HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդդեմ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման. «Մեր ժողովուրդն ուզում է իմանա, թե սրանից հետո իր ճակատագիրն ինչ է լինելու»

Արծվանիկում ներդրում անողներին պոչամբարը վախեցնում է

«Ավագանին թող որոշի՝ հարցը հանի, նիստը սկսի». այսպիսի պահանջ էր դրվել այսօր Կապանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանի և ավագանու անդամների առջև:  

Խոշորացված Կապան համայնքի մեջ ընդգրկված Արծվանիկ, Սևաքար, Չափնի գյուղի բնակիչները փակել էին համայնքապետարանի դահլիճի մուտքը, որտեղ պետք է տեղի ունենար ավագանու նիստը: Նրանց դժգոհության պատճառը նիստի օրակարգում ընդգրկված մի քանի հարցեր էին, որոնք վերաբերում էին Արծվանիկի, Սևաքարի և Չափնիի մի շարք հողամասերի կատեգորիան փոխելու նպատակով այդ գյուղերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալուն, ինչպես նաև Արծվանիկի Նոր ջուր թաղամասում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 51 հա հողերին (բաժանված 3 հասցեի մեջ), որոնք առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով նախատեսվում է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:

Բողոքող քաղաքացիներից Մհեր Ստեփանյանը 215 արծվանիկցիների ստորագրություններով դիմումն էր բերել համայնքապետարան: Պահանջը վերոնշյալ հարցերն ավագանու նիստի օրակարգից հանելն էր: Ստեփանյանը բողոքի ակցիայի ժամանակ առաջարկել է ստուգել պոչամբարի թունավոր նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Արծվանիկի վարչական ներկայացուցիչ Անուշավան Հարությունյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ երկու-երեք անգամ ժողով են արել գյուղում: Ըստ նրա՝ արծվանիկցիները ոչ թե պահանջում են փակել ԶՊՄԿ-ն, այլ ընդամենը ուզում են, որ պոչամբարի ընդլայնման համար իրենց գյուղից այլևս հող չհատկացվի:

«Ինձ մոտենում են, ասում, որ հիմա ուզում ենք գյուղում տուն սարքենք՝ սարքե՞նք, թե՞ չսարքենք, կամ դրսից գյուղի երիտասարդներից եկել են, մեծ մասը Ռուսաստանում են, ուզում են գյուղում ներդրումներ անեն, գործեր անեն, որ գյուղը մի քիչ, էսպես ասած, գա իր տեղը, ինչպես եղել է մի 20-25 տարի առաջ: Հիմա էդ մարդիկ կասկածում են»,- ասում է Արծվանիկի վարչական ներկայացուցիչը: Նրա փոխանցմամբ՝ ներդրում անողները թյուր տեղեկություն են ունենում, գիտեն, թե ամբողջ գյուղը պոչամբարի տակ է անցնելու:

Անուշավան Հարությունյանն ասում է, որ Արծվանիկից երեք անգամ հող է հատկացվել ԶՊՄԿ-ի պոչամբարի համար: Առաջինը եղել է 1973-ին՝ 273 հա, երկրորդ դեպքը 2006-ին էր՝ 102 հա, իսկ երրորդը՝ 2015-ին: Ինչպես արդեն գրել ենք, 2015-ին կառավարությունը գերակա հանրային շահի անվան տակ որոշել է պոչամբարի ընդլայնման համար 492 հա հող վերցնել Կապանի Արծվանիկ, Չափնի, Աճանան, Սևաքար և Սյունիք գյուղերից: 492 հա-ից 275-ը հենց Արծվանիկի հողերն են: Ա. Հարությունյանն ասում է, որ իրենք չեն կարող դրա «դեմն առնել», քանի որ կառավարության որոշում կա:

«Մեր ժողովուրդն ուզում է իմանա, թե սրանից հետո իր ճակատագիրն ինչ է լինելու, էս գյուղում ապրե՞ն, թե՞ չապրեն: Ե՞րբ է լինելու վերջը»,- հարցնում է Արծվանիկի ներկայացուցիչը:

Ասում է՝ 1973 թ.-ից մինչև հիմա պոչամբարն իրենց գյուղում է, հիմա էլ թող տանեն մեկ այլ վայր: Գյուղը պոչամբարի պատճառով դատարկվում է, բնակիչների մի մասն արդեն գնացել է ազատագրված տարածքներում բնակություն հաստատել: «Մի էրկու մարդ ենք մնացել գյուղում, հիմա էդ էլ վերանա՞, դե եթե գյուղը վերանում ա, միանգամից ասեք, որ վերանում ա, էլ ի՞նչ անենք: Ժողովրդի խնդիրը դա է, որ մեկը մի փաստաթուղթ ներկայացնի մեր համայնքին, ասի՝ ձեր վերցրած հողերից մի մետր առաջ չենք գնալու, հիմա էդ մարդիկ ուզում են մի բան անեն (նկատի ունի ներդրողներին- հեղ.)»:

ԶՊՄԿ-ն տարեկան 22 միլիոն տոննա արտադրողականություն ունի, ինչից գոյացած պոչանքները թափվում են Արծվանիկի պոչամբար: Տեղացիների երկրորդ դժգոհությունը հանքարդյունաբերող ընկերությունից սոցիալական և առողջապահական հարցերն են:

«Հիմա մարդն ասում է՝ ուզում եմ տուն սարքեմ, բայց սարքեմ ինչի՞ համար, եթե էստեղ չեմ կարողանալու ապրել»,- նշում է Անուշավան Հարությունյանը՝ ավելացնելով, որ ժողովրդի պահանջն է փակել պոչամբարը կամ տեղափոխել մեկ այլ տեղ:

Վարչական ներկայացուցիչը մի քանի անգամ շեշտում է. «Չենք պայքարում կոմբինատի դեմ, չենք ուզում, որ կոմբինատը փակվի, քանի որ 5 հազար հոգի առանց հացի կմնա»:

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ին առնչվող վերը նշված հարցերն ընդգրկվել էին նաև օգոստոսի 21-ին կայացած ավագանու արտահերթ նիստում, սակայն դրանց քննարկումը հետաձգվել էր: Փաստորեն, բնակիչների բողոքի արդյունքում դրանց լուծումը կրկին առկախվեց:  

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի
Ամենակարևորը՝ Կապանի հոկտեմբերին ընտրվելիք նոր համայնքապետը պետք է ոչ թե իր կուսակցությունը առաջ տանի քաղաքում,այլ լինի վերկուսակցական ու ծառայի ՔԱՂԱՔԻ ՇԱՀԵՐԻՆ: Իսկ սա միայն մե՛կ ձև կա անելու. իր շուրջը հավաքել խելացի,պրոֆեսիոնալ ու չքծնող մասնագետների:
Վարազ Սյունի
Ապրե՛ք,կապանցիներ. այ տենց դուխով: ԱՄՈԹ է վերջապես.ո՞ր մի քաղաքակիրթ ազգն իրեն թույլ կտա նմա՛ն ԱՀԱՍԱՐՍՈՒՌ պոչամբար: Մինչև ե՞րբ սյունեցուն պիտի սպանեն այս թույներով: Ու այդ հանքերի եկամուտների առյուծի բաժինը գնում է մի քանի օֆշորային մարդու:.................Ավագանին և համայնքապետը ծառայում են կապանցիների՛ն և եթե քաղաքացիները համաձայն չեն ավագանու նիստի քննարկման օրակարգին,ապա օրակարգը պիտի փոխվի: Այլևս ո՛չ մի թիզ հող հանքերին և պոչամբարներին:ՎԵՐՋԱԿԵՏ: Լուծում կա. թող ԱՅԴՔԱՆ ԱԳԱՀ չլինեն ու նվազեցնե՛ն հանքերի արտադրության ծավալները:Համայնքապետարանը միայն շենք ու ճանապարհ վերանորոգելու համար չէ, այլ նաև նախկին ՎԱՏ որոշումները չեղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter