HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եղեգնուտի պաշտոնաթող համայնքապետն ընդդեմ Արմավիրի մարզպետի դիմել է դատարան

Եղեգնուտի արդեն նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանն ընդդեմ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի դիմել է վարչական դատարան: Նա պահանջում է մարզպետի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 2 որոշումը ոչ իրավաչափ և անվավեր ճանաչել, վարչական ակտի հնարավոր բացասական հետևանքները վերացնելու նպատակով թիվ 2 որոշման կատարումը կասեցնել` համայնքի կնիքը վերադարձնել համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանին և միջոցներ ձեռնարկել նրա աշխատասենյակն ազատելու ուղղությամբ: Առաջին դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 15-ին:

Օրեր անց՝ սեպտեմբերի 6-ին, վարչական դատարան Մարգարյանը մուտք է արել ևս մեկ հայցադիմում: Այս անգամ նա մարզպետից և Եղեգնուտի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարից պահանջում է «օրինական ճանապարհով ընտրված» համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանին վերադարձնել համայնքի կնիքը, ինչպես նաև ազատել համայնքապետի աշխատասենյակը:

Բանն այն է, որ 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 2 որոշմամբ մարզպետ Գագիկ Միրիջանյանը լիազորությունները դադարեցված համայնքապետ Մարգարյանի փոխարեն նշանակել է համայնքապետի պաշտոնակատար:

«Հետք»-ն անդրադարձել էր, որ Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել մարզպետարան: Նա համայնքապետի պաշտոնը զբաղեցնում էր արդեն 27 տարի՝ 1991 թվականից: Ռազմիկ Մարգարյանը Հանրապետական կուսակցության անդամ է: Իշխանափոխությունից հետո նրա հրաժարականը օրեր շարունակ պահանջում էին համայնքի բնակիչները՝ դժգհելով համայնքապետի աշխատանքից:

Այդ ընթացքում Եղեգնուտ համայնքում մարզպետարանն իրականացրել է իրավական և մասնագիտական հսկողություն՝ ուսումնասիրելով համայնքապետարանի 2015-2018թթ. իրավական ակտերը: Բացահայտվել են մի շարք թերություններ, օրենքի խախտումներ: Նյութերն ուղարկվել էին իրավապահ մարմիններին:

Թեև մարզպետարանի հանձնաժողովի կազմած արձանագրությունը համայնքապետ Մարգարյանը ստորագրել էր, սակայն դրա հետ համաձայն չէր: Մեզ հետ զրույցում ասում էր, որ փաստերը «մոգոնված են»: Նա նշում էր, որ մարզպետարանը ոչ ճիշտ արձանագրություն է կազմել՝ խեղաթյուրելով փաստերը:

Օգոստոսի 27-ին Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչներն այցելել էին Եղեգնուտ, որպեսզի համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացնեին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին, որը Եղեգնուտ համայնքի բնակիչ է, սակայն, կանգնած էին մնացել արևի տակ, քանի որ համայնքապետարանի դուռը փակ է եղել: Ո´չ համայնքապետին են կարողացել գտնել, ո´չ աշխատակիցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter