Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Եղիշե Խաչատրանի սպանության գործով պաշտպանը՝ դատավորին. «Դատարանին կոչ եմ անում վերադառնալ քրեական դատավարության օրենսգրքի դաշտ»



Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստին այսօր ներկայացել էին միայն դատավարության այն մասնակիցները, որոնք չէին տեղեկացվել դատավոր Աննա Դանիբեկյանի՝ նիստը հետաձգելու որոշման մասին: 

Դատական նիստի մեկնարկին դատավորն ընթերցեց տուժող Եղիշե Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանի դիմումը, որում պաշտպանը նշել էր, որ քննչական գործողության մասնակցելու պատճառով  չի ներկայանալու դատական նիստին ու  խնդրել հետաձգել այն: 

Փաստաբանը, միևնույն ժամանակ, տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ից մինչև 26-ը գտնվելու է արձակուրդում և դատարանին խնդրել հաջորդ դատական նիստը նշանակել սեպտեմբերի 26-ից հետո: 

Նիստին չէին ներկայացվել նաև գործով ամբաստանյալները, չէր ներկայացել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Փառանձեմ Մեյթիխանյանը, պաշտպաններից երկուսն ու մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը: 

Դատավոր Աննա Դանիբեկյանը պատրաստվում էր հետաձգել նիստը, երբ դատարան ներկայացած գործով երեք պաշտպանները՝ Միհրան Պողոսյանը, Լիպարիտ Սիմոնյանն ու Վաչագան Քոսյանը դատարանից պարզաբանում պահանջեցին այսօրվա նիստի հետաձգման պատճառի, կողմերից ոմանց հետաձգման մասին նախապես տեղյակ պահելու, իսկ իրենց այս մասին չտեղեկացնելու վերաբերյալ:

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հարցին, թե ինչպե՞ս են դատավարության կողմերից ոմանք տեղեկացել այսօրվա նիստի չկայանալու վերաբերյալ, Վաչագան Քոսյանի հարցին, թե  ո՞րն է իրենց և դատավարության մյուս կողմերի միջև տարբերությունը, դատավոր Աննա Դանիբեկյանը պատասխանեց, թե դատավարության մասնակիցները դատարանի աշխատակազմից են տեղեկացել նիստի հետաձգման մասին: 

Լիպարիտ Սիմոնյանն ընդգծեց, որ դատավարության այլ մասնակիցների՝ նույնիսկ 5 րոպե ուշանալը դատարանի կողմից քննարկման առարկա է դառնում, սակայն դատարանն այժմ անտեսել է հանգամանքը, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի չներկայանալը  դատական նիստը հետաձգելու հիմք չէ, որ նրա բացակայության պայմաններում նիստը հետաձգելը կամ շարունակելը դատական նիստով պետք է քննարկվի, ու  նախապես որոշել է հետաձգել նիստը, ավելին, այդ մասին տեղյակ է պահվել նաև քրեակատարողական ծառայությունը, որպեսզի ամբաստանյալները դատարան չբերվեն: 

Ի պատասխան՝ Աննա Դանիբեկյանը պարզաբանեց, որ մեղադրողը նույնպես չէր ներկայանալու դատարան, և նրա բացակայությամբ նիստ լինել չէր կարող, ուստի դատարանի աշխատակազմն այս պատճառով է քրեակատարողական ծառայությանը տեղյակ պահել, որ ամբաստանյալները չբերվեն: 

Դատարանի վերը նշված պարզաբանումից հետո Միհրան Պողոսյանը միջնորդեց դիմել գլխավոր դատախազին, որպեսզի քննարկվի մեղադրող դատախազի դատարան չներկայանալու հարցը: 

«Ես վստահ եմ, որ դատարանը նման բան չի անի, քանի որ համոզված եմ՝ դատարանն է մեղադրողին հայտնել, որ այսօրվա նիստին չներկայանա»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ շարունակելով, թե ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ դատարանը դատական նիստերից դուրս, Քրեական դատավարության օրենսգրքով չսահմանված որոշումներ է կայացնում: 

«Դատարանը, քրեական դատավարության օրենսգրքի նորմերի անտեսմամբ, կրկին հագուրդ տալով տուժողի ներկայացուցչի ցանկություններին` ինքնուրույն զանգում է դատախազություն ու դատախազին ասում, որ նիստի չգա, քրեակատարողական ծառայությանն էլ հայտնում, որ կալանավորներին դատարան չներկայացնեն: Ես դատարանին կոչ եմ անում վերադառնալ Քրեական դատավարության օրենսգրքի դաշտ»,- դիմելով Աննա Դանիբեկյանին՝ ասաց Միհրան Պողոսյանը: 

Դատավորը  մերժեց փաստաբանի՝ դատախազին դիմելու վերաբերյալ միջնորդությունը: 

«Ձեր միջնորդությունը չի կարող բավարարվել: Դատարանին հայտնի չեն մեղադրողի բացակայության պատճառները, բայց դատախազին դիմելու կարիք չկա. մեղադրողն ինքը կհայտնի բացակայության պատճառը»,- ասաց Աննա Դանիբեկյանն ու հետաձգեց դատական նիստը:

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում է 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Նիկողոսյանին, որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծել, ապա դեպքի վայր են եկել Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և ինքնությունը չպարզված ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է: Դեպքի ժամանակ Եղիշե Խաչատրյանի հետ մեքենայում է եղել նաև նրա մայրը՝ Էմմա Աբրահամյանը, և միջադեպը տեղի է ունեցել մոր աչքի առաջ:

Նշենք, որ ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը օրեր առաջ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում մահացել է, դիահերձման արդյունքներով նրա մոտ արձանագրվել է սրտային թույլ անբավարարություն, նշանակվել է դատաբժշական փորձաքննություն, որի արդյունքները դեռևս չեն ստացվել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ