Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

ՀՔԾ պետի բացահայտումները Մարտի 1-ի գործով



Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրենի հետ երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ 2008 թվականի մարտի 1-ի վերաբերյալ մի շարք կարևոր բացահայտում արեց, որոնք նախկինում համարվում էին նախաքննական գաղտնիք:

Ըստ ՔՀԾ պետի՝ 0038 գաղտնի հրամանի հայտնաբերումից հետո պարզվել է, որ բանակը 2008-ի փետրվարի 23-ից սկսած մասնակցել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:

Գաղտնի հրամանում կատարվել է ձևակերպում, որ «ընտրության արդյունքներն ազատ և արդար գնահատելուց հետո որոշ անհատներ և կազմակերպություններ չեն ընդունում դրանք, խժդժություններ են առաջացնում»:

«Խնդրում եմ հաշվի առնել, որ այս հրամանն արձակվել է փետրվարի 23-ին, այսինքն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքների հրապարակումից մեկ օր առաջ: Այսինքն՝ մեկ օր առաջ արդեն Ռոբերտ Քոչարյանը և Միքայել Հարությունյանը տեղյակ էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է Սերժ Սարգսյանին ճանաչի հաղթող թեկնածու, և միջազգային կառույցները պետք է այս ընտրությունները դիտարկեին որպես ազատ և արդար: Եվ այս առումով ստորագրվում է հրաման՝ բանակը բերել զորանոցային վիճակի և կանխել խաղաղ ցույցերը»,- ընդգծեց Սասուն Խաչատրյանը:

Ըստ ՀՔԾ պետի՝ բանակը կրակել է, ըստ որում՝ մարդկանց բնակարանների ուղղությամբ:

«Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ պատշգամբներից ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Այսինքն, բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

ՀՔԾ պետը նշեց, որ ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից:

«Այս մասին ունենք հստակ ապացույցներ»,- ասաց Սասուն Խաչատրյանն ու ընդգծեց, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ արտակարգ դրություն էր մտցրել, բայց որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար:

«Նախաքննությամբ հիմնավորվել է մեր վարկածն այն մասին, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է պատճառվել, որպեսզի հիմնավորվի Ռոբերտ Քոչարյանի խոսքը, թե «մենք արդեն զոհ ունենք»,- հայտարարեց Սասուն Խաչատրյանը:

Սեյրան Օհանյանը գործով վկայի կարգավիճակ ունի:

Նշենք, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման մեջ, խոսելով 2008-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի մասին՝  Սասուն Խաչատրյանն ասում է, թե Օհանյանը «այլանդակություն» է արել:

«Սեյրանի մեղքը, գիտես` ինչ հիմնավոր է: Ինքն այդ օրը գիշերը հելնում է, ասում է, որ եթե քաղաքացիներով ինչ-որ բան անեք, ինքը՝ զորքը, ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ»: Թեև Օհանյանի մեղքն, ըստ ՀՔԾ պետի, հիմնավոր է, նա քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակ ունի:

Ավելի վաղը «Հետքը» գրել է նաև Սասուն Խաչատրյանի մեկ այլ կարևոր բացահայտման մասին: Ըստ ՀՔԾ պետի՝ Խաղաղապահ բրիգադը 2008-ին պաշտպանել է օլիգարխների ունեցվածքը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ