HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՀՖՖ նոր գործկոմում կլինեն նախարարներ, ֆուտբոլային ակումբների նախագահներ, ֆուտբոլային մեկնաբաններ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է ՀՖՖ իրավաբանական անձանց միության 17-րդ արտահերթ ժողովի և ՀՖՖ հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովի օրակարգը, ֆեդերացիայի նախագահի և գործադիր կոմիտեի անդամների պաշտոնում առաջադրված թեկնածուների անունները: Եթե ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածության մասին ֆուտբոլասերներն արդեն իսկ գիտեին, ապա գործկոմի անդամների թեկնածուների մասին ոչ բոլորին էր հայտնի:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր գործադիր կոմիտեում, ինչպես և դեռևս գործող կոմիտեում, կլինեն պետական պաշտոնյաներ: Այսպես, ՀՖՖ նոր գործկոմի անդամներ են առաջադրվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավոր Ալեն Սիմոնյանը, վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը:

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրվել են նաև մասնագիտությամբ իրավաբան, նախկինում տարբեր դատարաններում դատավոր աշխատած Արթուր Օհանյանը, Սյունիքի նախկին մարզպետ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, ով 1998-2002թ. զբաղեցրել է ՀՖՖ նախագահի պաշտոնը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հակոբ Սիմիդյանը: 

ՀՖՖ գործկոմում լինելու համար առաջադրվել են նաև հայկական երկու ֆուտբոլային ակումբների նախագահներ, որոնցից մեկը Երևանի «Արարատ»-ի նախագահ Հիրաչ Յագանն է, մյուսը Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը: Ի դեպ Թովմաս Գրիգորյանը միակ թեկնածուն է, ով այս պահին էլ հանդիսանում է գործկոմի անդամ, ինչպես նաև 2013թ.-ից ղեկավարում է ՀՖՖ ֆինանսական կոմիտեն:

Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմում կլինի մարզական լրագրող Արմեն Նիկողոսյանը, ով 2017թ. նոյեմբերից զբաղեցնում է ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնը, ինչպես նաև ֆուտբոլային մեկնաբան, «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ նախագահ, Epress.am կայքի խմբագիր Արմեն Մելիքբեկյանը: Առաջադրվածների թվում են նաև 1997թ.-ից ֆեդերացիայում տարբեր պաշտոններ զբաղեցրած Մարինա Թաշչյանը, սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը, «Առաջին հայկական ճակատ» ֆան-շարժման անդամներ Կարեն Շաբոյանն ու Խաչատուր Ադումյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս գործկոմի կազմում են պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Վիկտոր Դալլաքյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլք:

ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter