HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երևանի ավագանու ընտրություններին ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն լինի

Սեպտեմբերի 23-ին նշանակված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն լինելու:

Այս մասին, «Հետք»-ի հարցին ի պատասխան, ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Մկրտչյանը: Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 30-ի նիստում ընդունվեց որոշում, ըստ որի` ԵՄ աջակցությամբ ձեռք բերված տեսախցիկներն ու տեխնիկական սարքավորումներն ամրակցվեցին վարչապետի ու ԿԸՀ-ի աշխատակազմերին: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Մկրտչյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ տեսախցիկներն ամրակցվել են վարչապետի աշխատակազմին, ԿԸՀ աշխատակազմին ամրակցվել են միայն սնուցման սարքերը: Մկրտչյանի խոսքով՝ այդ սարքավորումները տրամադրվելու են տարածքային ընտրական հանձնաժողովներին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում անխափան աշխատանքն ապահովելու համար:

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ևս մեզ հետ զրույցում հավաստեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն լինելու: Իոաննիսյանի խոսքով՝ դա պայմանավորված է մի քանի պատճառով՝ տեսախցիկների և սարքավորումների տեղադրման հետ կապված ծախսերով, որը, ըստ նախնական հաշվարկների, կազմելու էր մեկ միլիոն դոլար, և խնդիր կար նաև ժամանակային առումով:

Ըստ հանձնաժողովի քարտուղարի՝ ամենայն հավանականությամբ տեսախցիկները կկիրառվեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ըստ նույն որոշման՝ առաջարկ կար նաև խորհրդարանի ղեկավարին՝ խորհրդարանի աշխատակազմին կցված 8 հատ APC Back UPS 650 VA, AVR, 230 V մակնիշի անխափան սնուցման սարքերը, 50 հատ տեսախցիկ, 50 հատ ինժեկտորները հետ վերցնել և տրամադրել վարչապետի աշխատակազմին: Մեզ հետ զրույցում խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը չմանրամասնեց՝ տեսախցիկները և սարքավորումները ուղարկվել են վարչապետի աշխատակազմ, թե ոչ՝ ասելով, որ դրանք խորհրդարանի աշխատանքային հարցերն են:

Հիշեցնենք, որ տեսախցիկները և տեխնիկական սարքավորումները ձեռք էին բերվել միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորման շնորհիվ 7 միլիոն եվրոն հատկացրել էր ԵՄ-ն, որից շուրջ 4 միլիոն եվրոն տրամադրվել է ընտրողների ինքնության հաստատման տեխնոլոգիայի ներդրման, 2 մլն եվրոն՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման համար։ Ընտրական նորամուծությունների համար գումար է ծախսվել նաև պետական բյուջեի պահուստային ֆոնդից՝ 160 հազար եվրո։ Ընտրությունների ավարտից հետո սարքավորումներն ամրակցվել էին մի շարք գերատեսչությունների աշխատակազմերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter