HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարդան Մինասյան. «Մեկ միավորի կորուստը հետագայում կարող է շատ վատ անդրադառնալ մեզ վրա»

Ազգերի լիգայում չկան ուժեղ և թույլ թիմեր, կան միայն վարկանիշով պայմանավորված ֆավորիտներ: Այս մասին Ազգերի լիգայի մեկնարկային տուրի Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

44-ամյա մասնագետը հրաժարվեց նշել մրցակցի թույլ և ուժեղ կողմերը՝ պատճառաբանելով, որ իր խոսքերը կարող են հասնել մրցակցի ճամբար: Վարդան Մինասյանը նշեց միայն, որ իր գլխավորած թիմը փորձելու է սահմանափակել Լիխտենշտեյնի հավաքականի ուժեղ կողմերը՝ միևնույն ժամանակ օգտվելով թույլ կողմերից: 

«Մենք ունենալու ենք 6 փոքր եզրափակիչ, ու ստրատեգիական առումով շատ կարևոր է, որ մենք այդ խաղերում հաղթենք, քանի որ մեկ միավորի կորուստը հետագայում կարող է շատ վատ անդրադառնալ մեզ վրա»,- նշեց մարզիչը: 

Վարդան Մինասյանի խոսքով` հավաքական հրավիրված բոլոր խաղացողները պատրաստ են վաղվա հանդիպմանը, սակայն կա որոշակի անհավասարակշռություն՝ կապված ֆուտբոլիստների իրենց թիմերում ունեցած խաղաժամանակի հետ:

«Կարծում եմ այստեղ ամենակարևորը հոգեբանությունն է, վերջին երկու-երեք օրերի պարապմունքներին ֆուտբոլիստները շատ լավ տեսք ունեին»,- հավելեց Վարդան Մինասյանը:

Հարցին, թե այս տարի կտեսնե՞նք որակապես նոր հավաքական, որտեղ տեխնիկական խոտանը կնվազի, Վարդան Մինասյանն ասաց` մեծ հույս ունի, որ կտեսնի՝ ընդգծելով, որ «ամեն ինչ ֆուտբոլիստների գլխի և ոտքի մեջ է»:

Այնուհետև ազգային ընտրանու գլխավոր մարզիչը անդրադարձավ կազմի ընտրությանը՝ խոսելով հավաքական հրավիրված և չհրավիրված ֆուտբոլիստներից: Նա նշեց, որ շատ կցանկանար հավաքականում տեսնել Յուրա Մովսիսյանին, սակայն վերջինս թիմ չունենալու և հետևաբար խաղային պրակտիկայի բացակայության պատճառով դուրս է մնացել հայտացուցակից: 

«Միշտ կապի մեջ եմ Յուրա Մովսիսյանի հետ, վերջին անգամ 10 օր առաջ եմ զրուցել: Ես նրան ասացի՝ որ պահին նա կարողանա ակումբ գտնել և երկու հանդիպում անցկացնել, միանշանակ կհրավիրվի հավաքական, բայց ինչպես տեսանք, դա տեղի չունեցավ: Հուսով եմ՝ նա ակումբ կգտնի և հոկտեմբերի երկու խաղերին կօգնի հավաքականին»,- ասաց Մինասյանը:

Ազգերի լիգայի առաջին երկու տուրերի հանդիպումները բաց կթողի նաև Հրայր Մկոյանը, ով ծնկի վնասվածք ունի և ըստ Վարդան Մինասյանի՝ առաջիկայում վիրահատության է ենթարկվելու: Խոսելով «Ալաշկերտ»-ի խաղացող Գագիկ Դաղբաշյանի՝ հայտացուցակից դուրս մնալու փաստից, մասնագետը նշեց, որ այս պահին Դաղբաշյանին նպատակահարմար չի գտել հրավիրել հավաքական: 

Վարդան Մինասյանը շեշտեց, որ ինքն իր ուշադրության կենտրոնում է պահում հավաքականի թեկնածու բոլոր ֆուտբոլիստներին, հետևում է բոլորի խաղին, իսկ ինչ վերաբերում է «Բանանց»-ի աջ պաշտպան Վահագն Այվազյանի՝ հավաքական չհրավիրվելուն, մարզիչն ասաց, որ Այվազյանը աջ պաշտպան չէ, և «Բանանց»-ի մարզիչն է նրան օգտագործում աջ պաշտպանի դիրքում, իսկ այդ դիրքի համար հավաքական հրավիրված խաղացողները, ըստ Մինասյանի, ավելի լավ են իրենց պարտականությունները կատարում:

Երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց հավաքականի հայտացուցակը, հաղորդագրության մեջ նշել էր, որ Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը հրավեր չի ստացել վնասվածք ունենալու պատճառով, սակայն հետո հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը հրավիրվել է երիտասարդական հավաքական: Այս առնչությամբ Վարդան Մինասյանն ասաց.

«Երբ Պետրոսի հետ զրուցում էի, նա նոր էր ապաքինվել վնասվածքից և ամբողջական ռեժիմով չէր մարզվում: Նա հիմա ապաքինվել է, սակայն փաստն այն է, որ դրանից հետո ոչ մի հանդիպում չի անցկացրել: Ընդամենը սա է պատճառը»,- նշեց մարզիչը: 

Հարցին, թե ինչ պետք է անել երիտասարդական հավաքականից ազգային հավաքականում ավելի շատ ֆուտբոլիստներ ներգրավելու համար, Վարդան Մինասյանն ասաց, որ դա երկարատև քննարկման թեմա է.

«Եկավ ժամանակ, որ երիտասարդականի և ազգայինի միջև կապը կտրվեց, սակայն այս պահին էլ կան ֆուտբոլիստներ, որոնք կարող էին լինել ազգային հավաքականում, սակայն նրանք էլ առաջիկայում հանդիպումներ ունեն: Եթե մեզ մոտ 10-15 րոպե խաղաժամանակ կստանային, այնտեղ ավելի շատ կստանան: Այս պահին նախընտրեցինք, որ մնան երիտասարդականում»,- նշեց Մինասյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված է Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի ընտրանիները: Սեպտեմբերի 6-ին՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիխտենշտեյնի հետ, իսկ սեպտեմբերի 9-ին Սկոպիեում կհյուրընկալվի Մակեդոնիային:

Լուսանկարը՝ ՀՖՖ ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter