HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասիսի տարածաշրջանի բնակիչները բողոքում են քաղաքի աղբավայրի գարշահոտությունից

Ամեն օր 26 համայնքներից 10-15 բեռնատարներով աղբ է բերվում Մասիսի տարածաշրջանի աղբավայր։ Աղբավայրի տարածքը 12,85 հեկտար է, այն 1997 թվականից 99 տարով շահագործման է հանձնվել «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ին։ Այս ընկերությունը պատկանում է Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբորը՝ Միշա Հակոբյանին։ Ընկերությանն աղբավայրի տարածքը վարձակալությամբ է տրամադրված, որի համար տարեկան վճարում է 276 հազար դրամ։

Տարածքը որպես աղբավայր շահագործվում է 1969 թվականից, և մինչ 1997 թվականն այն եղել է քաղաքապետարանի ենթակայության ներքո։

Սա Մասիսի տարածաշրջանի միակ աղբավայրն է։ Այստեղ է տեղափոխվում նաև Շենգավիթ վարչական շրջանի՝ Նորագավիթ և Չարբախ թաղամասերի աղբը։

Կարապետ Հովհաննիսյանի տնակն աղբավայրից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է։ Նա այստեղ է բնակվում որդու հետ։ Տարածքը պատկանում է մի ամերիկաբնակ հայի։ Վերջինս Կարոյին թույլատրել է բնակվել տնակում նաև տարածքը հսկելու նպատակով։ Կարոն ասում է՝ աղբավայրի կողքին է բնակվում պարտադրված, մինչ կկարողանա այլ վայր տեղափոխվել։

Կարոն տարիներ շարունակ բողոքում է այս աղբավայրի սանիտարական պայմաններից, սակայն որևէ պատկան մարմին չի արձագանքել։

Ասում է՝ երբեմն գարշահոտությունը այնքան է տարածվում, որ ինքն ու որդին ստիպված են լինում թողնել տունն ու մի քանի ժամով այլ վայր տեղափոխվել։ Կարոն հովիվ է, ասում է՝ հաճախ, երբ կովերին տանում է աղբանոցի կողքով հոսող ջրանցքից ջուր խմելու, անասունները հոտից փախչում են։

Աղբավայրում աղբի այրման դեպքում տարածքում իրավիճակը վատթարանում է։ Մոտակա համայնքների բնակիչները փակում են իրենց տների դռներն ու պատուհանները, որպեսզի գարշահոտությունը տուն չլցվի։

Աղբանոցում աղբը տեսակավարող մարդիկ են աշխատում։ Նրանք այնտեղ բերված աղբից ընտրում են պլաստմասե շշեր կամ մետաղյա լարեր՝ դրանք հանձնելու համար։

Աղբավայրը շահագործող ընկերությունը որքան էլ պնդում է, որ տարածքում ինքնաբռնկումներ են լինում, Կարոն վստահեցնում է՝ իր աչքով է տեսել, թե ինչպես են տարածքում աղբը տեսակավորող աշխատակիցները մալուխներն այրում՝ պղինձն առանձնացնելու համար։


Կարապետ Հովհաննիսյանը

Մարմարաշեն համայնքի բնակիչ Հայկ Գրիգորյանի տունը աղբավայրից 6 կմ հեռու է։ Ասում է՝ աղբավայրում եղած բռնկումների ժամանակ անգամ տարածությունը «չի փրկում»։

«Տուն հյուր է գալիս, խայտառակ ենք լինում, հոտի պատճառով բակում չենք կարողանում նստել։ Աղբավայրը վիրուսի «բուն է», մի օր երեխաների համար մեծ վարակի պատճառ է դառնալու»,- ասում է Հայկ Գրիգորյանը։


Հայկ Գրիգորյանը

Աղբավայրը շահագործող «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ընկերության տնօրեն Ֆելիքս Պողոսյանն ասում է, որ  ընկերությունն աղբավայրի պայմանների բարելավման համար շատ է դիմել միջազգային և տեղական կազմակերպություններին, սակայն որևէ կառույցից արձագանք և աջակցություն չի եղել։

Ընկերության տնօրենը ընդգծում է՝ իրենք աղբավայրի գարշահոտությունը «կառավարել» չեն կարող, դա պայմանավորված է շոգ ամիսների եղանակային պայմաններով։ Իսկ աղբավայրի սանիտարական պայմանների որոշակի բարելավում է համարում տարածքի պարսպապատումը։ Պետական տարբեր մարմիններ մի քանի անգամ զգուշացրել են, որ աղբավայրը չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին. պետք է տարածքը պարսպապատվի։

«Ասում ենք՝ լավ, պարիսպապատել, համաձայն ենք, անենք։ Ո՞վ է անելու այդ պարիսպը։ Մենք մեր ուժերով անհնար է, որ այդ պարիսպը անենք։ 13 հա պարսպապատելը այդքան հեշտ բան չի։ Ֆինանսական շատ մեծ խնդիրներ են դրանք»,- ասում է տնօրենը։


Ֆելիքս Պողոսյանը

Աղբի վերամշակման համար տարիներ առաջ նաև միջազգային ընկերություններից են եկել, տարածքն ու բերվող աղբն ուսումնասիրել, բայց անարդյունք։ Ընկերությունները հրաժարվել են աղբը վերամշակել, քանի որ ծավալը քիչ է եղել։

Ֆելիքս Պողոսյանը պնդում է, որ իրենք կամ այնտեղ աշխատողներն աղբ չեն այրում։ Բացատրում է՝ շոգ ամիսներին աղբը ինքնահրկիզվում է. խոշորացույցի համակարգ է գործում․ երբ ապակին ընկած է լինում հողի մեջ, վրան էլ թիթեղյա տոպրակ, արևի ճառագայթները դրանով անցնում են, խոշորացույցի էֆեկտ է տալիս, աղբը բռնկվում է։ Աղբավայրում տեղի ունեցող բռնկումները ընկերությունը իր ուժերով է մարում։ Այնտեղ վերջին բռնկումը մեկ ամիս առաջ է եղել։

Ընկերության տնօրենի խոսքով՝ տարածքում աղբ տեսակավորող աշխատակիցներն իրենց հետ կապ չունեն, իրենց որևէ գումար չեն վճարում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter