HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ անդրադարձ կա ինչպես առավոտյան հրապարակված գաղտնալսմանը, այնպես էլ դրա վերաբերյալ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի տված ասուլիսին: Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի ուղարկած հայտարարությունը ներկայացնում ենք նույնությամբ.

«Ինչպես հայտնի է, այսօր, սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1-ի» գործին վերաբերող հարցերի, մասնավորապես` ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ: Այս զրույցների մանրամասները հայտնի են բոլորին և կարիք չկա վերաշարադրել դրանք:

Հեռախոսազրույցների բովանդակությունը գալիս է փաստելու մի քանի կարևոր հանգամանք, որի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք: Դրանք են.

  1. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը սրանում կասկածի տեղ չի թողնում:  

  2. Դատելով ձայնագրությունից, ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել «Մարտի 1-ի» գործը և գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել /զրուցակիցների բառապաշարով` «փակել»/ նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է:

  3. Առաջին ատյանի դատավորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնվել է իշխանական բիրտ ճնշման ներքո և իրեն վերևից թելադրված «դուխով» ապօրինի որոշում է կայացրել:

  4. ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. նախ` ՀՔԾ պետն է համաձայնեցրել /կալանք/, իսկ այնուհետ` ԱԱԾ պետը /գրավ/:

Կատարվածը հանցագործություն է` բարձարաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Հեռախոսազրույցների հրապարակմանը հետևած ՀՀ վարչապետի, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի ասուլիսում արված հայտարարությունները, մեծապես ոչ այլ ինչ են, քան անհաջող արդարացումներ: Հեռախոսազրույցների խայտառակ բովանդակությունը մեկնաբանությունների կարիք չունի, ու զրույցներն այն մասին, թե «չար ուժերը» փորձում են նման ձայնագրություններ տարածելով խոչընդոտել «բարի ուժերի» հերոսական պայքարը կոռուպցիայի և հանցավորության դեմ, տվյալ համատեքստում պարզապես զավեշտալի են: Կարևոր է ընդգծել, որ այս հեռախոսազրույցները բացահայտում են ոչ միայն ինչ-որ մի կոնկրետ գործին առնչվող դրվագ, այլև գործող ռեժիմի բուն էությունը, օրվա իշխանության իրական դեմքը: Մարդիկ, որոնք առավոտից երեկո գոռում-գոչում են սիրո և հանդուրժողականության ու արդարադատության մեջ չմիջամտելու մասին, անում են ճիշտ հակառակը` մոլորեցնելով ու խաբելով հասարակությանը: Մարդիկ, որոնք առավոտից երեկո խոսում են ժողովրդավարության մասին ամենակոպիտ ձևով ճնշում են ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները:

Հարկ ենք համարում ընդգծել նաև հետևյալը: Վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ելույթներից պարզ է դառնում. տեսնելով, որ շինծու գործի միջոցով հնարավոր չէ կալանվորել և հետապնդման ենթարկել նախագահ Քոչարյանին` հեռացնելով նրան քաղաքական դաշտից, ինչպես նաև համոզվելով, որ ապօրինի հարստացման և առասպելական ունեցվածքի մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, իշխանությունները նոր միջոցի են դիմում` հայտարարելով, թե Քոչարյանների ընտանիքը փողերի լվացմամբ է զբաղվել: Թե ինչ արժեն այս հայտարարությունները, որ արված են հայտնի հեռախոսազրույցների մասնակիցների կողմից` առաջարկում ենք որոշի հանրությունը: Սակայն ակնհայտ է, որ Նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները շարունակվում են և նոր շրջան են մտնում:

Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կերպով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչական շղարշը և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերածվի ամբոխավարական ձախողված պետության, որը կառավարվում է դիլետանտների կողմից` բոլշևիզմի սկզբունքներով և ուր խրախուսվում են քաղաքական ռեպրեսիաները»:

Մեկնաբանություններ (4)

W. Wallace
Քոչարյանին եկեք մաղթենք երկար տարիների ընդդիմադիր գործունեություն եւ երկարատև պայքար որպես մարդու իրավունքերի կարկառուն պաշտպան
Էդգար
Քոչարյանին մաղթում եմ այնքան դուխ, որ դուրս գա ու առանց թիկնապահների փորձի զբոսնել Երևանի բանուկ փողոցներից մեկում։Խոստանում եմ ձեր մաշկի վրա կզգաք այն բոլոր , որ արել եք հայ ժողովրդի գլխին։
Սեւակ
ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի խոսակցությունը ձայնագրելն արդեն ինքնին հակահայկական հակապետական գործողություն է, որը վկայում է թե որքան թուլամորթ, անբարոյական ու միաժամանակ ծանծաղամիտ եք դուք. իսկ դրանք հայրենիքի դավաճանների հիմնական սինդրոմներն են. իսկ ինչ վերաբերում ա փակելուն' սպիտակ գենոցիդ արած անձինք իրավունք չունեն մնալ Ազատության մեջ. լավ էլ ճիշտ հրահանգել ա, կատարել ա ժողովրդի ցանկությունը։
բաբկեն
Քոչարյանը վաղուց նախագահ չէ,Սողոմոնյան մի մոռացիր,ամեն դեպքում օրենքի առաջ պատասխան պետք է տա։Դեռ հոկտեմբերի 27 կա,որ ասում էր,թե մի ուչասկովու գործ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter