Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր-անդամ Շահեն Հարությունյան



սկիզբը

Շահեն Հարությունի Հարությունյանը ծնվել է 1937 թ., Երեւանում: Մինչեւ կալանավորվելը սովորել է մանկավարժական ուսումնարանի 3-րդ կուրսում: Ընդհատակյա գործունեություն սկսել է ծավալել 1963 թվականից։ Անդամակցել է այդ շրջանում գործող «Հայ երիտասարդների միություն» կազմակերպությանը։ Հետագայում այս կազմակերպության ղեկավար անդամների գործով, որ հայտնի է նաեւ որպես «Յոթի գործ» կամ «Յոթ հայրենասերների գործ», խուզարկություն է կատարվել նրա բնակարանում, նախաքննության եւ դատավարության ժամանակ ներգրավվել է որպես վկա: Ճանաչել է 1960-ականներին գործող այլախոհներից շատերին եւ առնչվել նրանց հետ: Եղել է 1965 թ. Եղեռնի 50-ամյակի կապակցությամբ իրականացված հայտնի ցույցի կազմակերպիչներից մեկը: 1966 թ․ մի քանի համախոհների հետ միասին փորձել են նույնանման ցույց կազմակերպել, սակայն, չի ստացվել։ Մասնակիցները թվաքիչ են եղել։ Վճռվել է միջոցառումը Կոմիտասի անվան այգի՝ Պանթոն տեղափոխել։ Կոմիտասի շիրիմի մոտից էլ նրան ու մի քանի տասնյակ այլ մասնակիցների ձերբակալում ու 10-օրյա կալանքի են ենթարկում։ Կալանավայրում ծանոթացել է Հայկազ Խաչատրյանի եւ Ստեփան Զատիկյանի հետ։ Նրանց հետ էլ հետագայում հիմնադրել է Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ)։ 1967-ի հոկտեմբերին տպագրում ու տարածում են ԱՄԿ «Փարոս»պաշտոնաթերթը, իսկ մինչ այդ՝ ապրիլին «Փարոս» անվամբթռուցիկ էին տարածել։ «Փարոս» թռուցիկի «Ապրիլի 24-ը» հոդվածը գրել է Շահեն Հարությունյանը։ Նա է մշակել նաեւ ԱՄԿ անդամի հարցաթերթիկը։

Կալանավորվել է 1968-ի հուլիսի 11-ին: Դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի կալանավայրերում: Ազատ արձակվելուց հետո եղել է ոստիկանական հսկողության տակ, բայց չի կտրել կապերը այլախոհների հետ եւ շարունակել է հակախորհրդային գործունեությունը: 1976-ին նրա նախաձեռնությամբ կազմակերպվում, իսկ 1977-ի ապրիլին Մոսկվայում հայտարարվում է Հայաստանի հելսինկյան խմբի ստեղծման մասին:

1977 թ. հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում իրականացված պայթյունից հետո ոչ ոք չէր կարծում, որ այդ դեպքը ինչ-որ կերպ կարող է առնչվել Հայաստանին կամ հայ այլախոհներին: Տեղեկատվություն կա, եւ սա տարբեր առիթներով հրապարակավ հաստատել են պայթյունի գործի բացահայտմամբ զբաղվող չեկիստները, որ ԽՍՀՄ ՊԱԿ- ում՝ պայթյունից անմիջապես հետո, որպես պայթյունի հնարավոր հեղինակներ հայ կամ ուկրաինացի այլախոհներին են դիտարկել։ ՊԱԿ-ն այս երկու երկրներում առկա ազգային-ազատագրական շարժման ներկայացուցիչներին է համարել առավել վտանգավորեւ ծայրահեղական քայլերի հակված: Ի վերջո, այդ պայթյունը ոչ միայն վերագրվեց հայերին, այլեւ Հայաստանում նոր քաղաքական կալանավորումների, հետապնդումների ու հաշվեհարդարների առիթ դարձավ: ԽՍՀՄ ՊԱԿ-ը լուրջ ու հետեւողական աշխատանք էր տանում այս դեպքը Ազգային միացյալ կուսակցության հետ կապելու համար: Հարցաքննում էին իրենց տեսադաշտում եղած հայ եւ օտար այլախոհներին ընդհանրապես, իսկ ԱՄԿ անդամներին փորձում էին դիտարկել որպես այս գործի մեղսակիցներ:

1977-ի հոկտեմբերի 28-ին այդ գործով կալանավորվում են Հակոբ Ստեփանյանն ու Զավեն Բաղդասարյանը, իսկ նոյեմբերի 2-ին՝ Ստեփան Զատիկյանը: Շահեն Հարությունյանը Հայաստանի հելսինկյան խմբի անունից հաղորդագրություն է տարածում այս կալանավորումների կապակցությամբ՝ նշելով, որ նրանք կալանավորվել են Մոսկվայի մետրոյում իրականացված պայթյունի համար:

Շահեն Հարությունյանը պատմում է. «Արդեն Մոսկվա մեկնելու ժամանակ չկար:

Դեկտեմբերի երկուսին ես զանգահարել եմ Մոսկվա՝ արտասահմանյան թղթակիցների ինձ մոտ եղած հեռախոսահամարներով եւ Հելսինկյան խմբի անունից տեղեկացրել նրանց Ստեփանի ու իր ընկերների ձերբակալության եւ ներկայացված մեղադրանքի մասին: Նույն օրն ինֆորմացիան հնչել է արտասահմանյան մամուլի միջոցներով, եւ որպես ինֆորմացիայի աղբյուր նշվել է իմ անունը»:

Բազմաթիվ լրատվամիջոցներ անմիջապես տարածում են այս հաղորդագրությունը՝ հղում անելով Հայաստանի հելսինկյան կոմիտեի եւ Շահեն Հարությունյանի վրա: Համաձայն Մոսկվայում հրապարակվող «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկայի», Հայաստանի հելսինկյան խմբի հաղորդագրությունը եղել է նոյեմբերի 28-ին եւ այնտեղ նշվել է, որ Զատիկյանը, Ստեփանյանը եւ Բաղդասարյանը կալանավորվել են Մոսկվայի Կուրսկյան կայարանում պայթյուն կազմակերպելու փորձի համար: Շահեն Հարությունյանի պնդմամբ՝ ինքն ասել է. «Կալանավորվել են իբրեւ թե Մոսկվայի մետրոյում պայթյուն իրականացնելու համար», շեշտելով «իբրեւ թե» բառակապակցությունը, քանի որ հաստատապես իմանալ չէր կարող եւ օգտվել է տարբեր շրջանակներից ստացած ու մինչեւ վերջ չճշտված տեղեկություններից:

Այս հաղորդագրության տարածումից օրեր անց, առավոտյան տնից դուրս գալու պահին Շահեն Հարությունյանին ձերբակալում եւ տեղափոխում են Օրջոնիկիձեի (Էրեբունու) շրջանի ոստիկանություն: Նրան ՀԽՍՀ քր.օր.-ի 222 հոդվածով (խուլիգանություն) մեղադրանք են ներկայացնում. իբր, առանց հիմնավոր պատճառների, խուլիգանական նկատառումներով հարձակվել ու ծեծի է ենթարկել հինգ մարդու: Այս մեղադրանքով նրան դատապարտում են 3 տարի ազատազրկման: Դատավճռի հրապարակումից հետո Հարությունյանին տեղափոխում են Լեֆորտովո՝ Մոսկվայի ՊԱԿ- ի մեկուսարան, որտեղ պահում են 5 ամիս: Շահեն Հարությունյանին ներկայացնում են արտասահմանյան թղթակիցների հետ դեկտեմբերի 2-ին Երեւանից հեռախոսով ունեցած նրա զրույցի սղագրությունը, որը ՊԱԿ-ը գաղտնի ձայնագրել էր: Փորձում են պարզել՝ եթե նախապես տեղյակ չէր պայթյունից, ապա որտեղի՞ց է ստացել այն տեղեկությունը, որ Զատիկյանը, Ստեփանյանը եւ Բաղդասարյանը կալանավորվել են մետրոյի պայթյունի համար: Շահեն Հարությունյանը բացատրում է, որ իր տեղեկությունները հստակ չեն եղել, դրանք ստացել է տարբեր պատահական աղբյուրներից, ինչպես նաեւ իրեն անծանոթ մի կնոջից, ով ներկայանալով որպես Ստեփան Զատիկյանի հարեւանուհի տեղեկացրել է իրեն այդ մասին, այդ իսկ պատճառով էլ հաղորդագրության մեջ օգտագործել է «իբրեւ թե» բառակապակցությունը: Հինգ ամիս անց տեսնելով, որ ոչ մի կերպ չեն կարողանում Շահեն Հարությունյանին կապել մետրոյի պայթյունի հետ, նրան տեղափոխում են Հայաստան որտեղ շարունակում է կրել խուլիգանության համար ստացած պատժաչափը եւ ազատ է արձակվում 1981 թվականին։ Ազատ արձակվելուց հետո շարունակում է առնչվել հայաստանյան ու խորհրդային այլախոհների հետ, մասնակցում է Հայաստանի հելսինկյան խմբի աշխատանքներին: 1985-ին ՊԱԿ-ը նրան կանգնեցնում է երկընտրանքի առաջ՝ կամ նոր կալանավորում, կամ հեռանալ ԽՍՀՄ-ից: Հարկադրված մեկնում է ԱՄՆ: 1986-ին ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է կայացնում զրկել Շահեն Հարությունյանին ԽՍՀՄ քաղաքացիությունից: ԱՄՆ-ում նա կազմակերպում է Հայ քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե եւ «Երկունք» վերնագրով թերթ է հրատարակում: Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում:

Պատմում է Շահեն Հարությունյանը

1963 թ. համալսարանում Հովհաննես Շիրազին նվիրված երեկո էր կազմակերպվել:

Ես էլ էի այնտեղ: Ընդմիջման ժամանակ հանդիպեցի Վիգեն Բաբայանին, նրա միջոցով էլ ծանոթացա Սաֆարյան Խաչիկի եւ ՔիրամիջյանԿարոյի հետ: Այդ օրն՝ ավելի ուշ Վիգենի հետ մեկնեցի Էջմիածին՝ Հովհաննիսյան Մերուժանենց տուն: Մերուժանենց տանը ծանոթացա ԿակոսյանԷդիկի եւ Ամիրջանյան Խաչիկի հետ: Մերուժանենց տանը մի երեսուն հոգի հավաքված մարդ կար: Այդ օրվանից այս մարդկանց հետ հանդիպումներս սկսեցին կրել սիստեմատիկ բնույթ: Նրանք, փաստորեն, իրենցից կազմակերպություն էին ներկայացնում եւ քանի որ չունեին անդամագրվելու հատուկ կարգ,ես էլ ինքնաբերաբար սկսեցի համարվել այդ կազմակերպության անդամ: Մեր հիմնական գործը մարդկանց մեջ գրականության տարածումն էր: Տարածում էինք Նիկոլ Կարապետյանի, Սկաչկոյի եւ այլ հեղինակների հոդվածներ ու նյութեր: Մեր այս կարգիգործունեությունն ամիսներ տեւեց: 1963 թ. դեկտեմբերի 24-ին ձերբակալվեցին հայտնի «Յոթ հայրենասերները»՝ Խաչիկ Ամիրջանյանը, Խաչիկ Սաֆարյանը, Վիգեն Բաբայանը, Գրիգոր Եղյանը, Էդիկ Կակոսյանը, Կարապետ Քիրամիջյանը, Մերուժան Հովհաննիսյանը: 1964-ի մարտին ինձ կանչեցին հարցաքննության: Հարցաքննությանը զուգահեռ՝ տանս խուզարկություն կազմակերպեցին եւ գտան Նիկոլ Կարապետյանի հոդվածների մոխիրը: Կինս՝ Մեժլումյան Լաուրան, մինչեւ նրանց մեր տուն մտնելը հասցրել էր դրանք այրել: Այնպես որ՝ քրեական գործին առանձին ծրարով կցեցին մոխիրը: Ողջ նախաքննության ընթացքում ես կապի մեջ էի Հեքիմյան Գեւորգի հետ, որը հետագայում դատապարտվեց «Հանուն Հայրենիքի» ամսագրի գործով: 1964 թ. օգոստոսի 5-ին տեղի ունեցավ «Յոթ հայրենասերների» դատավարությունը: Այդ օրը Հեքիմյան Գեւորգի հետ հանդիպեցինք Հաղթանակի այգում ու ծրագրեցինք, պայքարը շարունակելուն զուգահեռ, կազմակերպել նաեւ քաղբանտարկյալների ընտանիքներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու գործը, ինչը հետագայում հաջողությամբ իրականացրինք: Այդ նպատակով հատուկ դրամահավաք էինք կազմակերպում, ինչին շատերը պատրաստակամորեն մասնակցում էին:

Նալբանդյան Մարտինի եւ Հովհաննիսյան Մերուժանի մորաքրոջ տղա Հակոբյան Ստյոպայի հետ մտածում էինք ինչ-որ կերպ կազմակերպել Եղեռնի 50-ամյակը նշելու գործը: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք տարանք: Պատրաստեցինք ֆոտոթռուցիկներ, դրանք տարածեցինք փոստարկղերը գցելու միջոցով: Ցույցը շատ հաջող անցավ: Իշխանությունները ուժ չկիրառեցին: Ընդամենը մի քանի հոգու մի քանի օրով ձերբակալեցին: Նույն փորձը արեցինք հաջորդ տարի՝ 1966-ին: Էլի թռուցիկներ տարածեցինք, սակայն, այդ օրը քիչ մարդ եկավ հրապարակ: Հրապարակում կանգնած՝ ես ու Հեքիմյան Գեւորգը եկողներին ասում էինք, որ գնան Կոմիտասի անվան այգի: Որոշ ժամանակ անց ես էլ գնացի այգի ու միացա ոչ այնքան մարդաշատ բազմությանը: Մերայնտեղ մնալը երկար չտեւեց: Ոստիկանները շրջապատեցին մեզ, ձերբակալեցին ու տարան ոստիկանություն: Հասարակական կարգը խախտելու համար բոլորիս էլ 10 օրվա կալանք նշանակեցին: Խցում 31 հոգի էինք: Երկուսը մեզ հետ կապ չունեցող հարբեցողներ էին, որ ընդհանուր խառնաշփոթի մեջ այգուց բերման էին ենթարկվել: Խցակիցներիս մեջ կային ինձ ե՛ւ ծանոթ, ե՛ւ անծանոթ մարդիկ: Խցում պատուհաններին ապակիներ չկային, ցուրտ էր: Հայկազ Խաչատրյանը, որը նույնպես մեզ հետ էր, առաջարկեց հացադուլ հայտարարել: Մեր մեկօրյա հացադուլը տվեց իր արդյունքը: Մեզ ծածկոցներ տվեցին, ու մենք դադարեցրինք հացադուլը: Ճաշին մեզանից միայն մեկնէր, որ նառին պառկած՝ չգնաց իր բաժին ճաշը վերցնելու: Մոտեցա նրան, հարցրի անունը, ասաց՝ Ստեփան: Առաջարկեցի, որ բոլորի պես՝ ինքն էլ իր բաժինն ընդունի: Նաէլ ճաշը վերցրեց: Խցակիցներով պայմանավորվեցինք հետագայում՝ ազատվելուց հետո հանդիպել: Այդպես էլ արեցինք: Մոտ մի 14-15 հոգով ազատվելուց հետո հանդիպեցինք «Լոռի» ռեստորանում: Դեռ խցում՝ ես, Ստեփանը եւ Հայկազըպայմանավորվելէինք, որ «Լոռի» ռեստորանում հավաքվելուց՝ մեզ հետ հետագա պայքարի աջակիցներ կընտրենք: Սակայն, նման կադրեր չեղան: Բոլորն էլ շատ լավ ու հայրենասեր մարդիկ էին, բայց ընդհատակյա քաղաքական պայքարի ցանկություններ ու ծրագրեր չունեին:

«Լոռի» ռեստորանի հանդիպումից հետո մենք մնացինք երեքով: Հայկազն առաջարկեց ստեղծել կազմակերպություն: Ես ասացի, որ պետք է ստեղծվի ոչ թե կազմակերպություն, այլ կուսակցություն: Վճռեցինք, որ կուսակցություն ենք ստեղծում: Հայկազ Խաչատրյանը գրեց ծրագիրը, ես՝ կանոնադրությունը, իսկ Զատիկյան Ստեփանը գրեց երդման տեքստը: 1966 թվականի հոկտեմբերն էր: Հայկազ Խաչատրյանիառաջարկով՝ կուսակցությունն անվանվեց Ազգային միացյալ կուսակցություն:

Մեր ծրագրած առաջին գործերից եղավ 1967 թ. ապրիլի 24-ին նվիրված թռուցիկների պատրաստումը: Հայկազը ցինկի վրա յուղաներկով գրում էր պահանջվող տեքստի թարս՝ հայելային տառերը, ազոտական թթվի մեջ ցինկը քայքայում էր, այնպես, որ ներկոտ մասը մնում էր, ես ու Ստեփանը, կլիշեի վրա հավաքելուց հետո, քսում էինք տպագրական ներկը, լիսեռով անցնում վրայից, եւ թռուցիկը պատրաստ էր: Տպում էինք Հայկազենց տանը, չնայած Ստեփանը հետագայում ցուցմունքներում ասում էր, թե ինքը դրանք տպել է իր տան նկուղում: 1967-ի ապրիլին թռուցիկների ողջ խմբաքանակն արդեն պատրաստ էր: Բարեհաջող տարածեցինք: 67-ի աշնանը ես, պատահաբար, Մանուկ անունով մի տղայի միջոցով ծանոթացա Պարույրի հետ: Դեռ չափազանց երիտասարդ էր, բայց արդեն թռուցիկներ էր տպում ու տարածում: Նա ինձ տեղեկացրեց, որ մի հինգ հոգանոց խումբ ունի եւ չի կողմնորոշվում, թե ինչ անուն ընտրի: Առաջարկեցի խումբն անվանել «Շանթ» եւ ընդգրկվել մեր կազմակերպության մեջ, որպես ԱՄԿ երիտասարդական մասնաճյուղ: Պարույրն այդպես էլ արեց: Պարույրի ներկայացրած մարդկանց ընդունեցինք ԱՄԿ շարքերը: Միայն Ազատ Արշակյանի տարիքը չէր ներում: Նրա 18 տարին դեռ չէր լրացել, բայց Պարույրը պնդում էր: Մտածեցի, որ մեկ տարին մեծ բան չի, եւ նրան նույնպես ընդունեցի ԱՄԿ շարքերը: Այս կապակցությամբ Ստեփանն ասաց. «Մեր մեջ առաջին խախտումը դու կատարեցիր»: Հոկտեմբեր ամսին պատրաստեցինք «Փարոս» թերթը:

Մեր երեքից ՊԱԿ-ի տեսադաշտում միայն ես էի: Ոչ Հայկազը, ոչ էլ Ստեփանը նախկինում՝ չհաշված 10-օրյա կալանքը ապրիլի 24-ի հետ կապված, որեւէ կերպ ՊԱԿ-ին չէին առնչվել: «Փարոս» թերթն այդ տարիներին էապես տարբերվում էր իրենից առաջ եղած բոլոր թռուցիկներից: Որպես կանոն՝ եղած թռուցիկները վերաբերում էին Եղեռնին կամ կրում էին հայրենասիրական բնույթ, իսկ «Փարոսը» խիստ ընդգծված հակասովետական բնույթ էր կրում: Պարունակում էր ռուսական կայսրության դեմ պայքարի կոչեր: ԱՄԿ ծրագրի 5-րդ եւ 6-րդ կետերը նախատեսում էին պայքար ռուսական կայսրության դեմ եւ Հայաստանի անկախացում: Յուրաքանչյուր նոր ընդունվողԱՄԿ-ականի այս կետերի վերաբերյալ պարտադիր հարց էր տրվում՝ համաձա՞յն է,արդյոք, այս կետերում շարադրվածի հետ, եթե՝ այո, ապա ստորագրում էր անձնական քարտը: Դրանից հետո էր միայն մարդն ընդունում երդումը եւ համարվում ԱՄԿ-ական:
Ահա այս տրամաբանությունն էլ դրված էր «Փարոսի» հիմքում:

«Փարոսի» տարածումից հետո, մի օր պատահաբար Հայկազը քաղաքում հանդիպում է Արա Մնացականյանին, որը նույնպես ապրիլի 24-ի օրը մեզ հետ 10-օրյա կալանքի էր վերցվել: Ահա այս Արան Հայկազին ասում է, որ «Փարոս» թերթ է տպագրվել, ուզում է մեկ օրինակ տեսնել: Հայկազն ասել է, թե ինքը տեղյակ չի, բայց Շահենից կհարցնի, գուցե նա ունենա: Հաջորդ օրն ինձ առաջարկեց հանդիպել Արային եւ թերթ տալ նրան: Հանդիպեցի եւ մեկ օրինակ թերթ տվեցի, իհարկե՝ ասելով, որ ուրիշից եմ վերցրել եւ չգիտեմ, թե տարածողներն ովքեր են: Ամիսներ անց Արայիկն իր խմբի հետ ձերբակալվում է: Ձերբակալությունը, ինչքան այսօր կարողանում եմ հիշել, կապվածէր ինչ-որ տպատառերի հետ: Նրա մոտ հայտնաբերում են իմ տված «Փարոսը»: Արայիկ Մնացականյանը հարցաքննության ժամանակ ասում է, որ այն ինձանից էստացել: Փաստորեն, Արայիկն առաջին մարդն էր, որը ցուցմունք էր տվել «Փարոս»-ին ունեցած իմ առնչությունների վերաբերյալ: Ինձ ՊԱԿ կանչել եւ այդ մասին հարցեր տալ չէին կարող: Վստահ էին, որ մի բան կհորինեմ Արայիկի մոտ եղած «Փարոսի» հետ կապվածեւ իմ միջոցով հրատարակիչների հետքի վրա դուրս գալ չեն կարող: Նրանց հարկավորէր մարդ, ում միջոցով կկարողանան ոչ թե մոտավոր, այլ հստակ տեղեկություններ ստանալ «Փարոսի» եւ ԱՄԿ-ի վերաբերյալ: Եւ ՊԱԿ-ը ժամանակից շուտ կալանավայրից ազատ արձակեց մինչ այդ «Յոթի գործ»-ով դատապարտված Ամիրջանյան Խաչիկին: Վիգեն Բաբայանի տիկնոջ՝ Սեդայի միջոցով նա փոխանցել էր, որ ցանկանում է հանդիպել ինձ: Գնացի հանդիպմանը: Ամեն ամիս Ամիրջանյան Խաչիկի ընտանիքի համար, երբ նա կալանավայրում էր, գումար էինք հավաքում: Նա այլախոհներիս մեջ հեղինակություն էր վայելում: Վերջին հաշվով դատապարտված ու կալանավայրից հենց նոր ազատ արձակված մարդ էր: «Փարոսով» էր հետաքրքրված: Առաջարկում էր իմանալ, թե ովքեր են կազմակերպիչները, աջակցել ու օգնել սկսած լավ գործը շարունակելու համար: Ես նրան ծանոթացրեցի Հայկազի հետ: Հետագայում բոլորն են համոզվել, որ Խաչիկը կալանավայրից վաղաժամ ազատ է արձակվել հատուկ ԱՄԿ-նբացահայտելու գործում ՊԱԿ-ին օժանդակելու համար: Անձամբ ես նրա երեսին եմ սաասել: Մեզ հետ միաժամանակ ձերբակալվեց նաեւ «Հանուն Հայրենիքի» խումբը: Այս խմբի հետ Ամիրջանյանը նույնպես կապեր էր հաստատել, եւ նրանց ձերբակալումը կրկին նրա մատնությամբ տեղի ունեցավ: Նրանք ձերբակալվեցին հուլիսի երկուսին, մենք՝ իննին:

Ազատ արձակվելուց հետո՝ 1974 թ. ես պաշտոնապես հրաժարվեցի սովետական քաղաքացիությունից: 1975-ին մեկնեցի Մոսկվա՝ Գերմանիայի դեսպանատուն, համապատասխան դիմում հանձնելու նպատակով: Մոտեցա դեսպանատան շենքին, զանգահարեցի դեսպանատան երկրորդ քարտուղարին, ներկայացա եւ ասացի գալուս նպատակը: Նա առաջարկեց ներս մտնել, սակայն ոստիկանները, ներս թողնելու փոխարեն, ինձանից վերցրին իմ անձնագիրը եւ տարան իրենց պահակակետ: Մոտս եղած փաստաթղթերից հասկացան, թե ով եմ: Իմացան, որ դատապարտված եմ եղե լքաղաքական հոդվածով: Մինչ նրանք, իրենց հենակետում ինձ փակելուց հետո, դրսում կանգնած վճռում էին, թե ինչ պետք է անեն ինձ հետ, ես հենակետի ներսում եղած հեռախոսով կրկին զանգահարեցի դեսպանատան երկրորդ քարտուղարին եւ տեղեկացրեցի, որ փակված եմ դեսպանատանը կից ոստիկանական հենակետում: Նա խոստացավ դուրս գալ եւ անձամբ ներս տանել ինձ: Ոստիկաններին ասացի, որ երկրորդ քարտուղարը հիմա դուրս է գալու: Այդ ժամանակ նրանք տվեցին իմ անձնագիրըեւ պահանջեցին հեռանալ դեսպանատանը հարող տարածքից:

Հեռացա ու այդ օրն էլայցելեցի Սախարովին: Պատմեցի եղելությունը: Զրույցին ներկա էր նաեւ Լյուդմիլա Ալեքսեեւան: Նա ասաց, որ Գերմանիայի դեսպանատան հետ կապեր չունի, բայց կարող է իմ նամակը գերմանացիներին փոխանցել ամերիկացիների միջոցով: Վերադարձա Երեւան: Մի քանի օրից ինձ կանչեցին ՊԱԿ եւ բացատրություններ պահանջեցին իմ Մոսկվա գնալու եւ Գերմանիայի դեսպանատանը լինելու հետ կապված: Ասացի, որ հրաժարվել եմ ԽՍՀՄ քաղաքացիությունից եւ դիմում եմ դեսպանատուն՝ այստեղից հեռանալու համար: Որոշ ժամանակ անց կրկին այցելեցի Մոսկվա՝ իմանալու համար, թե ինչ ընթացք ստացավ դիմումս: Այս անգամ գնացի Յուրի Օռլովի տուն: Այդ օրը՝ Օռլովի տանը Լյուդմիլա Ալեքսեեւան մամուլի ասուլիս էր կազմակերպել: Սակայն, նախատեսված ասուլիսը ինչ-ինչ պատճառով տեղի չունեցավ: Այնտեղ էր նաեւ Զվիադ Գամսախուրդիան՝ Վրաստանի ապագա նախագահը, որը խորհրդային տարիներին հայտնի դարձավ նրանով, որ ձերբակալվելուց հետո ընկճվեց, հանդես եկավ իրավապաշտպանական իր գործունեությունը եւ ընդհանրապես այլախոհությունը դատապարտող տխրահռչակ հայտարարությամբ: Ծանոթացանք, զրուցեցինք: Իմացա, որ պատրաստվում է ստեղծել վրացական Հելսինկյան խումբ: Ասացի, որ ես էլ պատրաստեմ հայկական Հելսինկյան խումբ ստեղծել: Օռլովենց տանն էլ որոշեցինք, որ հայկական եւ վրացական Հելսինկյան խմբերի ստեղծման մասին համատեղ ասուլիսով Մոսկվայում՝ ավելի ուշ միասին կհայտարարենք:

Վերադարձա Երեւան, հանդիպեցի մարդկանց, որոնք, իմ կարծիքով, կարող էին մասնակցել ստեղծվող Հելսինկյան խմբի աշխատանքներին: Դիմեցի Ռաֆայել Պապայանին եւ ԷդմոնդԱվետյանին: Ես ցանկանում էի, որ այդ գործին մասնակցեն ժամանակի ճանաչված այլախոհ մտավորականներ՝ Լեւոն Ներսիսյանը, Էդմոնդ Ավետյանը եւ Ռաֆայել Պապայանը: Երեքն էլ աշխատում էին Երեւանի պետական համալսարանում, այլախոհներ էին եւ այս գործում կարող էին լավ դեր կատարել: Ըստ էության, նրանք չմերժեցին իմ առաջարկը: Սակայն, այն տարիներին անդամակցությունը Հելսինկյան խմբին՝ պահանջում էր հրապարակայնություն: Մասնակիցը պետք է հանդես գար իր անուն-ազգանունով: Ե՛վՊապայանը, ե՛ւ Ավետյանը, ե՛ւ Ներսիսյանն այդ շրջանում դեռ պատրաստ չէին դրան: Հետագայում Պապայանը եւ Ավետյանը այլախոհության համար դատապարտվեցին: Ընդ որում, ՊԱԿ-ը որոշեց ԷդմոնդԱվետյանին շատ ավելի խիստ պատժել, եւ նրան հոգեբուժարան տարան: Այդ օրերին Էդմոնդ Ավետյանին է այցելում Ռոբերտ Նազարյանը, նրանից իմանում Հելսինկյան խումբ ստեղծելու իմ ծրագրերի մասին ու անմիջապես այցելում ինձ եւ առաջարկում իր թեկնածությունը: Հանդիպեցինք նաեւ Էդուարդ Հարությունյանին: Մինչ այդ ՊԱԿ-ը հոգեբուժարաններում էր պահել նրան: Հարությունյանը լեցուն էր ակտիվ գործունեություն ծավալելու վճռականությամբ: Ե՛վ Էդուարդ Հարությունյանը, ե՛ւ Ռոբերտ Նազարյանը, առանց երկմտելու, հանձն առան ներկայացնել հայկական Հելսինկյան խումբը: Էդուարդ Հարությունյանը գրեց խմբի հռչակագիրը:

Ես եւ Նազարյան Ռոբերտը թռանք Մոսկվա: Ապրում էինք Կապիտանչուկի եւ հոգեւորական-այլախոհ ԳլեբՅակունինի տներում: Ինքը՝ Կապիտանչուկը, տպագրեց եւ մի տասը օրինակ բազմացրեց մեր Հռչակագրի տեքստը: Հաջորդ օրը Յուրի Օռլովի տանը կազմակերպված մամլո ասուլիսին, որը վարում էր Տատյանա Վելիկանովան, Ռոբերտ Նազարյանն ընթերցեց մեր Հռչակագիրը: Պաշտոնապես հռչակվեց Հայաստանի հելսինկյան խմբի գոյության մասին: Մինչեւ մեր Երեւան հասնելն արդեն հնարավոր բոլոր ռադիոկայաններով հայտարարվել էր մեր հռչակած կոմիտեի մասին: Դա 1977 թ. ապրիլն էր:

1977 թ. հունվարին տեղի ունեցավ Մոսկվայի մետրոյի պայթյունը: Նոյեմբերին արդեն այդ պայթյունի համար ձերբակալվեց Ստեփան Զատիկյանն իր երկու ընկերների՝ Հակոբ Ստեփանյանի եւ Զավեն Բաղդասարյանի հետ: Այս կապակցությամբ ես պատրաստվում էի Մոսկվա մեկնել: Հովիկ Վասիլյանը պնդում էր, որ Մոսկվա գնալու ժամանակ չկա եւ հարկավոր է արեւմտյան լրատվամիջոցներին Զատիկյանի կալանավորման մասին հայտնել հեռախոսով՝ Երեւանից: Դեկտեմբերի 2-ին ես զանգահարել եմ Մոսկվա՝ արտասահմանյան թղթակիցների ինձ մոտ եղած հեռախոսահամարներով եւ Հելսինկյան խմբի անունից տեղեկացրել եմ նրանց Ստեփանի ու իր ընկերների ձերբակալության եւ ներկայացված մեղադրանքի մասին: Նույն օրն ինֆորմացիան հնչել է արտասահմանյան մամուլի միջոցներով, եւ որպես ինֆորմացիայի աղբյուր նշվել է իմանունը: Մի քանի օր անց՝ տնից դուրս գալուց ինձ ձերբակալեցին, իբր, խուլիգանություն կատարելու համար եւ դատապարտեցին երեք տարի ազատազրկման: Արագ կազմակերպված դատավարությունից հետո ինձ տարան Մոսկվա՝ Լեֆորտովո: Նրանք ունեին արտասահմանյան լրագրողների հետ ունեցած իմ հեռախոսային զրույցի ձայնագրությունը: Հետաքրքրվում էին՝ որտեղից եմ իմացել, թե ինչի համար է կալանավորվել Զատիկյանը: Լեֆորտովոյի մեկուսարանում ինձ պահեցին հինգ ամիս: Այնտեղ էինբերել նաեւ Պարույրին, այն դեպքում, որ նա Ստեփանի գործի հետ որեւէ առնչություն ունենալ չէր կարող՝ թեկուզ միայն այն պատճառով, որ այդ ընթացքում գտնվում էր Պերմի կալանավայրերում:

Պարույրի այնտեղ լինելու մասին իմացա պատահաբար՝ երգից: Մեկ ժամով մեզ տանում էին զբոսանքի: Զբոսանքի տեղում լսեցի՝ մեկը երգում էր «Մայր Արաքսի ափերով»-ը: Ես անմիջապես շարունակեցի երգը: Հսկիչները սա դիտարկեցին որպես ռեժիմի կոպիտ խախտում եւ երկուսիս էլ պատժախուց տարան: Մեր խցերն ունեին ընդհանուր միջանցք, եւ մենք կարողանում էինք հաղորդակցվել: Բացի Պարույրից, ես Լեֆորտովոյում հանդիպեցի նաեւ Ստեփան Զատիկյանին: Մինչեւ հիմա էլ չգիտեմ՝ պատահաբա՞ր ստացվեց, թե ՊԱԿ-ի կողմից ծրագրված էր մեր հանդիպումը: Երբ ինձ հերթական զբոսանքից դեպի խուց էին տանում՝ միջանցքում ինձ ընդառաջ բերեցին Ստեփանին: Ե՛վ Լեֆորտովոյում, ե՛ւ Երեւանի ՊԱԿ-ի մեկուսարանում՝ տարբեր խցերում եղած կալանավորների հանդիպումներն իսպառ բացառվումէին: Յուրաքանչյուր շարժ մշակված էր այնպես, որ պատահականություններ չլինեն: Մեզ հրահանգեցին կանգնել: Մի պահ մենք դեմ առ դեմ էինք, եւ մեր միջեւ եղած հեռավորությունը մի 10-15 մետր էր: Ես Ստեփանին հարցրեցի. « Ո՞նց ես»: Այլ բան չգտա հարցնելու: Ի պատասխան իմ հարցի՝ Ստեփանը աչքերը փակեց ու ժպտաց: Ոչինչ չասաց:

Հինգ ամիս անց ինձ վերադարձրին Հայաստան՝ Սովետաշենի կալանավայր: Երեք տարի ազատազրկումից հետո, երբ ազատ արձակվեցի, իր առաջին ազատազրկումից վերադարձել էր նաեւ Էդիկ Հարությունյանը: Հելսինկյան խումբը նոր անդամներ ուներ: Շարունակում էինք անել այն, ինչ արել էինք մինչեւ մեր կալանավորումը: Մի օր էլ ինձ հերթական անգամ հրավիրեցին Պետանվտանգության կոմիտե եւ առաջարկեցին հեռանալ երկրից: Իմ առաջ հստակ պայման դրեցին՝ եթե հրաժարվում եմ լքել խորհրդային միությունը, ապա մնում եմ ԽՍՀՄ-ում ու կրկին դատապարտվում: Որ ինձ դատելուէին՝ կասկած չկար: Պարզ առաջարկ էր՝ կամ բանտ, կամ Ամերիկա: Տեղում պետք է վճիռ կայացնեի: Ստիպված համաձայնեցի Ամերիկա մեկնելու տարբերակին:

Տեղափոխվեցի ԱՄՆ: Մեկ շաբաթից ձեռնամուխ եղա «Սովետահայ քաղբանտարկյալների պաշտպանության հանձնախմբի» ձեւավորման գործին: Դեռ նոր էի սկսել իմ գործունեությունը, երբ ինձ զանգահարեց Վիգեն Բաբայանը եւ տեղեկացրեց, որ ՍՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով ինձ զրկել են ՍՍՀՄ քաղաքացիությունից: Այնքան էլ ծանր չտարա: Հետագայում սկսեցի հրատարակել նաեւ «Եր-կունք» անունով թերթ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Լուսիկ18:12 - 9 սեպտեմբերի, 2018
Շանթ Հարւթյունյանի որդին Շահեն Հարությունյանը իր հորից է ժառանգել հայրենասիրությունը, հեղափոխականի անկոտրուն ոգին: Երկուսն էլ պատժվել են իշխող ռեժիմների կողմից անկախ դիրքորոշման, այլախոհ լինելու համար: Մենք պետք է գիտակցենք, որ Շանթի նման այլախոհների գործնեության շնորհիվ մոտեցավ թավշյա հեղափոխության օրը: Զարմանալի է, որ հեղափոխությունից հետո երկրի ներկա ղեկավար և նախկին քաղբանտարկյալ Փաշինյանը կամ արդարադատության նախարարը չեն գտնում Շանթ Հարությունյանի գործի արժանապատիվ լուծումը: Սկսում ես մտածել, որ Շանթի համար, ոչ մեր Հայրենիքի, լավ կլիներ հոր հետ հեռանալ Հայաստանից:
2. Լուսիկ22:34 - 9 սեպտեմբերի, 2018
Հոր և որդու անունները սկզբամասում խառնել եմ: Հոդվածի հերոսը Շահենն է, իսկ որդին այսօրվա հայաստանյան քաղբանտարկյալ Շանթն է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Արխիվ