HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերանորոգված ճանապարհները վերանորոգման կարիք ունեն

Պետբյուջեով հաստատված հրատապ ծրագրերի շրջանակում 2012-2017 թվականների ընթացքում Արագածոտնի մարզի 13 համայնքներում կատարվել են ճանապարհաշինարարական աշխատանքներ՝ վերանորոգումներ և հիմնանորոգումներ։

«Հետք»-ն այցելել է մարզ՝ պարզելու, թե այժմ ինչ վիճակում են 2015-2017թթ-ին վերանորոգված ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհները։ Մինչև 2014-ը նորոգվածներին չենք անդրադարձել՝ վերանորոգման վաղեմության պատճառով։

Նկարահանել ենք վերանորոգված 8 ճանապարհ, որոնցից 4-ում փոսեր ու անհարթություններ կան։ Մ-1 ճանապարհի Կարմրաշեն-Զովասար հատվածը այժմ հիմնանորոգվում է։ 

Մեր այցելած բոլոր ճանապարհները վերանորոգվել են՝ հիմնականում փոսալցման միջոցով։ Վերանորոգումից 2-3 տարի անց դրանք կրկին նորոգման կարիք ունեն։ Օրինակ՝ Կարբի ներհամայնքային ճանապարհը վերջին տարիներին վերանորոգվել է երկու անգամ․ 2014թ-ին՝ 27,5  մլն դրամով, 2015 թ-ին` 23,9 մլն դրամով։ Չնայած դրան՝ ավտոճանապարհը լի է փոսերով և անհարթություններով։ Փարպի-Ղազարավան միջհամայնքային և Արուճ ներհամայնքային ավտոճանապարհները վերանորոգվել են անցյալ տարի՝ 12,9 մլն և 8,1 մլն դրամ հատկացումներով։ Այս ճանապարհները նույնպես փոսառատ են և անհարթ։

Վերոնշյալ բոլոր ավտոճանապարհները վերանորոգել է «Աշտարակշին» ԲԲԸ-ն, որը տարիներ շարունակ հարկեր չի վճարել համայնքային բյուջե

Վերջին 6 տարիներին Արագածոտնում վերանորոգվել է 20 ավտոճանապարհ, որից 13-ն իրականացրել է «Աշտարակշին» ԲԲԸ-ն։ Ընկերությունը գրանցված է Աշտարակ քաղաքում, տնօրենն ու սեփականատերն Աշտարակի բնակիչ Հովհաննես Ղուկասյանն է։ Չնայած այս ընկերությունը տասնյակ միլիոնավոր դրամ արժողությամբ պայմանագրեր է կնքել՝ մարզում շինարարական աշխատանքներ իրականացնելու, տարիներ շարունակ կուտակված հարկային պարտավորություններ է ունեցել, և 2015-ին Աշտարակի ավագանու որոշմամբ՝ 4 միլիոն դրամի հարկային արտոնություն է ստացել։ Մասնավորապես՝ այդ տարվա հոկտեմբերի 8-ին Աշտարակ համայնքի ավագանին ընկերությանը գույքահարկի գծով`  2 մլն դրամ, հողի հարկի գծով 2 մլն դրամ արտոնություններ է տվել։

Նշված արտոնությունները ստանալուց հետո «Աշտարակշին» ԲԲԸ-ն շարունակել է հարկեր չվճարել։ 2018թ-ի մայիսին Աշտարակ համայնքի ղեկավարն ընկերությունից բռնագանձել է 3 677 892 դրամ, որից գույքահարկի գումար՝ 2 088 352 դրամ և հողի հարկի գումար՝ 1 589 540 դրամ։

Արագածոտնի մարզի ճանապարհային ցանցը 787 կմ է։ Այն կազմված է միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհներից։

Հայաստանի ճանապարհային ցանցի քարտեզը

Քարտեզում ներառված են Հայաստանի բոլոր ճանապարհները։ Դեղինով նշվածն Արագածոտնի մարզն է։ Կարող եք մոտեցնել և ձախ կողմում երևացող քանոնի միջոցով ինքնուրույն չափել Ձեր մարզի կամ համայնքի ճանապարհների երկարությունը։ Աղբյուրը՝ AUA Acopian Center for the Environment GIS Data

Ըստ Արագածոտնի մարզպետարանի «Հետք»-ին տրամադրած տվյալների՝ մարզում առկա է միայն 389 կմ մարզային նշանակության ավտոճանապարհ, որից 101 կմ-ը  հիմնանորոգման կարիք ունի, իսկ 170 կմ-ը՝ վերանորոգման։ Այդ աշխատանքներն իրականացնելու համար, ըստ մարզպետարանի հաշվարկի, կպահանջվի մոտ 16 մլրդ դրամ։

Այժմ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Մ-1-Կարմրաշեն-Զովասար մարզային նշանակության ավտոճանապարհը, որի համար նախատեսված է 779,9 մլն դրամ, աշխատանքները կատարելու է «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի (Վոլոդյա Բադալյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է) եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին։

Բացի այդ, այժմ ընթացքի մեջ է նաև Մ-1-Շամիրամ և Հ-21-Բերքառատ ավտոճանապարհների հիմնանորոգումը։ Այս ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները կատարում է «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ն՝ 80 միլիոն դրամով, իսկ Հ-21-Բերքառատ 3,4 կմ ճանապարհի վերանորոգումն ընկերությունը կիրականացնի 173 մլն դրամով։

Ինչպես արդեն հայտնել էինք՝ «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ի տնօրենը Էջմիածնի ավագանու նախկին անդամ Յուրիյ Գևորգյանն է, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:

Դիանա Ղազարյան, Անի Հովհաննիսյան, Սարո Բաղդասարյան, Դավիթ Բանուչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter