Գագիկ Հարությունյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի 3 թեկնածուի
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էդգար Սեդրակյանի, Արգիշտի Ղազարյանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները:
Թեկնածուներին խորհրդարանում ներկայացրեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Երեքն էլ բավարարում են օրենքով նախատեսված բոլոր պահանջներին, փորձառու դատավորներից են, ընտրության հարցը ձեր իրավասությունն է», - դիմելով պատգամավորներին` ասաց Գագիկ Հարությունյանը:
Էդգար Սեդրակյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, նախկինում աշխատել է խորհրդարանի աշխատակազմում, Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարն է եղել, ԿԸՀ անդամ՝ 2007-2011 թվականներին: Ունի դատական ծառայության երկրորդ դասի բարձրագույն խորհրդականի աստիճան:
Արգիշտի Ղազարյանն աշխատել է գերագույն դատարանում, Վճռաբեկ դատարանում, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ում, տնտեսական դատարանում:
Արծրուն Միրզոյանը 2008 թվականից առ այսօր Վարչական դատարանի դատավոր է, աշխատել է արդարադատության նախարարությունում, ապա Վերաքննիչ դատարանում:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Մեկնաբանել