HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Գաբալան՝ Բաքվի կողմնորոշումների խաչմերուկում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ կարգադրությամբ հաստատել է կառավարության «բանակցային խմբի» կազմը, որը պետք է բանակցություններ վարի Ռուսաստանի հետ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հետագա ճակատագրի վերաբերյալ: «Դարյալ» մոդելի այդ կայանը ԽՍՀՄ փլուզումից առ այսօր շարունակում է շահագործել Մոսկվան, սակայն 2002 թ. ստորագրված պայմանագրով այն Ադրբեջանի սեփականությունն է: Կայանի վարձակալության ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին:

Ռուսաստանը արդեն հայտարարել է կայանի շահագործումը շարունակելու իր մտադրության մասին: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Մոսկվան Բաքվին առաջարկել է մի քանի տարբերակ, այդ թվում՝ ամբողջությամբ վերակառուցել այն՝ տեղադրելով «ԹՏՐՏվպՋ կկե նոր տիպի մոդուլային կայան, որը, սակայն, պետք է լինի արդեն Ռուսաստանի սեփականությունը՝ Ադրբեջանում վարձակալած տարածքում:

Պաշտոնական Բաքուն առայժմ որևէ կոնկրետ պատասխան չի տվել, սակայն Գաբալայի կայանի հարցով 11 պետական պաշտոնյաներից կազմված հատուկ բանակցային խմբի ստեղծումը, որը գլխավորում են փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, արդեն իսկ խոսում է այն մասին, որ Բաքուն մտադիր է առավելագույնը քամել իրավիճակից և հնարավորինս թանկ ծախել կայանի հետագա ճակատագրի հետ կապված իր հնարավոր համաձայնությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ները արդեն տևական ժամանակ լուրեր են շրջանառում, որ Բաքուն խիստ խորհրդանշական է համարում տարեկան 7 մլն դոլար վարձավճարը և մտադիր է այն բարձրացնել առնվազն մի քանի անգամ:

Մոսկվայի համար Գաբալայի կայանը անշուշտ չունի այն նշանակությունը, ինչ նախկինում: Թեպետ անդրհորիզոնային դիտարկման այս կայանը կոչված է վերահսկելու հրթիռային հարվածի վտանգը Միջերկրական ծովի արևելյան մասից մինչև գրեթե Ֆիլիպիններ ընկած տարածքում (այսինքն՝ ողջ Հնդկական օվկիանոսը), սակայն որպես հնացած մոդելի կայան՝ այն տակտիկատեխնիկական չափորոշիչներով զգալիորեն զիջում է «ԹՏՐՏվպՋ կկե կարգի մոդուլային ռադիոլոկացիոն անդրհորիզոնային դիտարկման նոր սերնդի կայաններին: Դրանցից առաջինը Ռուսաստանը արդեն մի քանի տարի տեղակայել և շահագործում է Կրասնոդարի երկրամասում՝ Արմավիրի մոտ: Երկրորդը գործարկվեց բոլորովին վերջերս Կալինինգրադի մարզում, ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նախաձեռնության դեմ Մոսկվայի հակաքայլերի համատեքստում:

Սակայն Ռուսաստանին այնուհանդերձ ձեռնտու չէ նման ռազմական տեխնոլոգիաները Ադրբեջանի հսկողության տակ թողնելը: Մանավանդ որ Գաբալայի կայանի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում Անկարան, իսկ վերջին շրջանում հատկապես Վաշինգտոնը:

«Ռեգնում» գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, պնդում է, որ առաջիկա օրերին կոնկրետ Գաբալայի կայանի հետագա ճակատագիրը որոշելու նպատակով Ադրբեջան է ժամանելու Պենտագոնի բարձրաստիճան պատվիրակությունը, ինչպես նաև Պետքարտուղարության Եվրոպայի և Ասիայի հարցերով պատասխանատու պաշտոնյա էրիկ Ռուբինը:

Այցի նպատակն է համոզել Բաքվին՝ չերկարացնել ռուսական ներկայությունը Գաբալայում, որի դիմաց Պենտագոնը պատրաստ է օժանդակել Բաքվին՝ ինքնուրույն ստանձնելու կայանի կառավարումը: Հանգամանք, որ ինքնին վտանգավոր է Հայաստանի համար, բայց անշուշտ ուղղված է լինելու առավելապես Իրանի դեմ: Ընդ որում՝ սա Գաբալայի հետ կապված ամերիկյան ռազմական ղեկավարության հետաքրքրվածության միակ դրսևորումը չէ:

Մեկ-երկու ամիս առաջ այդ նույն խնդրի ճշգրտման նպատակով Բաքվում էր ԱՄՆ պաշտպանության նախարարի հետախուզության գծով տեղակալ, գեներալ Մ. Վիկկերսը, և այդ փաստը պաշտոնապես հաստատվեց Բաքվում ամերիկյան դեսպանության կողմից: Այս իրողությունը նոր բովանդակություն է հաղորդելու Գաբալայի կայանի շուրջ ծավալվող բանակցություններին:

Բնականաբար, կարևոր ռազմական օբյեկտի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը չի կարող մտահոգություն չառաջացնել Մոսկվայում և Թեհրանում: Ըստ այդմ կանխատեսելի է, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են տարբեր ուղղություններով մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա: Մանավանդ որ 2012-13 թվականները նախընտրական են, տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ, և Ալիևների կլանը հերթական անգամ կանգնած է սեփական իշխանությունը պահպանելու կամ «վերարտադրության» խնդրի լուծման առջև: Իսկ առանց արտաքին աշխարհի, առավել ևս հզոր հարևանների լոյալության, նման ռեժիմների համար «վերարտադրվելը» բավական բարդ խնդիր է: Ըստ ամենայնի, Գաբալայի կայանը կդառնա այն կարևոր հարցերից մեկը, որի՝ ռուսական սցենարով լուծումը ապահովելու համար Բաքուն կաշխատի հնարավոր առավելագույնը պոկել ոչ միայն Մոսկվայից, այլև Թեհրանից:

Թեպետ, մյուս կողմից, Ադրբեջանը հետխորհրդային այն պետություններից է, որի վարչակազմը բացարձակապես ապագաղափարական է: Ալիևների կլանի համար Ադրբեջանը միշտ եղել է հարստության կուտակման միջոց: Կասպիական նավթի շնորհիվ Ալիևների ընտանիքը դարձել է Արևելքի ամենահարուստ գերդաստաններից մեկը: Բայց այդ հարստության հիմնական ակտիվները Լոնդոնում են:

Ելնելով այս իրողությունից՝ քիչ հավանական է, որ Բաքուն այդքան կտրուկ շրջադարձ կատարի՝ մտնելով Մոսկվայի և Թեհրանի հետ այդքան կտրուկ հակադրության մեջ: Անգամ Թուրքիան, Ադրբեջանից անհամեմատ հզոր պետություն լինելով, անցանկալի իրավիճակ ստեղծեց Մոսկվայի և Թեհրանի հետ հարաբերություններում, երբ իր համաձայնությունը տվեց ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ռադիոլոկացիոն ռադարի տեղակայմանը Մալաթիայի շրջանում: Արդեն ամիսներ շարունակ թուրքական պաշտոնատարները ջանք չեն խնայում հավաստիացնելու Թեհրանին, թե ռադարը Իրանի դեմ չի ուղղված, և չեն կարողանում համոզել:

Մինչդեռ Ադրբեջանը Թուրքիա չէ և, Ռուսաստանի ու Իրանի միջև սեղմված լինելով, շատ ավելի խոցելի է բոլոր առումներով, եթե Մոսկվան և Թեհրանը որոշեն համատեղ ձգել «պնդօղակները»: Ըստ ամենայնի, Ալիևների ռեժիմը, երկար-բարակ առևտուր անելուց հետո, «կընդառաջի» Մոսկվայի ցանկությանը: Եթե, իհարկե, Վաշինգտոնից շատ ավելին չառաջարկվի՝ չափազանց ծանրակշիռ երաշխիքներով, ինչը քիչ հավանական է:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter