HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Տարոն-Ավիան» արձագանքել է «Հետքի» հրապարակմանը

«Տարոն-Ավիա» ընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանն այսօր արձագանքել է «Հետքի» երեկվա հրապարակմանը, որտեղ հիշեցրել էինք, որ ավիաընկերությունը իր բազավորման օդանավակայանից՝ Գյումրու «Շիրակից», հեռացել է դրա կոնցեսիոների վարած գնային քաղաքականության պատճառով:

Ավելի վաղ մեր աղբյուրը հայտնել էր, որ «Տարոն-Ավիան» «Շիրակում» 6 ամիս աշխատել է նորմալ պայմաններում, սակայն հետո օդանավակայանը բարձրացրել է ուղեւորների սպասարկման գները: Իր հերթին կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունը մեզ հայտնել էր. «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» եւ «Զվարթնոց» օդանավակայաններից 2017 թ. ընթացքում կատարել է թռիչքներ: Որպես բազավորվող ընկերության՝ «Տարոն Ավիա» ՍՊԸ-ին երկու օդանավակայաններում էլ մատուցվել է տարաբնույթ ծառայությունների ամբողջական փաթեթ՝ աննախադեպ արտոնյալ պայմաններով, որը չի կարող համեմատվել «Պոբեդա» ավիաընկերությանը տրամադրված պայմանների հետ, քանի որ վերջինս ստանում է միայն բազային օդանավակայանային ծառայություններ: Նշենք նաեւ, որ «Տարոն-Ավիա» ավիաընկերությանը տրամադրված պայմանները որեւէ փոփոխության չեն ենթարկվել»:

Լեւոն Քարամյանն այսօր մեզ տեղեկացրել է, որ իրականում «Շիրակ» օդանավակայանում գների փոփոխություն չի եղել, իրենք աշխատել են նույն պայմաններով, սակայն կրկին հաստատեց, որ խնդիրը «Պոբեդայի» հետ անհավասար մրցակցությունն էր: Ինչ վերաբերում է կոնցեսիոների նշած «աննախադեպ արտոնյալ պայմաններով տարաբնույթ ծառայությունների ամբողջական փաթեթին», Քարամյանն ասաց, որ ներկայացվածը կոնցեսիոների տարբերակն է. «Շիրակում» իրենք վճարել են ոչ թե առանձին ծառայությունների համար (ուղեւորների սպասարկում, թռիչք-վայրէջք, կայանում, վառելիք), այլ բոլորի համար վճարել են մեկ ընդհանուր գին:

Բայց եթե հայկական ավիափոխադրողը գնային առումով դժգոհություն է ունեցել, կարող ենք ասել, որ Գյումրիում «Պոբեդային» առաջարկվող գների եւ «Տարոն-Ավիային» տրամադրվող փաթեթի համեմատությունը տեղական օպերատորի օգտին չի եղել:    

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին «Տարոն-Ավիան» «Զվարթնոցից» կատարել էր վերջին չվերթը Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ, ինչից հետո դադարեցրել էր թռիչքային գործունեությունը Հայաստանում: «Շիրակից» էլ ընկերությունը թռիչքներ չի կատարում 2017-ի դեկտեմբերից:

Լ. Քարամյանը դեռ այս տարվա հունիսին մեզ տեղեկացրել էր, որ մայիսի վերջին դիմել են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ առաջարկելով ավիացիայի հայկական շուկայում ստեղծել հավասար մրցակցային պայմաններ: Հայտնի է, որ մեր օպերատորների խնդիրը հատկապես ռուսական փոխադրողներն են, որոնք, օգտագործելով իրենց ֆինանսական, տեխնիկական եւ կադրային ռեսուրսը, դեմպինգի միջոցով կարողանում են առանց դժվարության ասպարեզից հանել հայկական փոքր ավիաընկերություններին: Նման բան տեղի ունեցավ, մասնավորապես, «Արմավիայի» ու «Էյր Արմենիայի» հետ, թերեւս նույն շարքին կարող ենք դասել նաեւ «Տարոն-Ավիային»:

«Տարոն-Ավիայի» կոմերցիոն տնօրենն այսօր հայտնեց, որ առայժմ կառավարությունից պատասխան չեն ստացել, սակայն դեռ սպասում են: Դրական արձագանքի դեպքում ընկերությունը կվերսկսի թռիչքները հայկական երկնքում: Իսկ մինչ այդ «Տարոն-Ավիայի» 3 օդանավերը շահագործվում են Հայաստանից դուրս:  

Լուսանկարը՝ «Տարոն-Ավիայի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter