HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Վարչապետն ակնարկեց՝ աղքատության նպաստին վերջ կտրվի

Երբ բիզնեսն ու քաղաքականությունը խառնվում են, տեղի են ունենում մուտացիոն երեւույթներ։ Այսօր Իջեւանում՝ «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչները չպետք է զբաղվեն բիզնեսով, բիզնեսի մարդիկ չպետք է մտնեն քաղաքականություն։

«Ուզում եմ ընդգծել բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման կարեւորությունն ու անհրաժեշտությունը։ Նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, բիզնեսով չպետք է զբաղվեն։ Նրանք ովքեր զբաղվում են բիզնեսով՝ չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Մենք տեսել ենք, որ երբ այս երկու երեւույթները խառնվում են իրար, մուտացիոն երեւույթներ են տեղի ունենում։ Մենք պետք է գործարար մարդուն այնպիսի պատվի արժանացնենք Հայաստանում, որպեսզի նա այլ կեղծ մեծարումների կարիք չունենա»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը նաեւ ակնարկեց, որ Հայաստանում շուտով կարող են առնվազն վերանայվել աղքատության նպաստի չափորոշիչները։ Իսկ եթե ավելի համարձակ վերլուծենք, ապա ստացվում է, որ այդ համակարգը կարող է շուտով դուրս գալ կառավարության քաղաքականությունից։ 

«Հայաստանում ի վերջո բոլոր փաստերը բերում են նրան, որ շատ երկար տարիներ, ցավոք սրտի, վարվել է աղքատության խրախուսման քաղաքականություն։ Մենք կարծում ենք, որ աղքատության խրախուսման քաղաքականությունը պետք է փոխարինվի աշխատանքի խրախուսման քաղաքականությամբ, որովհետեւ, ի վերջո, աշխատանքը այն միջոցն է, որով մենք մեր հարցերը լուծելու ենք։ Ուրիշ ճանապարհ պարզապես չկա։

Մենք առողջ, աշխատունակ մարդկանց շատ հեշտությամբ տալիս ենք սոցիալապես անապահովի կարգավիճակ։ Մենք չենք հարցնում, եղբայր, դու աշխատելու ձգտում, ցանկություն ունե՞ս։ Մենք կառավարությունում քննարկում ենք, որ չի կարելի այդպես վարվել։ Առողջ մարդուն ասում ենք՝ քեզ տալիս ենք 25 հազար դրամ, բայց եթե հանկարծ մի ուրիշ տեղից եւս 30 հազար դրամ աշխատեցիր, քեզ կզրկենք կարգավիճակից, գնա դիվանին նստիր, 25 հազար դրամով յոլա գնա, եթե մատդ մատիդ տաս, քեզ կզրկենք կարգավիճակից»,- վարչապետը փորձեց բնութագրել նախորդ իշխանությունների սոցիալական քաղաքականությունը։

Փաշինյանն այս հարցում այլ պատկերացումներ ունի։ Պետությունը, ըստ նրա, կարող է նպաստ նշանակել մինչեւ 18 տարեկան երեխային, որը, Փաշինյանի խոսքով, օբյեկտիվ հատկանիշ է։ Կամ՝ սոցիալական արտոնություն տրվի թոշակառուներին, որը, վարչապետի խոսքով, նույնպես օբյեկտիվ հատկանիշ է։

«Աշխատունակության տարիքում գտնվող առողջ մարդուն ասել, որ դու սոցիալապես անապահով ես եւ 25 հազարի ու այլ աղքատության արտոնություններ տալով, ամեն ինչ անելով, որ նա հանկարծ չմտածի, թե ինքը ինչ-որ բան կարող է անել․․․ դա ուղղակի հակապետական քաղաքականություն է: Չեմ ասում միանգամից կացինով կտրել։ Բայց մենք պետք է այս մասին մտածենք, մենք իրավունք չունենք մարդուն ասելու, թե բա՝ ինչ լավն ես, չես աշխատում, պետությունը քեզ նպաստ կտա ու ամեն ինչ կանի, որ երբեք չաշխատես»,- ասաց վարչապետը։ 

Լուսանկարը`  հեղինակի

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Միանշանակ ճիշտ եք, պարոն վարչապետ։ Դա մտածված քայլ է եղել , ինչպես դուք բնորոշեցիք՝ հակապետական քաղաքականություն։ Ես իմ շրջապատում գիտեյի մարդկանց , որոնք նպաստ էին ստանում , երբ առաջարկում էի աշխատանք, ամիջապես լսում էի պատասխանը․-,, վայ, բա՞ նպաստս, չէ՝ , չեմ ուզում, նպաստս կկտրեն,,։ Բոլոր այն ընտանիքները, որոնք այսօր նպաստառու են դարձել, ավելի ապահով են , քան իրական ,,նպաստառուները,,։Ժամանակին պետությունը նպաստ էր տալիս մինչև 18 տարեկան երեխաներին , հետո այդ տարիքը իջավ , մինչև հասավ 2 տարեկան։ Ավելի արդար է ,ծնողին օգնել երեխային մեծացնելու հարցում , դրանով իսկ խրախուսել երեխա ունենալը։ Վաղուց էր պետք վերացնել այդ ,,փարոս,, հասկացողությունը՝ որից օգտվում էր այն խավը , որը կարողանում էր գործարքի մեջ մտնել նրանց(փարոսի աշխատակիցների հետ) հետ։Ինչպես նաև շատ ողջունելի է այն միտքը՝ որ արտոնություններ տրվի թոշակառուներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter