HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենքը խախտած 6 հարկային ծառայող ազատվել է աշխատանքից, ևս մեկի պաշտոնն իջեցվել է

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա՝ դեկտեմբերի 9-ի առթիվ, ՇՊԱԿ-ների ազգային ցանցը սահմանել էր «Տարվա քաղաքացի» մրցանակը: Դա տրամադրվեց այն քաղաքացուն, ով գիտակցել է իր իրավունքների պաշտպանության կարևորությունը, ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ՝ իր խախտված իրավունքները վերականգնելու համար, և ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կազմի մեջ մտնող ՇՊԱԿ-ներից մեկի իրավական օգնության շնորհիվ 2011թ. կարողացել է վերականգնել իր խախտված իրավունքները:

«2011 թ. տարվա քաղաքացի» մրցանակը հանձնվեց Հրազդան քաղաքի բնակիչ, փոքրիկ խանութի սեփականատեր, ձեռնարկատեր Գագիկ Աթասյանին: Շահառուի իրավական խնդիրը կապված էր իր անձի նկատմամբ Հրազդանի տեղամասի հարկային տեսչության աշխատակիցների դրսևորած ոչ օրինական գործելակերպի հետ: Վերջինները վարչական տույժ նշանակելու ոչ օրինական հիմքեր էին ստեղծել, ինչի հետևանքով Հրազդանի տեղամասի աշխատակիցները կազմել էին ստուգման ակտ և շահառուի նկատմամբ նշանակել 150.000 ՀՀ դրամի չափով տույժ՝ հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու մտացածին հիմքով:

Կոտայքի ՇՊԱԿ-ը և գործը վարող ծրագրի փաստաբանը, շարունակելով գործի ընթացքը, պարզել են, թե կոնկրետ ինչ բնույթի պատասխանատվության են ենթարկվել օրինախախտումներ դրսևորած հարկային ծառայողները: Մասնավորապես, 2012թ. հունվարի 16-ին, ի պատասխան ՀՀ վարչապետին փաստաբանի ուղղած գրության, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալից ստացվել է պատասխանը:

Ըստ այդ պատասխանի՝ ծառայողական քննության արդյունքում ՊԵԿ-ի հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացությունը հիմք ընդունելով՝ ՊԵ կոմիտեի նախագահի համապատասխան հրամանների համաձայն՝ թվով 6 հարկային ծառայող ազատվել է հարկային ծառայությունից, իսկ 1 հարկային ծառայողի նկատմամբ հայտարարվել է գրավոր նկատողություն, սակայն հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 261 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ վերջինս իջեցվել է զբաղեցրած պաշտոնից:

Արդյունքում, շահառուի՝ կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ դրսևորած անհանդուրժողականության և սեփական իրավունքները պաշտպանելու համարձակության ու հետևողականության, ինչպես նաև պետական մարմինների ցուցաբերած օպերատիվ աշխատանքների շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովի որոշմամբ չեղյալ համարել վարչական տույժի համար հիմք դարձած ստուգման ակտը, այսինքն՝ վերացվեց 150.000 ՀՀ դրամի տույժը, այլև օրենքը խախտած հարկային ծառայողները ենթարկվեցին պատասխանատվության:

ՇՊԱԿ-ների ազգային ցանցի հասարակայնության հետ կապերի բաժինը նշում է, որ այս հաջողության պատմությունը կարող է մեծապես օգնել փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին՝ իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարելու մինչև վերջ և հասնելու խախտված իրավունքների վերականգմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter