HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Քաղաքապետարանը տեղեկատվություն չի տրամադրում, քանի որ «մեկը մեկից տեղյակ չեն»

Մինչ քաղաքական ուժերը պատրաստվում են ավագանու ընտրություններին, Երևանի քաղաքապետարանում դադարել են աշխատել։ Դեռ հուլիսի 10-ին գրավոր տեղեկատվություն ստանալու հարցում էինք ուղարկել քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։ Ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են գրավոր հարցմանը պատասխանել 5-օրյա ժամկետում։ Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։  

Հարցումն ուղարկելուց 2 օր անց՝ հուլիսի 12-ին, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացանք մի անստորագիր պատասխան, որով հայտնել են, որ պահանջվող տեղեկատվությունը հնարավոր է տրամադրել դիմելու օրվանից սկսած 30-օրյա ժամկետում:

30-օրյա ժամկետի ավարտից հետո, չստանալով հարցման պատասխանը, քաղաքապետարանի տեղեկատվության վարչության աշխատակցից փորձեցինք ճշտել, թե ինչու է պատասխանն ուշանում։ Վերջինս, ով ներկայացավ Նարինե, դժվարությամբ հիշեց հարցման բովանդակությունը, բայց պատասխանեց, որ պատասխանը ծավալուն է, անհրաժեշտ է սպասել։ Մոտ 3 շաբաթ շարունակ մեր զանգերին Նարինեն նույն պատասխանն էր տալիս․ «Խնդրում եմ՝ մի քիչ էլ սպասեք»։

Քաղաքապետարանը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետը, 15 օրով ուշացրել է հարցման պատասխանը։

Սեպտեմբերի 10-ին, երբ հերթական անգամ զանգահարեցինք քաղաքապետարան՝ հիշեցնելու այս խախտման մասին, Նարինեն ասաց․

«Մի հատ խնդրում եմ դուք զանգեք էլի, անշարժ գույքի [վարչության,- խմբ.] հետ խոսեք, որովհետև ես այնքան եմ զանգել արդեն, ասում են այնքան ծավալուն աշխատանք է, դեռ աշխատում են դրա վրա։ Ես ասացի, որ դուք շատ եք զանգել, արդեն ուշացրել ենք, հիմա համարն ասեմ մի հատ էլ դուք զանգեք էլի, իրենք գիտեն, որ զանգելու եք»։

Զանգեցինք Նարինեի տված հեռախոսահամարով, միացանք անշարժ գույքի վարչության պետի ընդունարան, որտեղից փոխանցեցին մեկ այլ հեռախոսահամար՝ տվյալ հարցումով զբաղվող Գարիկ Խաչատրյանի հետ կապվելու համար։

Գարիկ Խաչատրյանի հեռախոսահամարին պատասխանեց քաղաքապետարանի մի աշխատակից, ով համառորեն չցանկացավ ներկայանալ։ Նա ասաց, որ իրենք մեր հարցումը չեն ստացել։

Կրկին կապվեցինք տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Նարինեի հետ. «Էէէհ, ստացել են, Գարիկի մոտ ա։ Որ խնդրեմ մի փոքր ուշ էդ համարով կզանգե՞ք, Գարիկը տեղյակ ա ամեն ինչից, հաստատ ինքն ա անում։ Աշխատողները երևի մեկը մեկից տեղյակ չեն, բայց հաստատ հարցումն իրենց մոտ ա էլի»,- ասաց Նարինեն։

Քանի որ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և անշարժ գույքի կառավարման վարչությունը գտնվում են նույն շենքում, Նարինեին խնդրեցի, որ ինքը պարզի, թե շենքի որ հատվածում է կորել հարցումը։ Վերջինս խոստացավ գնալ անշարժ գույքի կառավարման վարչություն և պարզել։ Ժամեր անց, երբ կրկին կապվեցի Նարինեի հետ, վերջինս խնդրեց մի րոպե սպասել, և լսափողի մյուս կողմից լսվեց հետևյալը․ «Պարոն Գևորգյան, կներեք, էլի, մի բան խնդրեմ։ Անին է էլի «Հետքի», էդ այգիների հետ կապված, կարո՞ղ ա դուք իրան կարողանաք մի բան ասեք։ Դե ես ի՞նչ ասեմ, ասում ա՝ դատի կտամ»։

Քիչ անց հեռախոսը վերցրեց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ ասելով հետևյալը․ «Այսօր ես մի քանի տարբեր վարչություններից հետաքրքրվել եմ, ասում են՝ Արթուր ջան, չենք կարա մենք էդ ձևով պատասխանենք, շատ ընդհանրական ա։ Հիմա ինչ-որ կոնկրետացում եթե կարող եք, արեք, եթե չէ, իրենց պատասխաններն այս պարագայում լինելու են թերի»։

Ճշտմանը, որ եթե հարցերը կոնկրետացնելու կարիք կար, ինչո՞ւ այդ խնդրի մասին շաբաթներ շարունակ մեր զանգերին պատասխանող աշխատակիցը չի հայտնել։

Գևորգյանին հիշեցրինք նաև, որ օրենքով սահմանված ժամկետներն իր ղեկավարած վարչությունն արդեն խախտել է, և այժմ պարտավոր է գրավոր պատասխան ուղարկել, որում նշված կլինի տեղեկատվությունը տրամադրելու հստակ ժամկետը։

«Բորբոքվածությունն արի դնենք մի կողմ, իրար հետ նորմալ, մարդկային խոսենք։ Բորբոքված որ խոսեցինք, ոչինչ չի փոխվելու դրանից։ Ճիշտ է, ժամկետը խախտել ենք, հիմա ես կհասկանամ՝ ժամկետն ինչու է խախտվել, որովհետև ես, ճիշտն ասած, հուլիս չէի հիշում, ես անկեղծորեն հիշում էի օգոստոս։ Վաղը կոնկրետ կպատասխանենք, ժամկետների պահով, իրար ճիշտ կհասկանանք։ Ոչ թե լրատվամիջոց ու քաղաքապետարան, այլ որպես երկու մարդ»,- ասաց Գևորգյանը։

Ըստ պայմանավորվածի՝ Արթուր Գևորգյանը պետք է հարցմանը գրավոր պատասխաներ մինչև սեպտեմբերի 11-ի ժամը 12։00-ը։ Հակառակ դեպքում՝ խոստացել էինք հրապարակել քաղաքապետարանի աշխատակիցների հետ ունեցած խոսակցությունները:  

Առաջին լուսանկարում Արթուր Գևորգյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter