ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ով, ինչպես եւ ուր կտանի Երեւանի աղբը



Արդեն մի քանի շաբաթ է մայրաքաղաքում իրականացվող աղբահանությունը դարձել է անկանոն։ Քաղաքի գրեթե բոլոր հատվածներում աղբով լի արկղեր են, աղբակույտեր։ Ի՞նչ են խոստանում Երեւանի ավագանու թեկնածու ուժերը աղբահանության վերաբերյալ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է վերանայել «Սանիթեք»-ին տրված լիցենզիայի պայմանները, միաժամանակ աղբահանության խնդիրը լուծել պարզ տենդերային համակարգով։ Կուսակցության համար առաջնային է նաեւ աղբավերամշակման համակարգի ձեւավորումը՝ աղբավերամշակման գործարանի կառուցումը։

Կուսակցության ավագանու թեկնածու Արման Աբովյանի կարծիքով՝ աղբի վերամշակման գործարանի որպես բիզնես ձեռնտու լինելու համար քաղաքում պետք է լինի 450 հազար բնակիչ, իսկ Երեւանում այսօր մոտ 1 միլիոն է: ԲՀԿ-ն աղբավերամշակման գործարանի կառուցման երկու ճանապարհ է տեսնում։ Եթե աղբավերամշակումը դիտարկվում է որպես բիզնես, ապա բիզնեսմենը գալիս է, հաղթում է տենդեռը եւ ներդնում համակարգը։ Երկրորդ դեպքում քաղաքապետարանը դրամաշնորհներով, օժանդակ ֆինանասվորմամբ ինքն է կառուցում եւ կառավարում այդ գործարանը։

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նույնպես աղբավերամշակման գործարանի կառուցման գաղափարի աջակից է։ Քաղաքային իշխանություն դառնալու դեպքում իրենք պատրաստվում են կանոնակարգված ներդրումների միջոցով Հայաստան բերել եւ Երեւանում կառուցել աղբավերամշակման գործարան, որտեղ կունենանք աղբավերամշակման հնարավորություն եւ աշխատատեղեր։

Ավագանու անդամի թեկնածու Սոնա Աղեկյանը Երեւանում աղբի վերամշկման գործարանի բացակայությունը պայմանավորեց քաղաքական կամքի եւ քաղաքի նկատմամբ սրտացավության բացակայությամբ։

«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Տրդատ Սարգսյանը կարեւոր է համարում «Սանիթեք» ընկերության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Սա արդեն Երեւանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության խնդիրն է։ «Խնդիրը աղբը մի տեղից մյուս տեղը տեղափոխելով չի լուծվում։ Պետք է աղբի տեսակավորման մշակույթ ձեւավորել, բնակիչները աղբը տեսակավորած թափեն, աղբը արդեն տեսակավորված գնա աղբավայր, կառուցվի աղբի վերամշակման գործարան։ Նոր աղբավայր ունենալու ծրագրեր նույնպես կան»,- ասում է Տրդատ Սարգսյանը։

Նա հայտնեց, որ հիմա բանակցություններ են գնում տարբեր ներդրողների հետ աղբի վերամշակման գործարանի կառուցման վայրի վերաբերյալ: Ավելին, ներդրողներն իրենք են շահագրգռված գործարանի կառուցմամբ։

Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանը տեղեկություններ ունի, որ Եվրոպան պատրաստ է դրամաշնորհներ տրամադրել ժամանակակից աղբավայրի կառուցման համար, բայց իշխանությունները պետք է հետեւեն, որպեսզի այդ գործընթացն իրականացվի թափանցիկ եւ միջոցներ չմսխվեն։ Սամսոնյանի համոզմամբ, Երեւանում աղբահանություն իրականացնող երկու օպերատոր է անհրաժեշտ։

«Երկու օպերատորի դեպքում կլինի մրցակցություն։ Իսկ օպերատորները պետք է ներդնեն սոցիալական պատասխանատվության բաղադրիչ, պետք է իրազեկեն բնակիչներին, թե ինչպես վարվել աղբի հետ»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է աղբի վերամշկման գործարանի կառուցմանը, ապա «Լույս» դաշինքում կարծում են, որ Հայաստանում այդքան շատ աղբ չկա։ Եվ վերամշկման գործարանի համար ներդրումը շահութաբեր չէ։ Պետք է մտածել կա՛մ դրամաշնորհային կա՛մ մասնավոր տարբերակով իրականացնել այդ ծրագիրը, որովհետեւ Հայաստանում ոչ մի ներդրող դա չի կարողանալու անել՝ աղբի քանակով պայմանավորված։

Անի Սամսոնյանը, սակայն, իրատեսական համարեց հարեւան մարզերից կամ երկրներից աղբը գնելու եւ վերամշակելու գաղափարը։

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը Երեւանի աղբահանության խնդրի լուծումը տեսնում են նախկին մոդելին վերադառնալու մեջ, այն է՝ յուրաքանչյուր վարչական շրջան անձամբ լուծի իր տարածքի աղբահանության խնդիրները։

«Նախկինում վարչական շրջաններ էին ապահովում աղբահանության հարցը։ Մենք Երեւանում փորձեցինք մեկ ընկերության տալ։ Մի պահ աշխատեց, հետո սկսեց չաշխատել։ Եթե ատկատներ, հավելավճարներ չլինեին, կարող էր աշխատել։ Աղբահանության վերամշակման մասով փորձագետների կողմից պետք է լուրջ ուսումնասիրություններ արվեն, հաշվարկելու համար, թե այդ գործարանը արդյո՞ք ձեռնտու է։ Բայց այն, որ քաղաքացին եւ քաղաքապետարանը միմյանց հետ համահունչ պետք է համագործակցեն, սիրեն մեր քաղաքը, հստակ է, որովհետեւ այդ խնդիրը վերաբերում է եւ՛ քաղաքապետարանին, եւ՛ քաղաքացիներին»,-ասաց ՀՅԴ-ից Երեւանի ավագանու թեկնածու Դավիթ Հակոբյանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ