HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Շանթ Հարությունյանը բանտից պետք է քաղբանտարկյալին վայել դուրս գա». բողոքի ակցիա դատախազության դիմաց

Գլխավոր դատախազության դիմաց այսօր հավաքված մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի:

2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում քաղաքացիների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ազատազրկման դատապարտված բոլոր անձինք, բացառությամբ Շանթ Հարությունյանի, ազաատության մեջ են: Ազատության մեջ գտնվողների պատժի կրման ժամկետը կամ ավարտվել է, կամ` փոխվել նրանց պատժի կրման ռեժիմը: Շանթ Հարությունյանը, սակայն, հրաժարվում է բաց ռեժիմով կրել պատժի չկրած մասն ու պահանջում արդարացում:

Նշենք, որ իր վերաբերյալ գործի քննության ամբողջ ընթացքում Հարությունյանը հայտարարել է, որ ինքն ու ընկերները քաղբանտարկյալներ են, որ նոյեմբերի 5-ին քաղաքացիների և ոստիկանների միջև բախումը հրահրել են ոստիկանները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում իր համակիրների հետ ցույց անցկացրած Շանթ Հարությունյանը հայտարարել էր հեղափոխություն անելու մտադրության մասին և փորձել շարժվել դեպի նախագահական նստավայր, սակայն ոստիկանները քաղաքացիներին թույլ չէին տվել շարժվել Մաշտոցի պողոտայով, ինչի արդյունքում բախում էր տեղի ունեցել ոստիկանների ու քաղաքացիների միջև: Դեպքի վայրում պայթուցիկներ էին կիրառվել:

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, այսօր դատախազության դիմաց էր, բայց ոչ թե որպես ակցիայի կազմակերպիչ, այլ մասնակից: Վերջինս լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդունել է հանգամանքը, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է ու շեշտեց, որ քաղբանտարկյալը չի կարող բանտից դուրս գալ իբրև շարքային հանցագործություն կատարած անձ:

«Ես Շանթ Հարությունյանի համար պայքարում եմ ոչ միայն այն պատճառով,  որ հայրս է: Եթե Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է ճանաչվել, ապա պետք է ազատ արձակվի քաղաքական հստակ պայմանով»,- դիրքորոշում հայտնեց Շահեն Հարությունյանը:

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հարությունյանի հետ: Կառավարության կողմից տրված պարզաբանման մեջ ասված է այն մասին, որ Հարությունյանին ազատ արձակելու՝ կառավարության ձեռքում եղած միակ լծակը նրա պատժի կրման ռեժիմը փոխելն է:

Ըստ կառավարության պարզաբանման՝ վարչապետն իրեն չի կարող թույլ տալ դատարաններին հրահանգ արձակել, որովհետև դա կլինի նախորդ իշխանության գործելակերպի շարունակությունը:

Շահեն Հարությունյանի խոսքով՝ իրենք չեն պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազանգի միջոցով լուծի խնդիրը:

«Մենք ասում ենք, որ Շանթ Հարությունյանը պետք է քաղբանտարկյալին վայել դուրս գա բանտից»,-ասաց  Շահեն Հարությունյանն ու ընդգծեց, որ բաց ռեժիմով պատիժ կրելն ազատություն չէ:

Այսօր դատախազության դիմաց հավաքված քաղաքացիների մեջ էին նոյեմբերի 5-ի գործով դատապարտված անձինք, Շանթ Հարությունյանի և ընկերների գործով առաջին դատական նիստի ժամանակ դատարանի դիմաց գազային ատրճանակով կրակոցներ անձակած Արեգ Կյուրեղյանը, «Ժառանգություն» և Պահպանողական կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնց թվում՝  «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Քաղաքացիները Շանթ Հարությունյանի ազատության պահանջով ստորագրահավաք կազմակերպեցին և պահանջը՝ կից ստորագրություններով հանձնեցին Դատախազություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter