HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մանվել Գրիգորյանի ընկերությունը չի վճարում վարձակալած հողամասի վարձավճարները

ԱԺ պատգամավոր, այժմ կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ն կրկին հայտնվել է դատարանում: Նրա դեմ դատական գործընթաց է սկսել Արշալույսի համայնքապետարանը: Ըստ համայնքապետարանի՝ ընկերությունը 2014թ.  մարտ ամսից չի  վճարել  0.396 հա մակերեսով հողամասի վարձավճարը:

Արշալույսի համայնքապետարանի և «Արշալույս» ԳԿՏ-ի միջև դեռևս 1999թ. կնքվել է 0.396 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր։ Պայմանագիրը կնքված է անորոշ ժամկետով, իսկ վարձավճարի չափը կազմում է տարեկան 11.880 դրամ: Այսինքն՝ 1քմ-ի համար` ընդամենը 3 դրամ: «Արշալույս» ԳԿՏ-ի և «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի միջև 23.04.1999թ. կնքվել է «Արշալույս» ԳԿՏ-ի և «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի միացման պայմանագիր, որից  հետո  նշված 0.396 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարվել է «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի վարձակալության իրավունքի պետական գրանցում։

Արշալույսի համայնքապետարանը հաշվարկել է Մանվել Գրիգորյանի ընկերության չկատարած պարտավորությունների չափը: 26.06.2018թ. դրությամբ «Արա և Այժեմնիկ» ընկերության չկատարած պարտավորությունը՝ 0.396 հա մակերեսով հողամասի վարձավճարի մասով, ընդհանուր գումարով կազմում է  68,926 դրամ, որից 50,490 դրամը  չվճարված վարձավճարի գումարն է, իսկ 18,436 դրամը՝ տույժը:

Համայնքապետարանից տեղեկացնում են, որ «Արա և Այծեմնիկ» ընկերությունը վարձակալության  տրամադրված վերոհիշյալ հողամասը օգտագործում է պայմանագրի պայմանների էական խախտումներով: Այն վարձակալվել է մանկական խաղահրապարակ դարձնելու նպատակով, սակայն Արշալույսի համայնքապետարանից փաստում են, որ այն չի օգտագործվում որպես մանկական խաղահրապարակ:   

Ըստ հայցադիմումի՝ Արշալույսի համայնքապետարանը պահանջում է լուծել 0.396 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը և որպես հետևանք անվավեր ճանաչել պայմանագրի հիման վրա կատարված «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի վարձակալության իրավունքի պետական գրանցումը։ Իսկ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ից հօգուտ Արմավիրի մարզի Արշալույսի համայնքապետարանի պահանջում է բռնագանձել 78.305 դրամ:

Նշենք, որ հայցադիմումը մուտք է արվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել է դատավոր Նաիրա Գրիգորյանին: Վերջինս Մանվել Գրիգորյանի դուստրն է: Դատավորը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չի կայացրել, ենթադրվում է, որ նա ինքնաբացարկ կներկայացնի, քանի որ չի կարող քննել իր մերձավորի վերաբերյալ գործը: Արշալույսի համայնքապետարանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Ղևոնդ Պապոյանը:

Առաջին անգամ չէ, երբ Արշալույսի համայնքապետարանը նշված հողամասի վարձավճարների բռնագանձման պահանջով դիմում է դատարան: «Հետք»-ը նմանատիպ վեճի անդրադարձել էր դեռևս տարիներ առաջ:

Դատարանում նույն կողմերի միջև նման մի հայցադիմում էլ քննվել է 2013թ.: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. հունիսին որոշել էր «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ից հօգուտ Արշալույսի գյուղապետարանի բռնագանձել 87,614 դրամ` որպես վարձավճարների գումար։ Իսկ 0.396 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու և դրա հիման վրա կատարված «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին պահանջը դատարանը մերժել էր:

Այն ժամանակ դատարանը պատճառաբանել էր, թե Արշալույսի գյուղապետարանը օրենքով սահմանված կարգով նախապես առաջարկություն չի ներկայացրել «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ին պայմանագիրը լուծելու վերաբերյալ: Ուստի, նկատի ունենալով, որ համայնքապետարանն օրենքով սահմանված կարգով չի կատարել իր պարտականությունները, որն իրավունք կվերապահեր «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի հետ կնքած պայմանագրերը լուծել դատական կարգով, դատարանը համարել էր, որ հայցվորի պահանջը` հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու եւ դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին, ենթակա է մերժման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter