HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանում բացվել է «Պանորամա» քայլարշավային ուղին

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այսօր տեղի է ունեցել «Պանորամա» քայլարշավային ուղու պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

«Պանորամա»-ն 6,9 կմ երկարությամբ հարմար շրջանաձև քայլարշավային ուղի է, որն անցնում է լուսավոր անտառներով և արոտավայրերով և որի մի հատվածում բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի «Դիլիջան» ազգային պարկ: Ուղին իր մեջ ընդգրկում է պիկնիկի համար նախատեսված 5 գոտի, պատմական Փոքր Դիլի գյուղատեղին՝ հին գերեզմանոցով և «Խաչեր» կոչվող սրբավայրով: Ուղու նպատակակետ է հանդիսանում «Թթու ջուր» անվանումը կրող հանքային ջրի աղբյուրը:

«Այս ուղին համարվում է բարձրակարգ քայլարշավային ուղի, ինչը նշանակում է, որ այն համապատասխանում է որակային անհրաժեշտ ստանդարտներին՝ վստահելի ցուցանակներ ողջ ուղու ընթացքում, մշակութային և/ կամ բնական տեսարժան վայրերով բազմազան լանդշաֆտ, ինչպես նաև լավ ենթակառուցվածքներ: Նմանատիպ ստանդարտներով «Պանորամա»-ն պետք է լավ օրինակ ծառայի հետագայում ստեղծվող քայլարշավային ուղիների համար»,- գրված է հաղորդագրության մեջ:

«Պանորամա» քայլարշավային ուղու մեկնարկի վայրը գտնվում է Դիլիջանի գարեջրի գործարանի հարևանությամբ:

Ուղին հիմնադրվել է Հայաստանի Տավուշի մարզի և Գերմանիայի Բավարիա Ռեգեն երկրամասային շրջանի միջև համագործակցության շրջանակներում՝ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացվում է Գերմանիայի համագործակցության ընկերության կողմից (GIZ) Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ: Ծրագրի գործընկերն է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը (ՏԿԶՆ):

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Պանորամա» քայլարշավային ուղու հիմնադրմամբ Տավուշի զարգացման գործակալությունը Տավուշի գործընկեր Բավարիայի Ռեգեն երկրամասային շրջանի փորձագետների աջակցությամբ նպատակ ունի նպաստել Տավուշի մարզի զբոսաշրջության հետագա զարգացմանը և խթանել տեղական բնակչության հետաքրքրությունը քայլարշավային զբոսաշրջության նկատմամբ:

Ուղու պաշտոնական բացմանը մասնակցել են Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Ռեգեն երկրամասային շրջանի մարզպետ Ռիտա Րորլը, Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մակարյանը, «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը, գործընկեր համայնքների ղեկավարները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և հյուրեր: Ռեգենի մարզպետ Ռիտա Րորլին ուղեկցել է բարձրաստիճան պատվիրակություն Ռեգենից, որի կազմում եղել են համայնքապետեր, մարզպետի տեղակալը, առաջատար մասնագետներ երկրամասային վարչակազմից:

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ Ռեգենի երկրամասի և Տավուշի մարզի միջև համագործակցությունը սկսվել է 2011 թ-ին և ինտեգրվել է Հարավային Կովկասի Քաղաքների ցանցում: Վերջինս ստեղծվել է 2002 թ-ին՝ որպես Կովկասյան նախաձեռնության բաղադրիչ, ինչին աջակցում է «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը: Քաղաքների ցանցը կապ է ստեղծում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համայնքների և գերմանական քաղաքների միջև, ինչը թույլ է տալիս իրականացնել տարածաշրջանային համագործակցություն և փորձի փոխանակում: Տավուշ-Ռեգեն գործընկերության հիմնական ուղությունը զբոսաշրջության զարգացումն է՝ որպես տեղական տնտեսական զարգացման բաղադրիչ: 2013 թ-ին հիմնվեց Տավուշի զարգացման գործակալությունը՝ նպաստելու Տավուշի համայնքների, հատկապես՝ Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի միջհամայնքային համագործակցությանը զբոսաշրջության զարգացման ոլորտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter