Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

«Շիրակի» կոնցեսիոներն ասում է, թե «Տարոն-Ավիային» աննախադեպ արտոնյալ պայմաններ էր տվել



Ամռանը գրել էինք, որ Գյումրիում բազավորվող «Տարոն-Ավիա» ընկերությունը այս տարվանից դադարեցրել է թռիչքների իրականացումը, քանի որ դժգոհ է «Շիրակ» օդանավակայանում դրա կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի վարած գնային քաղաքականությունից: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատել էր նաեւ ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը:

Հայկական օպերատորի խնդիրը ռուսական «Աէրոֆլոտի» դուստր «Պոբեդայի» հետ անհավասար մրցակցությունն է: Հիշեցնենք, որ ռուսական ընկերոթյունը Մոսկվայից Գյումրի է թռչում 2016-ի դեկտեմբերից: Իր հերթին «Տարոն-Ավիան» գործունեությունը «Շիրակում» սկսել էր 2017-ի ապրիլից: Փոխադրողն այստեղից մինչեւ 2018 թ. թռչում էր ռուսական քաղաքներ՝ Կրասնոդար, Սամարա, Դոնի Ռոստով, Մոսկվա: Անցյալ տարվա աշնանը Գյումրի-Դոնի Ռոստով չվերթն ավիաընկերությունը փոխարինեց Երեւան-Մոսկվա չվերթով:

Իսկ այն բանից հետո, երբ «Տարոն-Ավիան» դադարեցրեց թռիչքները, «Պոբեդան» մեծացրեց չվերթների աշխարհագրությունը: Այժմ ռուսական ընկերությունը Գյումրին կապում է ոչ միայն Մոսկվայի, այլեւ Սանկտ Պետերբուրգի հետ:

Ավիացիայում մեր աղբյուրը հայտնել էր, որ գործունեության առաջին 6 ամիսներին «Տարոն-Ավիան» Գյումրու օդանավակայանում աշխատել է նորմալ պայմաններում, սակայն կես տարի անց օդանավակայանը բարձրացրել է, մասնավորապես, ուղեւորների սպասարկման գները, ինչն առաջացրել է ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանի դժգոհությունը: Նշենք, որ ուղեւորի սպասարկման արժեքն արտացոլվում է տոմսի գնի մեջ, այսինքն՝ դրա թանկացումը բերում է նաեւ ավիատոմսի թանկացման:

Չնայած Լեւոն Քարամյանը հաստատել էր, որ իրենց դժգոհության պատճառը օդանավակայանի կողմից «Պոբեդային» եւ իրենց առաջադրվող գնային անհավասար պայմաններն են, կոնցեսիոները մեր հարցմանն ի պատասխան, ըստ էության, հերքել է սա:

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող ««Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, որը ոչ միայն «Շիրակի», այլեւ «Զվարթնոցի» կոնցեսիոներն է, հարցրել էինք, թե արդյոք «Տարոն-Ավիային» եւ «Պոբեդային» սպասարկելիս եղել է սակագների տարբերություն: Խնդրել էինք տարբերության առկայության դեպքում մատնանշել, թե կոնկրետ որ ոլորտում է այն՝ ուղեւորների սպասարկում, կայանման վճար, թռիչք-վայրէջքների աերոդրոմային վճար եւ այլն:

Համաշխարհային պրակտիկայում օդանավակայաններն իրենց երկրի փոխադրողների, առավել եւս հենց իրենց տարածքում բազավորվող ավիաընկերությունների համար կիրառում են զեղչեր: 2013-ին ընդունած «բաց երկնքի» ծրագրում էլ կառավարությունը տեղական օպերատորներին աջակցելու համար կոնցեսիոներ «ԱՄՕ»-ին առաջարկել է. ««Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված փոխադրողների համար նվազեցնել օդանավակայանի ընդհանուր վճարների սանդղակը (օրինակ՝ կայանման վճարները, վառելիքի գները)՝ ելնելով Հայաստանում նրանց բացառիկ շուկայական դիրքից»: Չնայած ծրագրում խոսք չկա «Շիրակի» մասին, ենթադրելի է, որ կոնսեցիոները նույն քաղաքականությունը պիտի վարեր նաեւ այստեղ: Այս առումով «ԱՄՕ»-ին նաեւ հարցրել էինք, թե արդյոք «Տարոն-Ավիան» «Շիրակում» ստացել է զեղչ կամ արտոնություն:

Կոնցեսիոների լրատվական ծառայությունը մեր հարցերին տվել է ընդհանուր պատասխան՝ առանց մանրամասների: Ահա այն. «Հայտնում ենք, որ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» եւ «Զվարթնոց» օդանավակայաններից 2017 թ. ընթացքում կատարել է թռիչքներ: Որպես բազավորվող ընկերության՝ «Տարոն Ավիա» ՍՊԸ-ին երկու օդանավակայաններում էլ մատուցվել է տարաբնույթ ծառայությունների ամբողջական փաթեթ՝ աննախադեպ արտոնյալ պայմաններով, որը չի կարող համեմատվել «Պոբեդա» ավիաընկերությանը տրամադրված պայմանների հետ, քանի որ վերջինս ստանում է միայն բազային օդանավակայանային ծառայություններ: Նշենք նաեւ, որ «Տարոն-Ավիա» ավիաընկերությանը տրամադրված պայմանները որեւէ փոփոխության չեն ենթարկվել»:

Փաստորեն, ըստ «ԱՄՕ»-ի, «Տարոն-Ավիան» ոչ միայն զեղչեր է ստացել, ի տարբերություն «Պոբեդայի», այլեւ դրանք չեն փոփոխվել: Բայց թե կոնկրետ ինչպիսի արտոնության մասին է խոսքը, եւ որ ոլորտներում է եղել այն, կոնցեսիոները չի մանրամասնում: Այս դեպքում հարց է ծագում, թե ինչու պիտի «տարաբնույթ ծառայությունների ամբողջական փաթեթից աննախադեպ արտոնյալ պայմաններով» օգտվող տեղական ավիաընկերությունը դադարեցներ թռիչքները, եթե գործունեության առաջին 6 ամիսներին օդանավակայանից չի դժգոհել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ