Շաբաթ, 22 սեպտեմբերի

Խաչատրյանների Ծաղկաձորի կալվածքը` հատուկ պահպանվող տարածքում


Ծաղկաձոր քաղաքի  12 հա անտառային տարածքի վրա տեղակայված են Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինությունները։ Կառուցապատված մասը` շուրջ 2,5 հա-ը, Խաչատրյանների սեփականությունն է, իսկ 9,5 հա անտառը 50 տարով վարձակալել են «Հայանտառից»: Տարածքի սեփականատերերն են Գագիկ Խաչատրյանի կինը՝ Լաուրա Եփրեմյանը եւ դուստրը` Անժելա Խաչատրյանը: 

Առանձնատունն ու կից շինությունները կառուցված են հատուկ պահպանվող տարածքում: Այն նախատեսված է հանգստի համար: Հողային օրենսգիրքը նմանատիպ տարածքները բնութագրում է որպես հասարակական նշանակություն ունեցող գոտի, այլ ոչ թե մասնավոր անձին սպասարկող տարածք: 

Մեր նկարահանման պահին այստեղ առանց շինթույլտվության նոր շինություն էր կառուցվում։ Ծաղկաձորի քաղաքապետին ուղղված հարցումից հետո քաղաքապետարանը 200 հազար դրամով տուգանել է Խաչատրյաններին։  

Խաչատրյանների առանձնատունը և ապօրինի շինությունը՝ Ծաղկաձորի հատուկ պահպանվող տարածքում 

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի հարեւանությամբ գտնվող այս առանձնատունն ու կառույցները ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին են պատկանում:   

Համաձայն կադաստրային փաստաթղթերի` 2016թ. սեպտեմբերից Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող 0.5 հա հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Անժելա Խաչատրյանին: 22-ամյա Անժելա Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի դուստրն է: Իսկ դրանից առաջ այն պատկանել է Հայկ Խաչատրյանին: Վերջինս էլ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է: Ավելի քան 2 հա տարածք էլ` Խաչիկ Մուրադյան 18 հասցեի ներքո, սեփականության իրավունքով պատկանում է Գագիկ Խաչատրյանի կնոջը` Լաուրա Եփրեմյանին: 

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն Խաչիկ Մուրադյան 20 հասցեն գրանցելիս նշել է՝ «հատուկ պահպանվող տարածք» և «հանգստի համար նախատեսված»:

Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը, պատասխանելով մեր գրավոր հարցմանը, հստակեցրել է, թե ինչ է նշանակում հատուկ պահպանվող տարածք և ինչ գործունեություն կարելի է այնտեղ ծավալել: Քաղաքապետը հայտնել է, որ Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 20 հասցեի տարածքը համարվում է հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողատարածք, որը, համաձայն «Հողային օրենսգրքի» 22-րդ հոդվածի 2-րդ կետի, կարող է կառուցապատվել հանգստյան տներով, պանսիոնատներով, ֆիզիկական դաստիարակության և սպորտի օբյեկտներով, զբոսաշրջության բազաներով, մշտական ու վրանային, ձկնորսական և որսորդական տնակներով, մանկական զբոսաշրջիկ կայաններով, զբոսաշրջիկ պարկերով, անտառապարկերով, ուսումնազբոսաշրջային արահետներով, մանկական ու սպորտային ճամբարների տեղանշված անցուղիներով և նմանօրինակ այլ օբյեկտներով:

Հողային օրենսգիրք
Հոդված 22. Հանգստի համար նախատեսված հողերը

1. Հանգստի համար նախատեսված հողեր են համարվում բնակչության հանգստի կազմակերպման, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակության և սպորտային գործունեության կազմակերպման համար նախատեսված ու օգտագործվող հողամասերը:

2. Հանգստի համար նախատեսված հողերի կազմի մեջ են մտնում հանգստյան տներով, պանսիոնատներով, ֆիզիկական դաստիարակության և սպորտի օբյեկտներով, զբոսաշրջության բազաներով, մշտական ու վրանային, ձկնորսական և որսորդական տնակներով, մանկական զբոսաշրջիկ կայաններով, զբոսաշրջիկ պարկերով, անտառապարկերով, ուսումնազբոսաշրջային արահետներով, մանկական ու սպորտային ճամբարների տեղանշված անցուղիներով և նմանօրինակ այլ օբյեկտներով զբաղեցված հողամասերը:

4. Հանգստի հողերում արգելվում է դրանց ըստ նպատակային նշանակությամբ օգտագործելուն խոչընդոտող գործունեությունը:

Այլ կերպ ասած` դրանք հասարակական նշանակության օբյեկտներ պետք է լինեն: Սակայն արգելափակված տարածքը` հարակից անտառային հողերով, Խաչատրյանների տնօրինության տակ է:

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի 2015թ. որոշումից տեղեկանում ենք, որ Հայկ Խաչատրյանը 2008 թվականին է գրանցել իր սեփականության իրավունքը տվյալ տարածքի նկատմամբ:

Նախապես տարածքներն ունեին երկու տարբեր հասցեներ՝ Խաչիկ Մուրադյան 20 (0.42հա) և Խաչիկ Մուրադյան 20/1 (0.072 հա): Երկու հասցեները միավորվել են Խաչիկ Մուրադյան 20-ի ներքո, իսկ հողամասերը միացվել են՝ դառնալով 0.492 հա: Այն Գագիկ Խաչատրյանի դստեր սեփականությունն է: 

Ծաղկաձորի քաղաքապետի հետ զրույցից նոր մանրամասներ պարզվեցին։ Խաչատրյանների տարածքի մեջ է մտնում նաև Խաչիկ Մուրադյան 18 հասցեն: Այն գրանցված է Լաուրա Եփրեմյանի անվամբ: Լաուրա Եփրեմյանը Գագիկ Խաչատրյանի կինն է: Արթուր Հարությունյանը տարածքի հստակ չափը չհիշեց, քանի որ կադաստրային քարտեզներով էր այն պետք ճշտել, սակայն նշեց, որ Լաուրա Եփրեմյանին պատկանող տարածքը բավականին մեծ է՝ ավելի քան 2 հա: Լաուրա Եփրեմյանին պատկանող տարածքում կառույցներ կան, և այդ հասցեից Ծաղկաձորի քաղաքապետարանը գույքահարկ է գանձում: 

Մեր գրության հիման վրա Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել են Խաչիկ Մուրադյան 18 և 20 հասցեներ: Արթուր Հարությունյանը հայտնեց, որ քաղաքապետարանի աշխատակիցներն այնտեղ հայտնաբերել են մոտ 500 քմ երկհարկանի ապօրինի կառուցապատում երկու հասցեների՝ Լաուրա Եփրեմյանին և Անժելա Խաչատրյանին պատկանող տարածքների միջակայքում:

Մինչդեռ նշված հասցեում կառուցապատում կատարելու համար Ծաղկաձորի համայնքապետարան դիմում չի ներկայացվել, և չեն եղել քաղաքաշինական փաստաթղթեր։  

Արձանագրություն են կազմել, վարչական վարույթ են սկսելու: Նմանատիպ շինությունն առանց թույլտվության կառուցելու համար, ըստ քաղաքապետի, 2-3 մլն դրամ տուգանք է նախատեսում: Եթե շինությունը չօրինականացնեն, ապա դատարանով պահանջելու են ապամոնտաժել այն: 

Բայց, ինչպես պարզվում է, Խաչատրյանների տարածքն այսքանով չի սահմանափակվում։ Խաչատրյանները վարձակալության են վերցրել նաեւ անտառային հողեր: Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Է. Սեինյանը, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ  Խաչիկ Մուրադյան 18 և 20 հասցեների հարակից 9,42 հա տարածքը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 2010 թվականի ապրիլի 8-ին վարձակալության պայմանագրի հիման վրա անտառվերականգնման նպատակով, 50 տարի ժամկետով, տրամադրվել է Լաուրա Եփրեմյանին, այսինքն` Գագիկ Խաչատրյանի կնոջը: 

Անտառվերականգնում ասվածը նշանակում է, որ Խաչատրյանները պետք է ծառեր տնկեին 9,42 հա տարածքում: Անտառային կոմիտեի մամլո քարտուղար Լուսինե Հակոբյանը տեղեկացրեց, որ մեր հարցման հիման վրա սեպտեմբերի 6-ին կատարվել է տեղազննում և գրանցվել է, որ վարձակալի կողմից 8500 հատ ծառ է տնկվել, որից 7000-ը` փշատերև, մոտ 1500-ը` տերևավոր: Իսկ թե ինչու են Խաչատրյանները որոշել անտառտնկում անել, պատասխանը կարող են տալ իրենք եւ, իհարկե, Անտառային կոմիտեն։ Անհասկանալի է, թե Անտառային կոմիտեի աշխատակիցները մեկ օրվա ընթացքում ինչպես են հաշվել այդքան ծառը, իսկ Խաչատրյաններն անտառային տարածքում ինչպես են տնկել այդ ծառերը:  

Խաչատրյանների տարածքների և շինարարության վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Գագիկ Խաչատրյանի որդուց` Արտյոմ Խաչատրյանից: Վերջինս ասաց, որ ինքը երկրում չէ, սակայն մեր հարցերին կպատասխանեն իրենց ներկայացուցիչները:

Խաչատրյանների ընկերությունների խմբից «Գալաքսի կոնցեռն»-ի աշխատակից Շուշանն այսօր տեղեկացրեց, որ կառուցապատողի պարտականությունների շրջանակում է եղել շինթույլտվության ստացման գործընթացը, բայց կառուցապատողը բաց է թողել այդ մասը, ներկայացրել է ճարտարապետական նախագծային առաջադրանք, բայց չի վերջնականացրել շինթույլտվության հարցը, ինչի արդյունքում` Ծաղկաձորի քաղաքապետարանը տուգանել է սեփականատիրոջը 200 հազար դրամի չափով: Խախտումն արձանագրելուց հետո դիմում է տրվել քաղաքապետարան` ինքնակամ շինությունն օրինականացնելու համար:

Քաղաքապետարանն արդեն տվել է օրինականացման թույլտվությունը, պետական գանձարան մուծելիք գումարը կազմել է 5 մլն դրամ: Ներկայումս շինությունն օրինական սեփականություն է` սեփականության իրավունքի վկայականով: 

Սա Խաչատրյանների գործունեության ընդամենը մի դրվագ է, առաջիկայում կներկայացնենք նրանց բիզնես գործունեության մասին «Հետք»-ի հետաքննությունը։


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (7)
1. Արմենակ Եղիայեան22:25 - 12 սեպտեմբերի, 2018
Աղէկ, բայց Խաչատրեանները այսքան կալուածի տէր ինչպէ՞ս դարձած են, ուրկէ՞ բերած են պէտք եղած գումարները, ո՞ր աշխատանքով կամ թէ ի՞նչ միջոցով: Տեղ մը պէտք է հաշիւ տան, չէ՞՞՞...
2. HAGOP18:18 - 13 սեպտեմբերի, 2018
GET THE BULLDOZERS READY!!!!!! SMASH THEIR HOMES AND RETURN THE PUBLIC LANDS TO THE PUBLIC!!!! THIS INSANITY OF CORRUPTION AND GREED IN ARMENIA HAS TO STOP!!!!!!!!!!!!!! THROW THEM IN JAIL!!!!!!!!!
3. mahmouzian19:05 - 13 սեպտեմբերի, 2018
it is a country of crook and traitor each of those people should be try as traitor to Armenia. not a single one will come out clean. bastard.
4. Aram04:15 - 15 սեպտեմբերի, 2018
These guys live in LA. Their homes are public record. People should get permits and protest in front of their how. And push authorities in the US to go after them.
5. Nazaret 01:39 - 16 սեպտեմբերի, 2018
What is upsetting is that this people think we are all idiots, a house of $2 million belongs for my 22 year old daughter, not him, House in Los Angeles for $30 million belongs to my 30 year old son, not me, $20 million worth land belongs to my wife , not me, $10 million dollor project belongs to my 80 year old grandma, not me. And the list goes on and on, my father in law, my mother in law, my cousins, my nephews, cousin of my cousin ets,ets. The funny thing is they got away with it, if the public and government officials are that naive and stupid I say more power to him.
6. Юрий16:13 - 16 սեպտեմբերի, 2018
Как-то многовато буржуев недорезанных для маленькой страны
7. mahmouzian19:37 - 16 սեպտեմբերի, 2018
finance minister .first class crook .take what he has and put the all family in jail.let them prove how they got the money .let them rot.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։