Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Փաստաբան. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը օրինաչափ չէ»



Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադարձան ՀՔԾ-ի երեկ կայացրած որոշմանը՝ պաշտոնաթող նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն ընտրելուն, և հայտնեցին, որ այն օրինական չէ։ Ըստ փաստաբանների՝ որոշումը դեռեւս չեն ստացել, ուսումնասիրելուց հետո միայն կարող են բողոքարկել։ Փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել են, նպատակ չունեն արհեստական խոչընդոտներ ստեղծել, խանգարել գործողություններին։ «Եթե օրինաչափ լինի, ապա ստորագրություն կտրվի»։

Փաստաբանը տեղեկացրեց, որ դիմումներ են ներկայացրել ԱԱԾ-ի սահմանապահ զորքեր՝ հասկանալու՝ ինչ սահմանափակումներ կան սահմանը լքելու վերաբերյալ։ «Մինչեւ երեկ չկար սահմանափակման որոշում։ Հավանականությունը շատ բարձր է, որ եղել են սահմանափակումներ։ Գտնում ենք, որ դրանք եւս իրավաչափ չեն, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո անձը որեւէ սահմանափակում չի ունեցել»։

Անդրադարձան նաեւ այն տեղեկությանը, որ Քոչարյանի անձնագիրը գտնվում է ՀՔԾ-ում։ «Հայաստանի քաղաքացու անձնագրի մասին օրենքում կա դրույթ, որ մեղադրյալի անձնագիրը գտնվում է վարույթն իրականացնող մարմնի մոտ, բայց պետք է ավելացնել, որ դրույթը ՄԻՊ-ի դիմումի համապատասխան 2017-ին ճանաչվել է Սահմանադրությանը հակասող, այս դրույթը չի կարող կիրառվել, վարույթ իրականացնող մարմինը չունի իրավունք անձնագիր պահել իր մոտ, եթե առկա չէ համապատասխան խափանման միջոց»,- հայտարարեց փաստաբան Օրբելյանը։

Արամ Օրբելյանը հայտնեց նաեւ, որ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանի նկատմամբ հետապնդումը օրինաչափ չէ։ «Պիտի վերաքննիչ դատարանի որոշումը ուժի մեջ մտներ ակտը կայացնելուց հետո, մենք դիմել ենք վարույթն իրականացնող մարմնին՝ հետապնդումը դադարեցնելու պահանջով։ Կա Վերաքննիչ դատարանի որոշում, որ Քոչարյանն ունի անձեռնմխելիություն քրեական հետապնդումից, դա չի նշանակում, որ նա ամբողջությամբ անձեռնմխելի է, դա նշանակում է, որ մեղադրանքը չի կարող քննվել, քանի որ դրանք նախագահի գործողություններ են, կարելի է ասել` պետության գործողություններ են»,- խոսքն ամփոփեց փաստաբանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ