HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հիմնանորոգված մշակույթի տուն ունենալու խոստում հայկավանցիներին տրվել է դեռ 13 տարի առաջ

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» ժողովրդական խոսքի դրսեւորումը հայկավանցիները զգացին անձրեւառատ հուլիս ամսին եւ օգոստոսի կարկտահարության ժամանակ, երբ 2 անգամ վնասվեցին մշակովի ցանքատարածությունները, իսկ մինչ այդ, գարնանային տեղումներից փլվել էին մշակույթի տան առաջին հարկի պատի քարերը՝ բացելով դահլիճ տանող յուրօրինակ, սակայն վտանգավոր մի խոռոչ:

«Առաջին կարկտահարության ժամանակ 40 հա ցանքատարածություն վնասվեց, բայց քանի որ հուլիսի 7-ին էր, կարողացանք որոշ չափով վերականգնել, երկրորդ կարկտահարությունն օգոստոսին եղավ, վնասվեց 119 հա, 229 գյուղացիական տնտեսություն տուժեց,- ներկայացնում է Շիրակի մարզի Հայկավան համայնքի ղեկավար Սամվել Մխոյանը,- մենք տարածքներն ու մշակաբույսերի վերաբերյալ ինֆորմացիան ներկայացրել ենք մարզպետարան, սակայն դեռ վնասի ամբողջական պատկերը չունենք գումարային տեսքով: Մյուս խնդիրը, որ հրատապ լուծման կարիք ունի՝ մշակույթի տունն է, որի արեւմտյան հատվածի պատը փլվեց դեռ գարնանային անձրեւների ժամանակ: Շենքի վնասված հատվածը մինչեւ ձմեռ չվերականգնելը վտանգավոր է համ կառույցի համար, համ՝ մարդկանց»:

Երկհարկանի շենքը շահագործման է հանձնվել 1970թ-ին: Այստեղ խորհրդային տարիներին տեղավորված է եղել գյուղի ակումբը, կինոդահլիճը, գյուղխորհուրդը եւ կոլտնտեսության գրասենյակը: Շենքը կառուցված է այդ տարիներին բնորոշ նախագծով, գլխավոր՝ ճակատային հատվածը պատված է մեծ պատուհաններով, գլխավոր մուտքի դիմաց գտնվող մեծ նախասրահը հավանաբար ժամանակին ծառայել է որպես հանգստի գոտի (առկա է փոքրիկ քարե ջրավազան, հավանաբար նաեւ թաղարներով ծաղիկներ են եղել դրված եւ նստարաններ այցելուների համար): Երկրաշարժից հետո որոշակիորեն վնասված շենքի նախկին գործառույթից մնացել է միայն գրասենյակայինը՝ երկրորդ հարկի 3 սենյակն օգտագործվում է համայնքապետարանի կողմից: Առաջին հարկի սենյակներից մեկն էլ որոշակի նորոգումից հետո վերածել են գյուղացիների համար հանգստի սենյակի: Մնացած տարածքն անօգտագործելի է ու մատնված է պարապուրդի:

Սամվել Մխոյանի փոխանցմամբ, 2005 թ.-ին նախատեսված է եղել 7 գյուղական համայնքների մշակույթի տների հիմնանորոգում, այդ թվում եւ Հայկավանի: Նախագծանախահաշվային փաստաթղթերն այն ժամանակ կազմվել են, հայտնի է եղել անգամ պահանջվող գումարը՝ 70 մլն դրամ հենց Հայկավանի մշակույթի տան համար: «Դե հիմա անցել է 13 տարի, իհարկե գումարը մի 10 մլն դրամով ավելի է լինելու՝ ենթադրում եմ, բայց ինչպես այն ժամանակ գումար չգտնվեց շենքի համար, այնպես էլ հիմա չեմ կարծում, որ մեզ միանգամից` հենց ուզենք էդ գումարը, կհատկացնեն, սակայն այս պահին այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ գոնե մասնակի նորոգում շենքում պետք է անենք, որի համար մոտ 22 մլն դրամի կարիք կա»,- նկատում է Սամվել Մխոյանը:


Սամվել Մխոյան

Համայնքապետարանն ունի խնայած գումար: 6 մլն դրամ նախատեսված է տրամադրել գերեզմանատան ցանկապատմանը: 11 մլն դրամը նախատեսել էին գյուղում գազիֆիկացման ընդհատված ծրագիրը վերսկսվելու դեպքում որպես համայնքային ներդրում տրամադրելու նպատակով: «2009թ-ին գյուղում գազիֆիկացման ծրագրով մոտ 52 մլն դրամի աշխատանքներ են կատարվել, որի 8 մլն դրամը համայնքի ներդրումն էր, բայց էս էլ է կիսատ մնացել: Այսքան տարի սպասում ենք, որ շարունակություն ունենա, որովհետեւ ափսոս է այդքան ներդրումը, որ արվել է, դրա հետ է կապված ֆոնդում հավաքված գումարը: Բայց քանի որ առավել հրատապ գործ է առաջացել, որոշեցինք էդ 11 մլն դրամը ծախսել այլ նպատակով: Հիմա ուզում ենք դիմել մարզպետարանին, կառավարությանը, որ եւս 11 մլն-ի չափով աջակցեն` կարողանանք գոնե տանիքը նորոգել, պատի փլված հատվածը շարել ու մի քանի պատուհան փոխել»:

Հայկավանն այս պահին ինքնուրույն միավոր է՝ սեփական բյուջեի հաշվին ապրող, այսինքն` որեւէ խոշորացված համայնքի մաս չի կազմում: 2017թ.-ին Շիրակի մարզում համայնքների խոշորացման երկրորդ փուլի ժամանակ Ախուրյանի նախկին վարչատարածքի 23 գյուղեր միավորվեցին՝ Ախուրյան եւ Մայիսյան կենտրոններով: Եվս 10 գյուղի միավորում Ազատան կենտրոնով նախատեսված էր իրականացնելու 2018թ-ի աշնանը, սակայն կառավարության փոփոխության հետեւանքով համայնքների խոշորացման ծրագիրը երկրի տարածքում ժամանակավորապես կասեցվեց:

«Ախուրյանի գյուղերը որ խոշորացրեցին, արեւմտյան թեւի տաս գյուղ թողեցին հաջորդ տարվա մեջ, -ասում է Սամվել Մխոյանը,- մենք էլ էինք այդ կազմում, չնայած առաջարկել էինք, որ Ախուրյան գետի աջ ափին գտնվող 4 գյուղերով՝ Առափի, Ոսկեհասկ, Հայկավան, Ախուրիկ, կազմեինք մի փունջ Աջափնյակ անունով: Մեր առաջարկը հավանության արժանացել էր, բայց ասել էին նաեւ, որ լրացուցիչ քննարկելու են: Դե արդեն պարզ է, որ խոշորացման ծրագիրն այս տարի էլ չի լինի, թե երբ կլինի կամ արդյո՞ք կշարունակվի, անհայտ է, այնպես որ համայնքներում իրականացվող ծրագրերի պահով մենք շարժվում ենք նրանով ինչ-որ տարվա սկզբին հաստատել էինք: Հիմա, եթե խոշորացման պարագայում հույս կար, որ գուցե այս շենքի համար ֆինանսավորում գտնվեր, արդեն պարզ է, որ պիտի փորձենք մեր ուժերով ու կառավարության աջակցությամբ, թեկուզ էտապ առ էտապ, ինչ-որ ձեւով փրկենք եղածը»:

Ապրիլին, երբ գրանցվել էր փլուզումը, համայնքապետը դիմել էր մարզային իշխանություններին աջակցության համար: Պահը համընկել էր նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանի հրաժարականի հետ, եւ համայնքապետին պատասխանել էր ժամանակավոր պաշտոնակատար, փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը՝ նշելով, որ գումար չունեն տրամադրելու համար: Խնդրի հետ կապված պատրաստվում են դիմել նոր մարզպետ Կարեն Սարուխանյանին, գուցե հնարավոր լինի մարզին հատկացվող հրատապ ծրագրերի համար նախատեսված միջոցներից որեւէ աջակցություն ստանալ:

«Նոր ձեւավորված կառավարությունը հայտարարել է սոցիալական եւ տնտեսական ծրագրերին 40 եւ 60 տոկոս համամասնությամբ աջակցելու մասին: Մենք մշակույթի տան համար, եթե ներկայացնենք սոցիալական ծրագիր, ապա չենք կարող ապահովել նախատեսված 60 տոկոս ներդրումը: Մեր բյուջեն 33 մլն դրամ է, եթե հաշվի առնենք, որ համայնքային կենտրոն կամ հիմնանորոգված մշակույթի տուն ունենալու համար պետք է 80 մլն դրամ, ապա չենք կարող 48 մլն դրամ ներդրում կատարել՝ դա ավելին է, քան մեր մեկ տարվա բյուջեն»:

Հայկավանն ունի 1263 բնակիչ, մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն էլ այլ գյուղերի համեմատ փոքր չէ՝ 45 երեխա, դպրոցի աշակերտների թիվը 148 է, այս տարի ընդունել է 13 առաջին դասարանցի, մայիսին ունեցել են 8 շրջանավարտ: Գյումրիից Հայկավանը հեռու է ընդամենը 12 կմ: «Մարզկենտրոնից շատ հեռու չենք, նորմալ տրանսպորտային կապ ունենք, սպորտ կամ երաժշտական դպրոց հաճախող երեխաները հնարավորություն ունեն գնալ-գալ, բայց մենք շատ ենք ուզում, որ այս շենքը նորոգվի եւ այդ խմբակները տեղում բացվեն: Հիմա կորիզը կա` դպրոցում պարի խումբ ունենք, որ կարող է այստեղ տեղափոխվի, եթե սենյակ նորոգենք: Երիտասարդությունը, երեխաները զբաղմունքի տեղ չունեն, իսկ այս շենքը շատ հարմար է համայնքային կենտրոնի վերածելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter