HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պղնձաձուլարանից արտանետվող անթույլատրելի նյութերի պատճառով Ալավերդիում ապահովագրված չեն չարորակ նորագոյացություններից

Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) վիճակագրությամբ 2017թ.-ին «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ուռուցքաբանության կաբինետում գրանցվել են 794 չարորակ նորագոյացությունով հիվանդներ, որոնցից 165-ը մահացել են:

Հիշեցնենք, որ ըստ վիճակագրության նույն աղբյուրի՝ 2012թ.-ի հունվարի 1-ի դրությամբ բժշկական կենտրոնի ուռուցքաբանության կաբինետում գրանցված են եղել 482 չարորակ նորագոյացությունով հիվանդներ:

«Պետք է ստեղծվի մասնագետների խումբ՝ արտանետումների հարցը մանրամասն ուսումնասիրելու համար: Եթե արտանետումների թույլատրելի կոնցենտրացիաների նորման բարձր է, ուրեմն պետք է ձգտել դա իջեցնել, դա առաջին հերթին ահազանգ է: Չարորակ նորագոյացությունն այն հիվանդությունն է, որը միանգամից չի առաջանում: Դա տարիների ընթացքում է առաջանում»,- ասում է ԱԱԻ-ի տեղեկատվության և վերլուծությունների բաժնի ղեկավար, բժշկուհի Դիանա Անդրեասյանը:

«Մեր առողջության վրա գործարանի արտանետումների ազդելը էլ ո՞նց է լինում, խեղդվում ենք: Գազի պատճառով շնչել չի լինում: Թող աշխատատեղ լինի, բայց ոչ էդ աստիճանի արտանետումներով: Երեխեքը տնից դուրս են գալիս, խեղդվում են»,- ասում է Ալավերդու Խուդյակով թաղամասի բնակչուհի Լիանա Սարգսյանը:

«Մենք տեղյակ ենք, որ պղնձաձուլական գործարանի անհամեմատ մեծ արտանետումները առաջացնում են բնակչության դժգոհությունները: Մի բան կարող եմ ասել, ելնելով իրավիճակից՝ մենք կարճաժամկետ կնվազեցնենք գործարանի արտադրողականությունը, այսինքն՝ կնվազեցնենք ձուլող վառարանի բեռնումը: Ինչ խոսք, դա իր բացասական հետևանքները կունենա մեր ֆինանսատնտեսական ցուցանիշների վրա: Բայց մենք այս խնդրի երկարաժամկետ լուծում չունենք»,- հունիսի 16-ին «Հետք»-ին հայտնել էր ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը:

Համաձայն բնապահպանության նախարարության հաղորդագրության՝ 2018 թվականի հունիսի 15-17-ն ընկած ժամանակահատվածում կատարված մոնիթորինգի արդյունքներով, ծծմբի երկօքսիդի պարունակությունն Ալավերդու մթնոլորտային օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 0,05 մգ/մ3-ը։ Առավել բարձր գերազանցումներ դիտվել են հունիսի 15-ին (12,5 անգամ) և 16-ին (10,4 անգամ): Իսկ Ալավերդու մթնոլորտը գրեթե ամեն օր այդ վիճակում է: «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը Ալավերդի քաղաքում իրականացնում է մթնոլորտային օդի փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների և ածխածնի մոնօքսիդի միջին օրական պարունակությունների մոնիթորինգ: Գործարանի արտադրական հզորությունը, ըստ մշակվող պղնձի խտանյութի՝ կազմում է 50 000տ/տարի: Շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոնում մեզ հայտնեցին, որ Ալավերդիում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգը իրականացվում է 3 ստացիոնար և 18 շարժական դիտակայաններում: Ստացիոնար դիտակայաններում կատարվում է օրական ռեժիմով՝ 24 ժամյա պարունակությունների մոնիթորինգ։

«Ստացվում է օրվա ինտեգրալ պատկերը»,- ասաց կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը: Նրա ասելով՝ կենտրոնի ոչ ժամանակակից սարքերով հնարավոր չի լինում ֆիքսել կայուն արտանետումների պիկային ժամերը։


Գայանե Շահնազարյանը

«Մեր տեխնիկական սարքերը վերազինելու խնդիր ունենք, որպեսզի կարողանան մեր բնակչությանը միջազգային ստանդարտներին համապատասխան ամեն ժամը մեկ իրական տեղեկատվություն տալ»,- ասաց նա:

Ալավերդու մոնիթորինգի դիտակետերում ինքնաշեն սարքեր են տեղադրված: Մեր տեղեկություններով՝ կենտրոնի աշխատակիցները սարքերը վերանորոգել են, արդյունքում՝ դիտակայաններում տեղադրված են ինքնաշեն սարքերը, որոնք հուսալի չեն և անընդհատ միջամտություն են պահանջում:

«Ինքնաշեն են այնքանով, որ այդ համակարգը կազմված է օդը քաշող պոմպից և հաշվարկող հաշվիչից: Դրանք պրոցեսի համար նախատեսված նմուշառման սարքավորումներ են, որոնք միացված են խողովակներով: Այստեղ ուղղակի ինքնաշեն սարքերը համադրվել է ավտոմատ սարքավորումների հետ»,- բացատրեց Գ. Շահնազարյանը: Մեր այցելության պահին Ալավերդու Դեբեդ թաղամասի դիտակայանում չէր գործում SO2 և NO2 մոնիթորինգն իրականացնող օդը քաշող պոմպը:


Դիտակայան

«Արդեն մի քանի օր է պոմպի պատճառով չենք կարողանում իրականացնել մոնիթորինգը»,- հայտնեց դիտակայանի աշխատակցուհին:

«Երիտասարդ Ալավերդի» ՀԿ-ի նախագահ Վահե Պարանյանը բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին օգոստոսի 22-ին գրություն է ուղղել, որ Ալավերդու բնակիչները ամենօրյա անխախտ ռեժիմով բախվում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության վնասակար արտանետումներին:

«Մեր բազմաթիվ ահազանգերը, քննարկումները ոչ մի արդյունք չեն տալիս՝ արտանետումների նվազեցման համար: Ալավերդու բնակչությունը խիստ անհանգստացած է: Վերջին շրջանում հատկապես հնարավոր չի լինում շնչել: Անբացատրելի ինտենսիվ կերպով վնասակար ծխագազը, կախված եղանակային պայմաններից, տարածվում է, սակայն շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոնի տվյալները այլ բան են ասում: Մենք Ալավերդիում ականատես ենք լինում գործարանի արտանետումների գրեթե ամենօրյա արտակարգ իրավիճակների»,- հայտնել է Վ. Պարանյանը:

Նա նախարարից իրավիճակի համար պարզաբանում է խնդրել, առաջարկել է տեսչական ստուգումներ իրականացնել գործարանում և պարզել արտանետումների ՍԹԿ-ն գերազանցելու պատճառները: Հիշեցնենք, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ կանխատեսվող օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում, երբ մթնոլորտային օդում սպասվում է աղտոտող նյութերի քանակի մեծացում, ընկերությունները պարտավոր են կատարել արտադրության նվազեցման, բնակչության առողջության և կյանքի սպառնալիքները վերացնելու միջոցառումեր: Սա երբևէ չի կիրառվում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից, որի պատճառով եղանակային վատ պայմաններում Ալավերդին վեր է ածվում մահաբեր գազախցի: Բնապահպանության նախարարի տեղակալ Գ. Սանոսյանը «Երիտասարդ Ալավերդի» ՀԿ-ի նախագահին ուղղված իր պատասխանում հայտնել է, թե Հայաստանում գործող մթնոլորտային օդի դիտացանցը ներկայիս տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում դիտարկումների պարբերականությամբ և ճշգրտության տեսանկյունից չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին:


Փոշու մոնիթորինգի սարքավորում

«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական հզորությունները հնարավորություն են տալիս գնահատել աղտոտիչների պարունակությունները միայն 24-ժամյա դիտարկման ռեժիմով: Արդյունքում ստացված պատկերը չի արտացոլում օրվա ընթացքում աղտոտվածության պիկային կոնցենտրացիաների մակարդակը և դրանց ժամերը: Պահանջված սարքավորումները չունենալու պատճառով Ալավերդիում ընդհանրապես չի իրականացվում մարդու առողջության համար վնասակար և օդի կարևորագույն աղտոտիչներ հանդիսացող PM10 և PN2,5 կախված մասնիկների մոնիթորինգ:

«Միայն դիտացանցերը հիմնական աղտոտիչների հետազոտությունների ավտոմատ սարքավորումներով համալրելը հնարավորություն կընձեռի ճշգրիտ գնահատել օդի աղտոտվածության մակարդակը»,- հայտնել է Գ. Սանոսյանը:

Արտանետումները վերահսկելու և առողջությունը կորցրած բնակչության շահերը պաշտպանելու համար ստեղծվել է SOS-Ալավերդի նախաձեռնող խումբ: Խումբը հետևում է պղնձաձուլական գործարանի արտանետումներին, բողոքի ցույցեր է իրականացնում Ալավերդիում և կառավարությունից պահանջում է բնակչության ներկայացուցիչներին ներգրավել գործարանի հեռահար ծրագրերի քննարկմանը: Պղնձաձուլական գործարանը Ալավերդիում ապահովում է ընդամենը 450 աշխատատեղ, սակայն գործարանի անթույլատրելի արտանետումների չվերահսկելու հետևանքով վտանգվում է 19 հազար բնակչության առողջությունը և կյանքը: Մի բան հայտնի է` արտանետումների ստեղծված քանակով Ալավերդիում ոչ ոք ապահովագրված չէ չարորակ նորագոյացությամբ հիվանդանալուց:

Մեկնաբանություններ (1)

Gagik
Հուլիսի 21-ին ՀՀվարչապետին ուղարկված իմ նամակից մի հատված՝ «Մի անգամ հեռուստահաղորդման ժամանակ ցույց տվեցին Վիեննայի կենտրոնական մասում գտնվող աղբավերամշակման գործարանը - արտաքինից այն գեղեցիկ շինություն էր, գործարան չհիշեցնող։ Ասել, որ այնտեղ ծխագազեր կամ տհաճ հոտեր չեն առաջանա տեխնոլոգիական խախտումներով աշխատելու դեպքում՝ ճիշտ չի լինի։ Ինքնին այդ գործարանի գտնվելու վայրը ստիպել է գործարանատիրոջն աշխատել անսխալ, հակառակ դեպքում կենթարկվեն զգալի տուգանքի։ Ասելս ինչ է, մինչև մեր կառավարության կողմից նման ինքնազսպման մեխանիզմ չստեղծվի, ոչինչ չի փոխվի։․․․»։ Հոդվածում բարձրացված հարցերը հրատապ լուծման կարիք ունեն քանի որ աշնան-ձմռան ընթացում Ալավերդու էկոլոգիական վիճակն ավելի է սրվելու․․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter