Կիրակի, 23 սեպտեմբերի

Բալկոնում Րաֆֆի Մովսիսյանն է


Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում կինոգետ Րաֆֆի Մովսիսյանն է։

Րաֆֆի Մովսիսյանը՝ ինքն իր մասին (երրորդ տարածությունում)

Չգիտեմ՝ ընթերցողը երբեւէ առիթ կունենա լինել Բալկոնում, թե ոչ, բայց կուզեմ, որ այս նույն տրամաբանության մեջ փորձի խոսել իր հետ, հայտնվի այս իրավիճակում, որովհետեւ հետաքրքիր  հոգեբանական խնդիր է, երբ  քո մասին սկսում ես «մտածել» երրորդ դեմքով։

Քանի որ հետեւում եմ Բալկոնին, անընդհատ մտածել եմ՝ եթե հայտնվեի այնտեղ, ինչպես կխոսեի ինքս ինձ հետ, ինչպես կներկայացնեի ինձ․․․ Փորձեցի հասկանալ դժվարությունը․ ստացվում է՝ դու միակ մարդն ես, ով քո մասին գիտի ամեն ինչ։ Փակուղու առաջ ես հայտնվում, որովհետեւ եթե քեզ սկսես ներկայացնել՝ հաշվի առնելով այդ ահռելի տեղեկությունը, որին տիրապետում ես, գուցե հայտնվես ծիծաղելի, ոչ ցանկալի վիճակում․․․

Դրանից է, որ սկսում ես խուսափել այդ հարցից, սկսում ես ներկայացնել մի մարդու, որը քո ճանաչումից դուրս է․ ես, օրինակ կսկսեմ խոսել իմ մասին՝ հաշվի առնելով ուրիշի վերաբերմունքը․․․ Թե Անուշն ինչ է մտածում իմ մասին, ինչ է մտածում մայրս իմ մասին կամ ընկերներս։ Սա էլ կլինի ինքնախաբեության նման մի բան․ չեմ ուզում գնալ դրան, նաեւ պատրաստ չեմ խոսել իր մասին այնքան, ինչքան տիրապետում եմ։

Ընդամենը մի առանձնահատկությամբ կձեւակերպեմ իրեն․ ինքը կարող է իր կիսատ թողած երազը (բառիս բուն իմաստով երազը), հաջորդ օրը կամ ցանկացած պահի շարունակել տեսնել։ Եվ իր ու երազների փոխկապակցվածությունն այնքան ուժեղ է, որ մեկ-մեկ նույնիսկ իրականության մեջ տեղի ունեցող գործողությունները եւ հանդիպած մարդիկ արդեն այդ սահմանից դուրս են․  կարող է շփոթել՝ այս ամենը տեղի է ունենում իրականության մեջ, թե երազում․․․

Սրանով պայմանավորված տեղի են ունենում մի շարք զավեշտներ ու դեպքեր, որոնց մասին հիմա չի խոսի, բայց այն մեկը, ով ունի հնարավորությունը «շարունակել» երազը կամ հայտնվել վիճակում, որտեղ իրականության եւ երազի միջեւ ընկած սահմանն ուղղակի գոյություն չունի, կպատկերացնի՝ ինչ ի նկատի ունի։

Քո ու Հայաստանի հարաբերությունները։

Սկսել է այն գյուղից, որտեղ ծնվել եմ՝ Ոսկեվազից։ Սկզբում այդ փոխհարաբերությունը պայմանավորված էր իմ  սենյակով, որտեղ ես ապրում էի (ունեցել եմ այդ առանձին տարածության հնարավորությունը)․․․ Այդ սենյակի մաքրությունը, թափթփվածությունը, իրերի դասավորվածությունը, ինչպիսի լինելը՝ ուղիղ եւ էներգետիկ իմաստով, իմ ցանկությամբ է եղել։

Սենյակից հետո գյուղն էր, հետո տեղափոխությունս, երբ լքեցի գյուղն ու հայտնվեցի Երեւանում։ Հետո առաջին ճանապարհորդությունս դեպի Արցախ, երբ 17 տարեկանի էի։

Կարծում եմ՝ հիմա իմ ու Հայաստանի հարաբերությունները փոխադարձ պատասխանատվությամբ են պայմանավորված։ Հաճախ է տրվում հարցը, թե դու ինչ ես արել երկրի համար կամ երկիրն ինչ է արել քեզ համար․ նմանատիպ հարցերն ինձ համար վիրավորական են․ ստեղծվում է փակուղային իրավիճակ, որտեղ անընդհատ հաշվարկն է։

Ես չգիտեմ՝ ինչպես բնութագրել Հայաստանի հետ ունեցած հարաբերությունս, բայց գիտեմ, որ պատասխանատու եմ իր համար եւ հասկանում եմ, որ ինքն էլ պատասխանատվություն ունի իմ նկատմամբ։

Հնարավորություններ եղել են, որ գնամ այստեղից եւ այլեւս չվերադառնամ։ Չեմ գնացել այդ որոշմանը․ նույնիսկ կարճատեւ բացակայությունների ժամանակ եմ հասկացել, որ կարոտում եմ շատ։

Առանձին, սեփական սենյակ ունենալու մանկությունից հաստատված այդ մտայնությունը չի՞ բարդացրել հետագայում այդտեսակ տարածք գտնելու ընթացքը։

Հիմա դժվարանում եմ կիսել այն տարածքը, որն ունեմ։ Ապրում եմ մենակ ու շատ եմ կարեւորում այդ առանձնությունը։ Ամեն մարդ՝ անկախ իր ունեցած հարաբերություններից, անկախ ընտանեկան կարգավիճակից, միշտ պիտի ունենա մենակ մնալու հնարավորությունը։ Սա ամենամեծ նվերն է, որ մարդը կարող է պարգեւել իրեն՝ ունենալ տարածք, որը քեզնով է պայմանավորված, որով դու ես պայմանավորված, եւ որտեղ ուղղակի քսան րոպե կարող ես հանգիստ քնել․․․

Իսկ համակա՞րգը, պաշտո՞նը․․․ Տարածության «սեփականության» ձեւը փոխվում է։ Հնարավո՞ր է նման առանձնացում։

Լրիվ ուրիշ մտածողություն է, որն իմ տեսակի հետ հակասություններ կարող է առաջացնել։ Համակարգը, իշխանությունը ենթադրում է պայմանավորվածություն, որովհետեւ այնտեղ գաղափարները, նպատակները ընդհանուր են դառնում։

Վերջին տարիների ընթացքում նախկին կառավարության ներկայացուցիչներից եւ տարբեր նախարարներից ստացել եմ աշխատանքային հրավերներ, բայց միշտ վախեցել եմ գնալ այդ քայլին, քանի որ հասկացել եմ՝ հիմնային գաղափարները (ծրագրերը) չեմ կիսում իրենց հետ։

Նման քայլի գնալ, նշանակում էր՝ ինքս իմ դեմ գնալ, որովհետեւ համոզված եմ՝ եթե համակարգն «առողջ» չի, չի կարող լինել այնպես, որ դրա մի մասնիկը, մի ոլորտը սկսի լավ աշխատել։ Սա է եղել պատճառը, որ հրաժարվել եմ «հիվանդ» համակարգի մաս դառնալ՝ մտածելով, որ մի քանի անհատ մեծ համակարգի մեջ փոփոխություն անել չեն կարող։

Եվ ստացվեց այնպես, որ հեղափոխությունից հետո ստանձնեցիր Մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնը։

Իրականում դժվար որոշում էր, որովհետեւ ես հրաժարվեցի ինձ համար շատ կարեւոր մի բանից՝ իմ կինոնախագծից։ Կինոգիտությունից դեպի ռեժսուրա գնալու միտքը երկար ժամանակ է հետապնդել ինձ, եւ վերջապես կար սցենարը, հայտով դիմել էի Կինոկենտրոն, փորձում էի պրոդյուսեր գտնել, հետաքրքրվող մարդիկ կային արդեն․ սա մինչ հեղափոխությունն էր։

Երբ ստացա Մշակույթի նախարարությունում աշխատելու առաջարկը, հասկացա, որ պիտի հրաժարվեմ նախագծից, «Ոսկե ծիրանում» աշխատելուց․․․ Մի բան կար, որից ուղղակի հրաժարվել չէի կարող՝ Թումոյում դասավանդելն էր  (սա վերջին տարիների իմ օազիսն է)։

Ի վերջո ընդունեցի առաջարկը․․․ Տես՝ նորից գալիս, հասնում ենք այն պատասխանատվությանը, որի մասին խոսում էի Հայաստանի հետ ունեցած հարաբերության կոնտեքստում․ ես հեղափոխություն անողներից մեկն եմ եղել եւ եղածի շարունակության համար պարտավորություն ու պատասխանատվություն պիտի ունենամ։

Բացի պատասխանատվությունը, պաշտոն ստանձնելն ամբիցիաներով պայմանավորված չէ՞։

Այսպես ասեմ․ հեղափոխությունից հետո իրավիճակը վերլուծել էր պետք։ Ես դա ինքս ինձ համար համենայնդեպս արեցի․ կինոոլորտում ես վաղուց կամ, փորձառությունս թույլ է տալիս հասկանալ, որ խնդիրը կինոքննադատության ու վերլուծության պակասը չէ, այլ այն, որ այդ նույն կինոն, որը հետո վերլուծելու եւ քննադատելու հնարավորություն պիտի ունենա կինոքննադատը, ուրիշ խնդիրներ ունի եւ դրանք կապված են արտադրության, համակարգային խնդիրների հետ, պատասխանատվության հետ, որը կրում է պետությունը կինոյի քաղաքականություն մշակելու գործընթացքում։

Եվ պարզ ասած՝ ես շատ մեծ ցանկություն ունեի այս ոլորտում նշածս խնդիրների լուծման տարբերակներ եւ փոփոխություններ կատարելու հնարավորություն ունենալ։

Հիմա, երբ ներսից ես նայում այդ խնդիրներին․․․

Սարսափելի փաստերի եմ առնչվում… Հարցեր շատ են առաջանում, մտածում եմ՝ լավ, այդ մարդիկ ընդհանրապես ինքնասիրրություն չեն ունեցել, որ նման որոշումներ են կայացրել․ պատկերացրու, որ վաճառվել է կինոյի պատմական հասցեն, տարածքն է օտարվել, ամբողջ ժառանգությունը, ով ինչպես կարողացել  «բռնաբարել» է, ոչ մի հեղինակային իրավունք չի պահպանվել, ֆինանսները բաժանվել են կամայական՝ ծանոթ-բարեկամ սկզբունքով․․․

Ու հասկանում ես՝ այս վիճակը կողքից անընդհատ ես տեսել, բայց չես ունեցել հնարավորություն դրա դեմ պայքարելու, գիտակցել ես, որ, եթե նույնիսկ մի խնդիր լուծվի, ընդհանուր պատկերը դրանից չի փոխվելու, որովհետեւ խնդիրները փոխկապակցված են։

Իսկ հիմա կա ներսից փոփոխություններ անելու հնարավորություն, որտեղ ոչինչ քեզ չի խանգարում հիմնավորված առաջարկդ իրականություն դարձնել։

Խորհրդականի պաշտոնն ստանձնելուց առաջ եւ հետո խնդրականացվե՞լ է քննադատական մտքի արտահայտման հարցը։

Եթե ազնվորեն ես անում այն, ինչի համար հայտնվել ես համակարգում եւ արդեն ինքդ էլ մաս ես դառնում որոշման կայացման, քննադատությունդ ավելի խիստ է վերջնական արդյունքի նկատմամբ։

Ավելի պարզ ասած՝ «հիվանդ» համակարգի պայմաններում ստեղծված ֆիլմի քննադատությունը շատ ավելի մեծ զգուշություն էր ենթադրում․ պատկերացրու, որ եղել են ֆիլմեր, որոնց ստեղծումը տեւել է 10 տարի, եւ փրոդաքշընը մինչեւ հիմա էլ ավարտված չէ, կամ ֆիլմեր, որոնք ընդհանրապես անհասկանալի պայմաններում մեծ բյուջեով մեկ տարում նկարահանվել են։

Չի եղել մեկ ընդհանուր մեխանիզմ եւ մոտեցում, որը թույլ կտար ասել՝ ունենք այս տեսակի կինո կամ չունենք կինո ընդհանրապես։ Որքան էլ պարադոքսալ հնչի, կինոքննադատը ստանձնել է այս խնդիրների մասին բարձրաձայնելու, խոսելու դերը, որովհետեւ չես կարող մաքուր կինոքննադատությամբ զբաղվել, վերլուծել մի բան, որի խնդիրները լրիվ ուրիշ տեղ են․ որպես քննադատ տեսնում ես ֆիլմի թերությունները եւ միաժամանակ դրան զուգահեռ հասկանում, որ դա միայն ռեժիսորի, դերասանի խնդիրը չի, այլ նախեւառաջ համակարգի, միջավայրի խնդիրներն են ․․․

Այդ դեպքում մեր միջավայրում կինոքննադատի մասնագիտությունն է խնդրականացվում։

Հարցն ինձ մոտ միշտ է առաջացել։ Ես ավելի շատ ինձ տեսնում եմ ռեժիսուրայի մեջ, եւ, եթե շատ անկեղծ լինեմ, կինոքննադատությունն ինձ համար կինոն լավ ճանաչելու միջոց է։

Առհասարակ կինոքննադատի մասնագիտության ընտրությունը շատ պատահական է եղել։ Պատմությունը շրջանցելով հանդերձ՝ բաց ճակատով ասում եմ, որ, որպես կինոքննադատ, գրածս ամեն բառի եւ տառի համար պատասխանատու եմ։

Տեղի ունեցածն անվանու՞մ ես «հեղափոխություն»։

Այո, միանշանակ․․․

Իսկ մշակութային հեղափոխությու՞ն․․․Այս մասին հարցադրումներ շատ կան։

Նախ արի ձեւակերպենք՝ մշակույթ ասելով ինչ ի նկատի ունենք։ Եթե մշակույթ ասելով պատկերացնում ենք միայն կինոն, թատրոնը, երաժշտությունն ու դրանց որակը, սխալվում ենք․ մշակույթը շփումն է, փոխհարաբերությունն է, իմ ու քո խոսելու ձեւը, փոխվստահությունն է, հեղափոխությունից հետո ունեցած դեմքերի տարբերությունն է, տրամադրության փոփոխությունը․․․

Հեղափոխությունը փոխեց երկու քաղաքացիների փոխհարաբերության ձեւը, մեր պետության եւ մեկ այլ երկրի  հարաբերվելու ձեւը․․․

Երբ շատ վատ վիճակի մեջ ես, անպայման  մի կտրուկ փոփոխության ես ուզում գնալ․ որոշում ես, օրինակ, մազերդ այնպես կտրել, որ անճանաչելի դառնաս։ Մենք այդ իրավիճակում հայտնվեցինք․ միանգամից կտրեցինք այն, ինչ այլեւս մեզ դուր  չէր գալիս, այն, ինչ մեզ այլեւս խանգարում էր։

Այսօր աշխարհը մեզ փոխված է ընկալում։

Այդ օրերին գործողությունները արագ եւ խիտ էին, ամեն օրվա ինֆորմացիան ահռելի եւ արագությունները շատ մեծ․․․

Կարծում եմ՝ նախկին կառավարությունն արդեն հոգնել էր․ իրենք իրենց թույլ տված սխալներից, արդեն ամաչում էին․․․ Կոնկրետ գոնե մի մարդ հաստատ ամաչում էր։

«Մարիոթում» կայացած հանդիպումն ինձ համար շատ կարեւոր էր․արտահայտությունը, որ «ես սխալվեցի, դու ճիշտ էիր», ամեն հեռացող ամեն օր չի կարող նվիրել որեւէ մեկին։ Սա քաղաքական տեքստ էր, տեքստ, որը գրվելու է պատմության դասագրքերում, որը միշտ հիշվելու է, տեքստ, որը քաղաքական գործիչը գրում է շատ գիտակցաբար․ նորից եմ ասում՝ այդպիսի տեքստերը նվեր չեն տալիս։

Հեղափոխության գործողությունների հերթականությունը կարճ ու արագ թվաց, որովհետեւ մենք ուզեցինք ավելի երկար վայելենք, ավելի շատ հուզումներ ունենանք, շատ դետալներ որսանք։ Երբ ասում ենք՝ կարճ էր, ինձ համար էգոիստական է հնչում․ հասկանում եմ, որ գուցե ստեղծագործողի, ռեժիսորի տեսանկյունից է այդպես դառնում, որովհետեւ չհասցրեցինք ավելի շատ տեսնել։

Ուզում էինք սիրո այդ բացարձակ մթնոլորտն ավելի երկար վայելել, որովհետեւ չկար որեւէ տեսակի խտրականություն, անհանդուրժողականության դրսեւորում։ Մի մարմին էր, որը գիտակցաբար գնում էր մազերը խուզելու, դառնալու ուրիշ․․․ Ու դու այդ մարմնի մի մասն էիր՝ վարսավիրանոցի ճանապարհին․ որքան երկար լիներ այդ ճանապարհը, այնքան պահը որսալու, մտածելու հնարավորությունը մեծ էր լինելու։

Դադար

Գիտե՞ս՝ իմ կյանքում շատ տարօրինակ մի դեպք եղավ․ արթնացա քնից ու իմ տանը տեսա մարդկանց, ում չէի ճանաչում․․․ Գողեր էին, որ դեռ ոչինչ չէին վերցրել ու սպասում էին իմ արթնանալուն։ Երբ նման իրավիճակում հարցերն, այնուամենայնիվ, լուծվում են, ու դուրս ես գալիս տնից, քայլում ես դեպի մետրո, այդ պահին, տեսնում ես, որ ծառը, մարդը, շուրջդ առհասարակ լրիվ ուրիշ ձեւ է շարժվում ․․․ Վտանգավոր տարածքից դուրս գալը եւ ավելի անվտանգ տարածք մղվելու այդ մտայնությունը քեզ լրիվ փոխում է։ 

Այդ նույն իրավիճակը հեղափոխության ժամանակ էր․ մենք դուրս էինք եկել եւ գնում էինք մի տեղ, որտեղ համոզված էինք՝ անվտանգ է։ Ինչքան երկար տեւեր գնալու այդ պրոցեսը, այնքան վտանգավոր տարածքից ունեցած վախը հանգամանալից վերլուծելու էինք, ավելի հիմնավոր էինք հաղթահարելու։

Ամեն դեպքում հեղափոխությունը տեղի ունեցավ արագ եւ խիտ, այո․ գուցե շատերը հիմա արագ փոփոխություններ են ակնկալում հենց սրա պատճառով, որովհետեւ մենք տարիներ շարունակ սպասել ենք։

Դադար

․․․Եվ  ի վերջո կա մի բան, որի համար շատ ուրախ եմ․ մենք արեցինք հեղափոխություն, որից հետո սգալու առիթ չունեցանք։ Տոն էր, որովհետեւ հասկանում ես՝ նման հեղափոխությունները հեշտ չեն տրվում։

Հեղափոխություն անելու գաղափարը շատ ուժեղ էր, եւ, բարեբախտաբար, իրար դեմ դուրս եկած երկու ուժերի միջեւ սինթեզ տեղի ունեցավ, որը մեզ փրկեց սգալու հետեւանքներից․․․Միջազգային պայմանավորվածությունները, փառատոները, բնականոն կյանքը չտուժեց այս հեղափոխությունից։

«Անցնցում» բառը հիշեցի․․․

Հա, թվում է՝ այդ արագությունը կարող ենք կապել հեշտության հետ, բայց, չէ՛, հասկանում ես, ես, որ այդքան էլ այդպես չէ, որովհետեւ մենք շատ երկար ենք լուռ տառապել․․ Իսկ դա շատ ավելի վտանգավոր էր։

Գիտե՞ս՝ Հայաստանն ինձ համար այն կինն էր, որը երկար ժամանակ բռնության է ենթարկվում, բայց միշտ լռելյայն տանում է ցավը, երկարաթեւ շորերի տակ թաքցնում է կապտուկները, դեմքին ուրախ արտահայտություն հաղորդում, անում ամեն բան, որ չերեւա տխրությունը․․․ Գնում է հարսանիքների, ծնունդների, ընտանեկան տոների․․․ Ու թույլ չի տալիս, որ իր մյուս կողմը տեսնեն: Բռնության ենթարկված  կինը լռում է հանուն իր երեխայի, լռում է, որովհետեւ չունի իր իրավունքների մասին պատկերացում, լռում է, որովհետև ամոթ է՝ հարեւանը կտեսնի,  ի վերջո վախենում է, որովհետեւ տարիներ շարունակ դանդաղորեն իրեն ստիպել են համակերպվել բռնությանը, ցավին։

Այս էր Հայաստանը՝ երկար տարիներ չարչրկված, բռնության ենթարկված ու ի վերջո մի օր ուրիշ ձեւ դառնալու, ազատ լինելու ցանկություն ունեցող մեկը, որն այլեւս թույլ չի տա իրեն բռնության ենթարկել։

Դադար

Երկրի ներկայիս ղեկավարը, եթե հայտարարություն է անում ու ասում, որ էլ երբեք, նույնիսկ իր գնալուց հետո, թույլ չի տալու, որ Հայաստանը հայտնվի այն վիճակում, որից դուրս է եկել, ինձ համար նորից քաղաքական կարեւոր տեքստ է դառնում։

Հակահեղափոխություն լինել չի կարող․ այդպես որակվող գործողություններն ուղղակի մանիպուլատիվ են եւ չեն կարող վերածվել հակահեղափոխության, որովհետեւ զարթնել է այն կարեւոր գիտակցությունը, որը տարիներ շարունակ ուղղակի սպանվել ու թաղվել է  թե՛ մեդիայով, թե՛ մշակութային տարբեր միջացառումներով, թե ընտրակաշառքով, թե մարդուն ծաղրելով, թե պաշտոնական դիրքի չարաշահմամբ․․․ Անթույլատրելի բոլոր ձեւերով․․․

«Հակահեղափոխականի» որակումն, այնուամենայնիվ, կա, Րաֆֆի։ Եվ նկատելի է առնվազն, որ ներկայիս իշխանության գործողությունների մասին քննադատական որեւէ կարծիք մեծամասնությունը չի կիսում, չի հանդուրժում։

Հիմա դժվար է լինելու քննադատել ներկայիս կառավարությանը։ Քննադատողին հայհոյողներն այս կառավարության կողմից պատվիրված ֆեյքեր չեն:  Դժվար շրջան է, որովհետեւ, նույնիսկ առողջ քննադատողը, կարող է պիտակվել իբրեւ հակահեղափոխական ու բզկտվել:

Գիտե՞ս՝ ինչու․․․ որովհետեւ այն «տուժած կինը», ում հանել ես իր վախի մթնոլորտից, ում վերջապես ազատել ես բռնությունից ու վերականգնել իր ազատությունը, ամեն րոպե քեզ՝ իրեն փրկողին, պաշտպանելու, կյանքը քեզ համար տալու ցանկություն է ունենալու։ Բնակա՞ն չէ։

Այնպես չի, որ մարդիկ միշտ են խորը վերլուծում այս ամենը․ մարդիկ քննադատության մեջ վտանգ են տեսնում, այնպիսի վտանգ, որով պատկերացնում են նախկին վախի մթնոլորտը, անազատությունը, մտածում են՝ հանկարծ նորից չհայտնվեն այնտեղ։

Մեծամասնությունը հենց նոր կառավարությունով (հանձինս Նիկոլով) է պայմանավորում Հայաստանի անկախ, ազատ մթնոլորտը, լավ կյանքը ու ամեն քննադատական մտքի դեմ սուր է արտահայտվում՝ ունենալով նախկին պատկերը, որից սարսափում էր։

Այդ տեսակի մթնոլորտը ստեղծագործական մտքի համար վտանգավոր չի՞ կարող լինել։

Կարող է։ Այդ վախը շատ վտանգավոր է, բայց միանգամից հաղթահարել չենք կարող։

Հասկանու՞մ ես՝ դեռ չենք ունեցել մի ընտրություն, ուր մարդը կգնա ու կասի՝ ես չեմ վերցնում ընտրակաշառք։ Հիմա տարբեր օրենսդրական դրույթներով ընտրություններն ազնիվ ու թափանցիկ անցկացնելու համար հող է նախապատրաստվում, բայց ես առավել քան վստահ եմ, որ ՀՀ քաղաքացին այլեւս հրաժարվելու է իր ձայնը վաճառելուց․․․

Մի այլ կարեւոր բան էլ կա․ պիտի թույլ տալ, որ մեր բնութագրած «կարճ» հեղափոխությանը հաջորդած քայլերն ավելի երկար տեւեն․ այդ ընթացքում պիտի բաժանումներ չլինեն, չառանձնացվեն «մերոնցականներն» ու «ոչ մերոնցականները», սեւերն ու սպիտակները․․․ Հասկանալի է, որ մարդիկ կախվածություններ ունեն ու մի օրում հրաժարվել չեն կարող։

Դեղահաբ կուլ տալը վայրկյաններ է տեւում, բայց օրգանիզմում ազդեցության դանդաղ պրոցեսներ են սկսվում։ Մենք կուլ ենք տվել այդ դեղահաբը․ ազդեցությունների համար ժամանակ է պետք։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։