Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

ԱԱԾ տնօրենը չի բացառում, որ իր և ՀՔԾ պետի խոսակցության այլ գաղտնալսումներ ևս կլինեն ու կոչ է անում դրանք հրապարակել



Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը և դրա  հրապարակայնացումը բուռն քննարկման թեմա դարձավ: Ձայնագրությունը  աննախադեպ էր ոչ միայն բովանդակության, այլ նաև հենց ինքնին երևույթի առումով. ստացվում է, որ գաղտնալսում են  Հայաստանի Ազգային անվտանգությունն ապահովող կառույցի ղեկավարին, այն կառուցի, որը, սովորաբար, ինքն է գաղտնալսում:

Այսպես, ձայնագրության մեջ, խոսելով Մարտի 1-ի գործի և Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Սասուն Խաչատրյանին ասում է. «Ինձ դատավորը զանգեց, մի քիչ վախեցած ա, Հրաչ, հա՞, Հրաչ էր անունը: Մի խոսքով` ով որ կալանքը պիտի տա: Թե բա՝ պարոն Վանեցյան, պիտի մի հատ հիմքերը նայեմ: Ասի՝ նայի, կզանգես, բայց կալանքը ուզես-չուզես, պիտի տաս»:

Ի պատասխան Սասուն Խաչատրյանն ասում է.

«Հա ընկեր, սրան, որ կալանավորենք, սաղ կգրեն»,- ապա հավելում. «Յուրի Խաչատուրովին էլ ենք բան անում էսօր»:

Արթուր Վանեցյանը պատասխանում է, թե Խաչատուրովի հետ գործ չունեն, հիշեցնում, որ նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է:

«Չփակե՞նք, ընկեր»,- հարցնում է Սասուն Խաչատրյանը, և Արթուր Վանեցյանը հորդորում է սպասել մինչև հաջորդ օրը, երբ ինքը կգա (նշենք, որ խոսակցության ժամանակ Վանեցյանը Ժնևում է եղել):

«Չէ, չէ այ ընկեր, արդեն մեր մոտ ա, տեսնենք` ինչ ցուցմունք ա տալիս»,- շարունակում է Խաչատրյանն, ու Արթուր Վանեցյանը պատասխանում է, թե ռուսների հետ հազիվ է «բարիշել», Խաչատուրովի կալանավորումը քաղաքական խնդիր կառաջացնի, և նրա նկատմամբ գոնե պետք է խափանման միջոց ընտրել ստորագրությունը:

«Դե մի հատ վարչապետի հետ խոսա էլի ապեր, որովհետև ես ասել եմ, որ տանում եմ  կալանքի»,- ասում է Սասուն Խաչատրյանը, որից հետո խոսակցության «առաջին փուլն» ավարտվում է:

Ձայնագրության շարունակության մեջ Արթուր Վանեցյանը դարձյալ զանգահարում է Խաչատրյանին ու հորդորում Խաչատուրովի մասով ուշադիր լինել:

«Չնայած վարչապետն ասում ա՝ փակեք, բայց ռուսները....»,- ասում է Վանեցյանը և որպես «այլընտրանք» առաջարկում է Սեյրան Օհանյանին կամ Միքայել Հարությունյանին ձերբակալել:

«Խաչատուրովը խոսալու ա, էսի էշի մեկն ա»,- խոսակցության ընթացքում ասում է Սասուն Խաչատրյանը:

Արթուր Վանեցյանը հարցնում է, թե արդյոք հնարավոր չէ՞, որ Խաչատուրովը «լավ ցուցմունք տա, ասենք` չենք նստացնի»:

«Մինչև չկալանավորվի, ցուցմունք չի տա»,- ասում է Սասուն Խաչատրյանը:

«Դե իրան ասա, էթում ես կալանավորվես»,- պատասխանում է Արթուր Վանեցյանը, և Խաչատրյանն ի պատասխան ասում է, թե Խաչատուրովն իր մոտ չէ:

«Դե թող նստի»,- ասում է Արթուր Վանեցյանը:

«Հա թող մի երկու օր նստի, խելքը գլուխը կգա ցուցմունք կտա»,- շարունակում է Սասուն Խաչատրյանը:

«Էն տեղակալի պահով էլ մի բան արա էլի ախպեր` Խաչատուրովի օպերատիվ մասով տեղակալն ա ընկեր ջան»,- շարունակում է Վանեցյանը, և Սասուն Խաչատրյանը ասում է, որ պիտի նայի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը հաստատեցին.  խոսակցությունն իրենց միջև է եղել, երկուսն էլ օգտվել են «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորի ծառայությունից:

«Տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի խոսակցությունը: Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն, կպարզվի ձայնագրման աղբյուրը և այն, թե ով է ձայնագրել խոսակցությունը»,- լրագրողներին ասաց Արթուր Վանեցյանն ու նշեց, որ խոսակցությունը եղել է Քոչարյանին կալանավորելու որոշման օրը:

«Ուզում եմ ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին Հանրապետության երկրորդ նախագահն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր համոզված լինել, որ այդ գործում որևէ թերացում և թերություն չկար: Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է և եղել է զուտ իրավաբանական քննարկում»,- ասաց Արթուր Վանեցյանը: Շարունակելով՝ ԱԱԾ տնօրենը նշեց, թե քննարկման պատճառը եղել է այն, որ ստացել է մի փորձագիտական կարծիք, որտեղ կալանքի հիմքերի հետ կապված որոշակի պարզաբանման խնդիր է եղել, այն ուղարկել է Սասուն Խաչատրյանին՝ նրա մասնագիտական տեսակետը ևս իմանալու համար:

«Այն պայքարը, որը մենք սկսել ենք, շարունակելու ենք, որևէ խոչընդոտ չի կարող լինել մեր սկսած գործում: Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են, մարդասպանները կանգնելու են դատարանի առջև»,- հայտարարեց Սասուն Խաչատյանն ու ձայնագրության հրապարակումը կապեց իրենց գործունեությունը կասեցնելու փորձի հետ:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ևս գաղտնալսումը գնահատեց որպես Մարտի 1-ի  բացահայտմանը խոչընդոտելու փորձ:

«Մենք փորձում ենք պարզել և օրենքի դաշտ կանչել մարդասպաններին և նրանց հովանավորներին, արմատախիլ անել կոռուպցիան»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Անդրադառնալով ձայնագրության մեջ առկա ձևակերպման այն մասին, որ «վարչապետն ասում ա՝ պիտի փակենք», Սասուն Խաչատրյանը նշեց, թե ինքը կալանքի ներկայացնելու միջնորդության մասին հայտնել է վարչապետին:

«Ես ասել եմ` քանի որ այս գործի սպեցիֆիկան այնպիսին է, որ բարձրաստիճան անձինք են անցնում, որոնք ի վիճակի են խոչընդոտել քննությանը, կալանքի կիրառումը կարող է արդյունավետ լինել»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Հարցին, թե վարչապետն ինչո՞ւ է ասել, որ Խաչատուրովին «փակեն», Վանեցյանը պատասխանեց, թե վարչապետը միայն նշել է, որ որևէ քաղաքական խոչընդոտ չի կարող լինել քրեական գործի օրինական ընթացքի համար:

Լրագրողները մեջբերեցին այս առնչությամբ Վանեցյանի ուղիղ խոսքը. «Չնայած վարչապետն ասում է, որ պետք է փակել, բայց...», ինչից հետո ԱԱԾ տնօրենը ասաց, թե մանրակրկիտ չի լսել խոսակցությունը:

Արթուր Վանեցյանն, ինչպես արդեն նշեցինք, ձայնագրության մեջ ասում է նաև, որ խոսել է դատավորի հետ, ով կալանքի հարցը պիտի քննի, ասել նրան, որ հիմքերը նայի, բայց կալանքը պիտի տա՝ ուզի, թե չուզի:

ԱԱԾ  տնօրենն, ով ընդունում է, որ ձայնագրության մեջ խոսողն ինքն է, հերքեց իր և Մարտի մեկի գործով կալանքի միջնորդություն քննած դատավորի հետ իր խոսելու հանգամանքը:

«Ես կալանքը քննող դատավորի հետ չեմ խոսել: Խոսել ենք ես և Սասուն Խաչատրյանը, և այդ խոսակցության մեջ կարող է և անճշտություններ լինեն, որովհետև երբևէ չէինք ենթադրի, որ կարող է մեր խոսակցությունը ձայնագրվել և հրապարակվել»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Մեր հարցին՝ այս դեպքում  Հրաչն ո՞վ է, ում հետ Վանեցյանը խոսել է, վերջինս պատասխանեց, թե ինքը Հրաչի հետ չի խոսել, այդպիսի անձի չի ճանաչում:

«Բայց այստեղ գալուց առաջ պարզվեց, որ խոսքը վերաբերում է այն դատավորին, ով Ռոբերտ Քոչարյանի կալանքն է տվել: Ես Հրաչի հետ ծանոթ չեմ»,- ասաց Վանեցյանը, ով ինքն է ձայնագրության մեջ տալիս Հրաչ անունը, ապա մասնավորեցնում, թե նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի կալանքը քննող դատավորին:

Հարցին, թե Սուսուն Խաչատրյանին սխալ ինֆորմացիա է տվել, երբ ասել է, թե խոսել է դատավորի հետ, Արթուր Վանեցյանը պատասխանեց, թե սխալ ինֆորմացիա չի տվել:

«Դա անհերքելի փաստ է, բոլորը կարող են տեսնել, որ ես դատավորի հետ անգամ ծանոթ չեմ և երբեք չեմ խոսել»,- պնդեց ԱԱԾ տնօրենը:

Անդրադառնալով խոսակցության այն հատվածին, որ Խաչատուրովը մի քանի օր անազատության մեջ գտնվելուց հետո ցուցմունք կտա, հարց ուղղեցինք, թե արդյոք սա նորմալ պրակտիկա է, արդյոք թույլատրելի՞ է նման մեթոդով անձանցից ցուցմունք ստանալը:

«Նման պրակտիկա չկա: Սա մասնավոր զրույց է եղել, որի ընթացքում չեն պահպանվում բոլոր տառերն ու ստորակետները: Եթե ձեր ասածի տրամաբանության մեջ լինի, ապա ես պիտի զանգ տամ, ասեմ, ընկե՛ր դատավոր սրան կկալանավորես, սրան կձերբակալես, էս կանես, էն կանես: Բայց դուք գիտեք տասնյակ, հարյուրավոր դեպքեր, երբ մեղադրյալներն, առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվելով, ազատ են արձակվում»,- պատասխանեց Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով նույն հարցին՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց, թե դա եղել է իր կարծիքը:

«Ես գտնում եմ, որ Խաչատուրովը եթե կալանվորվեր, գուցե դա քննության համար արդյունավետ լիներ»,- ասաց Խաչատրյանը:

Թե ով է կատարել ձայնագրությունը, Հայաստանում, թե դրսում է դա կատարվել, ԱԱԾ տնօրենը չցանկացավ մեկնաբանել:

«Քանի որ խոսում ենք շատ մեծ փողերով մարդկանց մասին, չեմ բացառում, որ շատ մեծ փողերով կարողացել են տեխնիկա գնել և գաղտնալսել»,- ասաց ԱԱԾ պետն ու նշեց, թե այս ամենը ոչ թե սենսացիա, այլ ամոթալի երևույթ է:

«Եթե էլի խոսակցություններ կան, որոնք պետք է հրապարկվեն, կոչ եմ անում հրապարակել, մենք կպարզաբանենք»,- ասաց Վանեցյանը՝ չբացառելով, որ այդպիսիք կլինեն:

Վերջինս մի պահ պատկերացրեց, թե ինչ կլինի, եթե իշխանության գան այն մարդիկ, որոնց մասին խոսվում է ձայնագրության մեջ ու կանխատեսեց` այդ դեպքում Սասուն Խաչատրյանին ու իրեն առանց հիմքերի կգնդակահարեն:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Արեվ07:05 - 12 սեպտեմբերի, 2018
Չեմ հասկանում այսինչ Top-խուճապ ԶԼՄ֊ներում որ անիմաստ տեղը մի անկապ հեռախոսազրույցի վրա սեւեռվել եք Յաաա զարմացաք բա երբ անօրեն հասարակ ժողովուրդի հեռախոսազրույցներն են գախտնալսում բա ինչու չեք աղմկում ։ Եվ հետո այլ հրատապ խնդիրներ չկա ։ առջևում սպասվում ջրի ու այլ ապրանքների հնարավոր թանկացումներ կարեւոր թեմաները թողած ինչով եք զբաղված էք հետաքնողական լրատվամիջոց։ բավարար է
2. Լուսիկ14:56 - 12 սեպտեմբերի, 2018
Հանցագործություն է կատարվել պետության դեմ: Միգուցե և գտնեն կատարողներին և պատվեր տվողներին: Բայց չեք կարծու՞մ, որ ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի ղեկավարները չափազանց անհոգ, ոչ պրոֆեսիոնալ են գտնվել, երբ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել եմ մարտի1 գլխավոր մեղադրյալներին առնչվող հարցերը:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ