության ձեռնարկատիրական կրթության փորձի հիման վրա մշակվելու է ուսումնական ծրագիր, որի շահառու կարող են հանդիսանալ տարածաշրջանի ավելի քան 10000 ուսանողներ:

Հայաստանի բուհերը, ի թիվս անդամ երկրների այլ բուհերի, համագործակցելով Միացյալ թագավորության գործընկեր բուհերի հետ, կարող են դիմել ծրագրի շրջանակներում ստեղծված ֆոնդին' ակնկալելով տարեկան մինչև 50 հազար ֆունտ ստերլինգ ֆինանսավորում:

«Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրով ստեղծարար ոլորտ կարող են դիտարկվել գովազդը, ճարտարապետությունը, դիզայնը, ֆիլմարտադրությունը, երաժշտությունը, նորաձևությունը, կատարողական արվեստը, հրատարակչությունը, հեռուստատեսությունը և ռադիոն, արհեստագործությունը, ծրագրավորումը և այլն:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ