HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը և Միկաել Ժանը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Հայաստանում այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացումը մեծ պատիվ և պատասխանատվություն է: Այն մեր երկրի պատմության մեջ ամենախոշոր միջազգային միջոցառումն է: Բարձր ենք գնահատում այս հնարավորությունը և հույս ունենք, որ գագաթնաժողովի արդյունքներով ՖՄԿ-ն կդառնա էլ ավելի ամուր և համախմբված կառույց»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը և տարվում են ակտիվ կազմակերպչական աշխատանքներ, որպեսզի գագաթնաժողովն իր մթնոլորտով և կազմակերպչական մակարդակով համապատասխանի հռչակված՝ «Ապրել միասին» կարգախոսին:

Միկաել Ժանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի կարևոր դերակատար և գործընկեր, բարձր մակարդակով կկազմակերպի 17-րդ գագաթնաժողովը: Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիան մեծ ներուժ ունի երկրների միջև լայն համագործակցության զարգացման համար, և անհրաժեշտ է համատեղ ակտիվ աշխատել այն լիարժեք իրացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են Երևանում անցկացվելիք գագաթնաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր: Ի թիվս գագաթնաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումների, կարևորվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նորարարությունների թեմայով հատուկ համաժողովի անցկացումը, որի արդյունքում ակնկալվում է ստեղծել թվային ոլորտում համագործակցող ֆրանկոֆոն նախարարների ցանց: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հսկայական ներուժ ունի նորարարությունների, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, և ֆորումը լավ հնարավորություն է՝ փորձով փոխանակվելու, թվային կառավարման զարգացման տեսլականի շուրջ մտքեր փոխանակելու և համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից:

Ընդգծվել է նաև գագաթնաժողովի շրջանակում տնտեսական համագործակցության թեմայով կազմակերպվելիք բիզնես ֆորումի կարևորությունը, որը, Նիկոլ Փաշինյանի և Միկաել Ժանի կարծիքով, կնպաստի ֆրանկոֆոն պետությունների միջև տնտեսական կապերի հաստատմանը և ընդլայնմանը:

Նիկոլ Փաշինյանը և Միկաել Ժանը կարևորել են Ֆրանկոֆոնիայի դերը ֆրանսերենի տարածման և ՖՄԿ ընդհանուր արժեքների առաջմղման գործում:

Վարչապետը բարձր է գնահատել Միկաել Ժանի ներդրումը պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՖՄԿ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter