HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքորիի դպրոցում կրքերը չեն հանդարտվում. ըստ փոխտնօրենի՝ կոլեկտիվը չի հանդուրժի կեղծիքներով ընտրված տնօրենին

Հունվարի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպեց Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի 40-ից ավելի մանկավարժների հետ, ովքեր դեկտեմբերի 20-ին անցկացված դպրոցի տնօրենի անարդարացի ընտրության պատճառով արդեն մոտ մեկ ամիս աշխատանքային բոյկոտ են հայտարարել: Հանդիպմանը ներկա էր նաև Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Հանդիպմանը չէր ներկայացել Աքորիի գյուղապետ, դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Կամո Սիմոնյանը: Անահիտ Բախշյանն անմիջապես նկատեց և անթույլատրելի համարեց գյուղապետի բացակայությունը:

«Ես ցանկություն չեմ հայտնել դպրոցի կառավարման խորհրդի հետ հանդիպել, միգուցե պատճառը հենց այդ է, որ գյուղապետը չի ներկայացել հանդիպմանը: Ես եկել եմ մանկավարժների հետ հանդիպելու և կհանդիպեմ մանկավարժներին: Հիմա եթե դուք ուզում եք դպրոցի կառավարման խորհրդի նախագահի հետ հանդիպել, բնականաբար, կարող եք գնալ նրան հանդիպել, նա ձեզանից ավելի մոտ է ապրում, քան ես»,- Երևանից ժամանած պատգամավորին պատասխանեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«Մոտ է ապրում, բայց մարդիկ չեն կարողանում նրա հետ խոսել»,- մարզպետին հակադարձեց Անահիտ Բախշյանը: «Չեմ կարծում»,- պատասխանեց մարզպետը:

Նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին Աքորիի դպրոցի կառավարման խորհրդի անցկացրած դպրոցի տնօրենի ընտրությունից հետո խաթարվել է Աքորի գյուղի դպրոցի անդորրը: Մանկավարժները լարված հոգեվիճակում են, դպրոցում առ այսօր ուսումնական պարապմունքներ չեն անցկացվում:

Այս պարագայում դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Կամո Սիմոնյանը պարտավոր էր ներկա լինել հանդիպմանը և դպրոցում ու գյուղում ստեղծված վիճակի վերաբերյալ պարզաբանումներ տալ ուսուցիչներին մարզպետի և պատգամավորի ներկայությամբ:

Գրեթե բոլոր քննարկումներին ուսուցչուհի, դպրոցի խորհրդի քարտուղար Սեդա Թոմոյանը և տնօրենի հավակնորդ Արմեն Նիազյանի մայրը՝ Գեղեցիկ Նիազյանը, տնօրենի հավակնորդ Անահիտ Մուսայելյանի և խորհրդի նախագահ Կամո Սիմոնյանի կողմից իրենց կաշառք առաջարկվելու փաստեր են հրապարակել: Այս լուրերը տեղ են գտել նաև մամուլում, սակայն առ այսօր չեն արժանացել մարզի իրավապահների ուշադրությանը:

Հանդիպման ժամանակ մարզպետ Արթուր Նալբանդյանը մի քանի անգամ վրդովված անդրադարձավ այդ հայտարարություններին, որոնց մասին, իր ասելով, տեղեկացել էր ինտերնետից: «Բա որ մարդուն զրպարտում են, որ խորհրդի անդամներից կամ մարզպետարանից որևէ մեկը փող է վերցրել, բա պետք է մարդը պատասխան տա, չէ՞, դրա համար: Էդ ով է ասել, թե պետք է անպատասխան մնան իրենք»,- ասաց մարզպետը:

Այս կապակցությամբ Արթուր Նալբանդյանը հարցրեց դպրոցի խորհրդի քարտուղար Սեդա Թոմոյանին. «Առաջին օրվանից սկսած՝ Դուք ասում եք՝ Ձեզ փող է առաջարկվել: Հիմա միանշանակ պնդելո՞ւ եք, որ այդ փողը առաջարկել են»: «Այո, ապացուցելու համար 8-9 վկա կա»,- հաստատեց ուսուցչուհին:

Տնօրենի հավակնորդ Արմեն Նիազյանի՝ տնօրեն ընտրվելու համար վերևներում 5 հազար դոլար կաշառք տալու մասին գյուղապետ Կամո Սիմոնյանի իրեն արած առաջարկությունը մարզպետի ներկայությամբ հաստատեց նաև հավակնորդի մայրը՝ տիկին Գեղեցիկը:

«Կանչեք գյուղապետին, իրեն երեսին ասենք»,- միաձայն պահանջեցին ուսուցիչները: «Դե, հիմա ես համայնքի ղեկավարի հետ հանդիպման չեմ եկել, որ ես համայնքի ղեկավարին կանչեմ»,- ասաց մարզպետը: «Որպես դպրոցի խորհրդի նախագահ՝ կանչեք»,- համառեցին ուսուցիչները: «Խորհրդի նախագահին ուզում եք տեսնել՝ շատ ազատ կարող եք գնալ տեսնել»,- ներկաներին ասաց մարզպետը:

Հիշեցնենք, որ այս ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցության ժամանակ իր ելույթում մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզի ուսուցիչներին խոստացել էր պայքարել դպրոցներում կոռուպցիոն երևույթների դեմ:

Հանդիպման հենց սկզբից Արթուր Նալբանդյանը ուսուցիչներին ասաց, որ դպրոց է եկել ընդամենը նրանց լսելու. «Եկել եմ, որ տպավորություն չստեղծվի, թե մարզպետարանը հետևողական չէ իր աշխատանքների նկատմամբ, հատկապես մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնական դպրոցի նկատմամբ»:

Դպրոցի փոխտնօրեն Սեդա Խլոպուզյանը Արթուր Նալբանդյանին հայտնեց, որ 3 տասնամյակից ավելի Աքորիի միջնակարգ դպրոցը պատվավոր տեղ է ունեցել մարզի լավագույն դպրոցների շարքում, սակայն այսօր կոլեկտիվը հայտնվել է կոտրած տաշտակի առջև:

«Մեր մանկավարժական կոլեկտիվը վիրավորված է: Վիրավորված ենք մեր նկատմամբ դրսևորված վերաբերմունքից: Վիրավորված ենք նաև նրա համար, որ մեր իսկ սաները, ովքեր այսօր դպրոցի խորհրդի նախագահ և անդամներ են, չկարողացան հարգել համայնքին, դպրոցի մանկավարժական կոլետիվին և գյուղի բնակիչներին»,- ասաց Սեդա Խլոպուզյանը:

Փոխտնօրենը նշեց, որ դրա համար իրենք մեղադրում են իրենց, որ նման մարդիկ են դաստիարակել: «Ինչո՞ւ մեր համայնքապետը դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ չէ: Ինչո՞ւ մի անգամ գյուղի դպրոցի տնօրենի իր նախընտրած թեկնածուին նա չներկայացրեց մանկավարժական կոլեկտիվին և չասաց. «Հարգելի կոլեկտիվ, այս մարդը ունի այսքան արժանիքներ, ցանկանում է աշխատել Ձեզ հետ»: Չէ՞ որ Անահիտ Մուսայելյանը անծանոթ է մեզ: Մենք չգիտենք՝ ինչպիսի մարդ է նա, մենք միայն գիտենք, որ երկու անգամ այդ տիկինը մտել է մեր դպրոցը, որևէ մեկին չի բարևել»,- ասաց Սեդա Խլոպուզյանը:

«Դուք բարևեիք»,- արձագանքեց մարզպետը: «Ներեցեք, մենք կբարևենք նրան, ով արժանի է: Թող Մուսայելյանը լինի ամենաբարձր կազմակերպական ունակություններով մարդ, բայց նա տնօրեն ընտրվել է կեղծիքներով, իսկ կոլեկտիվը կեղծիքներով ընտրված տնօրենին չի հանդուրժի»,- մարզպետին պատասխանեց Սեդա Խլոպուզյանը:

Արթուր Նալբանդյանն ասաց, որ կոլեկտիվն ունի 2 ճանապարհ: Մեկը այն ճանապարհով գնալն է, «որի համար չգիտեմ ովքեր պատասխանատվություն կկրեն, որովհետև մի ամբողջ 300-ից ավել աշակերտների կրթության պատասխանատվությունը մնում է Ձեր ուսերին»: Մարզպետը սա սխալ ճանապարհ համարեց և կոլեկտիվին խորհուրդ տվեց գնալ երկրորդ ճանապարհով՝ ընտրությունները կեղծվելու հարցով դիմել դատարան:

Արթուր Նալբանդյանը նշեց, որ ժամանակին մարդիկ մատների արանքով են նայել կառավարման խորհուրդների կազմավորմանը: Ուսուցիչները մարզպետին բողոքեցին, որ խորհրդում ՀՀ գիտության և կրթության նախարարության ներկայացուցիչը Աքորիի մանկապարտեզի տնտեսվար Գայանեն է, նրան և համայնքի էլի երկու անդամի՝ իր կնոջը և տեղակալին, խորհրդի անդամ է նշանակել Կամո Սիմոնյանը:

«Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների մասին ըստ կարգի մենք ստացել ենք գրություն նախարարի կողմից»,- հայտարարեց մարզպետը: «Այսինքն՝ կրթության նախարարությունը գիտեր այդ աղջկա տեղը, դուք եք ուղարկել այդ մարդու անունը»,- արձագանքեց Անահիտ Բախշյանը:

Իր եզրափակիչ խոսքում Արթուր Նալբանդյանն ասաց. «Կրթության և գիտության նախարարության հանձնարարությամբ կրթության տեսչությունից արդեն եկել են, իրենց եզրակացությունը կտան՝ դրական կամ բացասական: Տրված եզրակացությունից արդեն խորհուրդը որոշում կկայացնի՝ նոր ընտրություննե՞ր ենք կայացնում, թե՞ գնում ենք ընտրված տարբերակին: Ես այսօր չեմ կարող Ձեզ պատասխանել, որովհետև կրթության նախարարությունից մենք պատասխան դեռ չենք ստացել»:

Մարզպետի մեկնելուց հետո դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ժողովը որոշեց շարունակել բողոքի ակցիան: Կոլեկտիվի 31 անդամի ստորագրությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված դիմում-բողոք հանձնվեց ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին, որ հանձնի նախարարին: Անահիտ Բախշյանը խոստացավ սատարել մանկավարժներին:

Մեկնաբանություններ (5)

Arevik
Hargeliners es miangamayn hamamit em @nk.Tomoyani haytna& chshmartaci kar&iqi het.ete Musayelyan@ hasni ir eraza& atorin,apa hetaqrqir e-inchpes e linelu?tnoren ev usucchakan kolektiv [email protected] eq?inchvor meki principi patcharov mer dproci ashakertnern en darnum tirax,bayc es mer ashakertnerin ev usucichnerin payqari koch em anum.havatacnelov,vor gone baroyakan haxtanak kunenanq payqarelov.
nan
gyuxaci Hamboyi tun@ kriv e @nkel)
Ա. Թ.
Իմ տողերում մի քանի անգամ ր- ի տեղ ռ է գրվել: Ներեցեք:
Կարինե
Հա ճիշտա, բայց պետքա հրաժարվի անեւ Նիազյանը եւ դպրոցում նոր պաշտոնակատար նշանակվի, մեկ այլ հարամար մանկավարժ, ոչ էs սայտերում հակամանկավարժական հայհոյանքներ գրողներից մեկը գնա քննություն հանձնի գա ընտևրվի
Ասյա Թոմոյան
Տիկին Անահիտ Մուսայելյան,Դուք երեք զինվոր եք մեծացնում մեր հայրենիքի համար, դա Աստծո մեծ և պարտավորեցնող պառգևն է, և դրա համար ես անկեղծորեն հարգում եմ Ձեզ:Ինչ վերաբեռում է Աքորու միջնակարգում տնօրեն դառնալուն. Դուք գոնե հիմա լավ գիտեք,որ Ձեզ ընտրել են իրենց մութ հաշվարկների արդյունքում , և ծանր վիճակի մեջ են դրել թե Ձեզ, թե կոլեկտիվին ու գյուղին:Հավատացեք, գյուղը զայրացած է ,որ արհամարհվել է իր,դպրոցի կոլեկտիվի, բոլոր ազատամարտիկների և բոլոր աշակեռտների կարծիքը:Դուք ուշ թե շուտ որևէ դպրոցում տնօրեն կդառնաք,գուցե ավելի շուտ քան կարելի է ենթադրել:Մինչ այդ նկատի ունեցեք,որ հառկավոր է շատ ուշադիր լինել փաստաթղթեռի նկատմամբ:Հիշեք,որ հարգանքն է հարգանք ծնում: Իսկ Աքորիի կնճիռը միայն Դուք կարող եք լուծել, լուծել մարդկայնորեն:Ցույց տվեք, որ մառդկային բարձր նկարագրի տեր եք, ինքնեռդ հրաժարվեք ընտրության արդյունքից, դրանից և դու գոհ կմնաս, և մեռ գյուղը:Կարծում եմ ,նաև ղեկավարությունը:Աստված կգնահատի քո մեծահոգությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter