HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գեւորգ Պետրոսյան. «Ուսուցում եւ այլընտրանք՝ կլիմայական փոփոխություններին դիմակայելու միակ արդյունավետ միջոցները»

Կրակի լեզվակներն ագահությամբ լափում են դաշտում տարածված չոր ծղոտը: Բերքահավաքից հետո հողը կրակով «մաքրելու» եւ աշնանացանին նախապատրաստելու տարիներով արմատացած երեւույթը ահագնանում կամ պակասում է՝ կախված բերքատվությունից: Եթե տարին հացառատ է, ապա աշնան գալուստը մշակովի հողատարածքները դիմավորում են կրակից առաջացած թանձր ծխաշերտով: Բնակավայրերն եւս զերծ չեն մնում «մաքրագործող խարույկներից»: Աշնանն ու գարնանը մարդիկ այրում են փողոցում թափված տերեւները, գազոնների չորացած բուսածածկ մակերեսները, մայթերի կողքին կուտակած աղբը:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 38-ամյա բնակիչ, ֆերմեր Սամվել Սաֆարյանն եւս տարիներ շարունակ հողի մակերեսը հասկի մնացորդներից մաքրելու նույն եղանակն է կիրառել: «Դե պապերից, հորիցս եկած սովորույթ է, բոլորն էլ նույն կերպ են վարվել,-արդարանում է զրուցակիցս,-22 տարի ֆերմերությամբ են զբաղվել ու երեւի մի 20 տարի ամեն աշնանը նույն բանն եմ արել, որովհետեւ լսել եմ, որ հողը հաջորդ վար ու ցանքին նախապատրաստելու ճիշտ եղանակը դա է: Ոչ մեկը չի եկել ասել, թե հեկտարներով հողդ ուրիշ ինչ եղանակով մաքրես, մենք էլ դա ենք արել»:

Շիրակի մարզում մոտ 35 հազար հա ցորեն ու գարի է մշակվում: Հասկանալի է թերեւս, թե ինչ է կատարվում դաշտերում բերքահավաքից հետո: 2016թ-ին, ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ այլընտրանքային վառելիքի՝ պելետի արտադրության հիմնումը Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն բնակավայրում պետք է նպաստեր հողային եւ ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանն ու որոշ չափով աղքատության ծավալների նվազմանը: Պելետի արտադրությունը ծղոտի հիմքի վրա տարածաշրջանում ունենալու էր նաեւ բնապահպանական նշանակություն՝ վարելահողերի մասսայական այրումն ենթադրաբար դադարեցվելու էր, պակասելու, իսկ հետագայում իսպառ բացառվելու էին ծառահատումները:

Սակայն պելետի փորձացուցադրական արտադրամասը կարճ աշխատեց՝ ընդամենը մեկ տարի: Արտադրության ընդլայնման կառավարության խոստումները սին դուրս եկան, խնդիրներ կային նաեւ պելետի համար նախատեսված վառարանները տեղում պատրաստելու հետ կապված: 2018թ-ի փետրվարին Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու անդամների մասնակցությամբ քննարկվեց «Վանանդ» համայնքային զարգացման հկ-ի ներկայացրած կոշտ կենսավառելիքի արտադրության (բրիկետ) եւ էներգաարդյունավետ վառարանների կիրառության ընդլայնման ծրագիրը, որ ծառայելու էր նույն նպատակին, ինչ պելետի արտադրությունը:


Սամվել Սաֆարյանը

«Ես տեղյակ եմ երկուսից էլ՝ պելետից էլ, բրիկետի արտադրությունից էլ,-ասում է Սամվել Սաֆարյանը, որ պատրաստվում է առաջիկայում զբաղվել բրիկետի արտադրությամբ,-Ռուսաստանի Կրասնոդարի մարզում եմ 2 տարի առաջ տեսել պելետի կիրառումը: Ուղղակի պելետի դեպքում մի պրոբլեմ կա՝ բիոռելիզային վառարանները շատ թանկ են՝ 1500-2000 դոլար եւ սովորական մարդն էդքան գումար չի տա առնի: Իսկ բրիկետը ունիվերսալ վառելիք է, որ կարող են օգտագործել, թե ինքնաշեն, թե հատուկ իր համար նախատեսած վառարաններում ու մատչելի կլինի բոլորին: Եվ ամենակարեւորը, որ մարդն էսօր էն ինչը այրում է, կարող է վերածել բիզնեսի, միաժամանակ էլ բնապահպանական խնդիր կլուծենք տարածաշրջանում»:

Քաղաքակրթության եւ տեխնոլոգիայի զարգացումը, արագ եկամուտ ստանալու բիզնես մտածողությունն ու համապատասխան գիտելիքների բացակայությունը մեր երկրում հանգեցրել է էկոլոգիական մի շարք խնդիրների: «Բիոսոֆիա» բնապահպանական հկ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյանն ասում է, որ մի ժամանակ, որպես բնապահպան փորձում էր տարատեսակ խախտումների՝ ասենք նույն այդ տերեւների կույտերի այրման դեմ պայքարել՝ կիրառելով օրենքի տառը, որն ընդամենը կարճաժամկետ օգուտ էր տալիս:


Գևորգ Պետրոսյանը

«Վարչաիրավական խախտումների մասին օրենքով, եթե դու հիմա վառես քո տարածքի խոտը եւ ես բողոքեմ տեսչություն, քեզ 50 հազար դրամ կտուգանեն: Մի քանի տարի առաջ, օրինակ էդպիսի դեպք եղավ Ախուրյանում, որի մեջ իհարկե նաեւ դիտավորություն կար. տերեւները կուտակել էին ծառերի բների մոտ ու այրել: Բողոքի արդյունքում տուգանվեց համայնքապետը, բայց դրանով հաջորդ տարիներին նույն այդ բնակավայրի տարածքում այրումների թիվը չպակասեց,-նկատում է Գեւորգ Պետրոսյանը,-բոլորս էլ գիտենք «կնուտի եւ քաղցրաբլիթի» սկզբունքը: Մենք ստեղծել ենք «կնուտը», որն ընդամենը պատժիչ միջոց է եւ մարդու գիտակցության վրա ազդում է միայն տվյալ պահին: Հարկավոր է մտածել երկարաժամկետ եւ գիտակցությունը փոխող «քաղցրաբլիթի» մասին»:

Ինչու՞ են մարդիկ տարիներ շարունակ այրում հողը, դեգրադացնում այն, գիտելիքների պակասից է, թե՞ ընդամենը անկյալության արդյունք: Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ նշված երկու հանգամանքն էլ մեծ դերակատարություն ունեն, սակայն գերակշռում է առաջինը: Մարդիկ կյանքում այս կամ այն գործողությունը շատ ժամանակ կատարում են սովորույթի ուժով: «Տեսեք, երբ հարցնում ես, թե խոզանն ինչու ես այրում, մարդը պատասխանում է՝ պապերս էլ են այրել, բայց դա էնքան էլ էդպես չէ: Խորհրդային տարիներին այս երեւույթը տարածված չէր: Եթե ավելի հետ գնանք, ապա մեր նախնիներն ընդհանրապես դա չեն կիրառել,-ասում է Գեւորգ Պետրոսյանը,-խորը հերկ կոչվածը եկել է տեխնոլոգիաների հետ: Գութանը չէր կարող եւ չէր վնասում հողի խորը շերտը: Հացահատիկը մեր նախնիները քաղել են գերանդիով, մարդիկ մինչեւ վերջին ծղոտը տուն են տարել: Քաղաքակրթության զարգացման հետ կորսվել է նախնիների թողած իմաստնությունը՝ ճիշտ ցանքաշրջանառությունը»:

Այրելով հողի շերտը՝ պատճառաբանությամբ, թե վերացնում են այդպես մոլախոտն ու տարատեսակ հիվանդությունները, թերեւս ամենթույր, սակայն մարդկանց մեծամասնության գիտակցության մեջ արմատացած կարծիքն է: Այրման հետեւանքով ոչնչանում են թե օգտակար, թե վնասակար բակտերիաները: Ի տարբերություն օգտակարի, վնասատուներն արագ են վերականգնվում: Խորը հերկի պարագայում, երբ 30-40 սմ խորությամբ հողի շերտը շուռ են տալիս, ապա նպաստում են խավարասերների արեւի լույսի ներքո հայտնվելուն եւ հակառակը՝ խորը շերտեր մղում ջերմության պարագայում առավել կենսունակ օգտակար բակտերիաներին՝ խախտելով բնության կողմից կարգավորվող բնական միջավայրը:

«Գուցե մեր նախնիները չէին տիրապետում դասագրքային գիտելիքների եւ չգիտեին, որ հողի մեջ 900 մլն բակտերիա, սնկեր ու զանազան այլ միկրօրգանիցմներ կան, սակայն իրենք ունեին պրակտիկ մեծ փորձ,-նկատում է զրուցակիցս,-իրենք հստակ իմացել են, որ էս տարի, եթե ցորեն են ցանել, մուս տարի կուլտուրան պետք է փոխվի, որովետեւ ցորենի վնասատուն անզոր է ասենք կարտոֆիլի դեմ ու հակառակը: Այդպիսով հիվանդությունների կուտակում չի լինում եւ կարիք էլ չկա դաշտերը վառելու: Իսկ մեր նորօրյա ֆերմերը այդ հարցին չի նայում ոչ գիտական տեսանկյունից, ոչ ավանդական, ինքը նայում է մոդայի տեսանկյունից: Եթե այսօր մոդա է «Պրեստիժ» թունաքիմիկատն, որն ամենաուժեղն է, ուրեմն ինքը դա պիտի օգտագործի, իսկ դա 2-3 տարվա մեջ հողը զրկում է բերքատվությունից, աղքատցնում՝ վերածում անպետք տարածքի»:

Քանի որ խոշոր ֆերմերները հիմնականում հողերը վարձակալում են, ապա շատ դեպքերում բացակայում է նաեւ խնայողական վերաբերմունքը: Բազմաթիվ թունաքիմիկատների օգտագործումը, խորը հերկը, հողի արտաքին շերտի այրումը, մի քանի տարում բերրի հողը վերածում են ավազի: «Մենք էսօր էս սխալի հետեւանքով հողերը մի կողմից ենք դեգրադացնում, կենսաբազմազանությունը մյուս կողմից ոչնչացնում, դրանով կլիմայի փոփոխությանը մեր հարմարվելու ունակությունն է թուլանում, արդյունքում մեծ վնաս ենք հասցնում մեր առողջությանը: Նույն այդ ֆերմերը, որ հա-ներով կարտոֆիլ է մշակում, ինքն երբեք էդ կարտոֆիլից չի օգտվում: Սեփական օգտագործման համար ինքն առաձին մի տեղ, առանց թունաքիմիկատների մշակում է: Մյուս կողմից էլ մենք՝ սպառողներս ենք մեղավոր: Դու գնում ես շուկա ու պահանջում մեծ, գեղեցիկ, դիմացկուն ապրանք, որը որպես կանոն անհամ է լինում: Արտադրողն էլ գնում է պահանջարկի հետեւից: Ուտելի, համեղ պոմիդորը երկար չի դիմանում, դրա համար էլ մեզ վաճառում են տոմատի մածուկի համար նախատեսված տեխնիկական պոմիդորը, որովհետեւ մենք դա ենք ուզում, որ սառնարանում պահենք օրերով չփչանա՝ առանց մտածելու, թե ինչ վնաս ենք հասցնում սեփական առողջությանը: Այդպես էլ առանց մտածելու այրում ենք խոտը, տերեւը, աղբը՝ օդը հարստացնելով քաղցկեղածին նյութերով»,-նշում է Գեւորգ Պետրոսյանը:  

Ըստ բնապահպանի, միայն արգելքներով խնդիրը չի լուծվում: Եթե արգելում ես ծառահատումները, պետք է դրա փոխարեն այլընտրանք առաջարկես բնակչին: Եթե շեշտում ես, որ հողը չի կարելի այրել, պետք է բացատրես, թե ինչու եւ կրկին այլընտրանք առաջարկես: Այլընտրանքային վառելիքը՝ պելետ, բրիկետ, այսօր լավագույն եւ արդյունավետ տարբերակներից են, որի արտադրությանն անցնելը բացառում է խոտածածկ տարածքների այրումը, ապօրինի ծառահատումները, ինչպես նաեւ օդի աղտոտումը:

Պետք է մարդկանց խրախուսել, որպեսզի հասկանան, որ իրենց պատկերացրած աղբից եւս կարող են շահույթ ստանալ, թեկուզ փոքր: Այդ ժամանակ ոչինչ չի այրվի, այլ կօգտագործվի արտադրության մեջ: Երբ սպառողը հասկանա, որ թեկուզեւ մի փոքր ճխլված պոմիդորն ավելի համեղ ու օգտակար է, ապա վաճառքից կսկսեն անհետանալ քարի պես պինդ պոմիդորները: Փոքր հողամասերի տերերը պետք սովորեն կիրառել ճիշտ ցանքաշրջանառությունը եւ հնարավորության դեպքում հրաժարվեն թունաքիմիկատներից՝ նախապատվությունը տալով բնական հումուսին: Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ, պետք է գնալ օրգանական գյուղատնտեսության, առողջ սնունդ արտադրելու ճանապարհով:

«Ուսուցում եւ այլընտրանքի առաջարկում՝ կլիմայական փոփոխություններին դիմակայելու միակ արդյունավետ միջոցներն են,-ասում է Գեւորգ Պետորսյանը,-եւ պետք է սկսել ցուցադրական տարածքների ստեղծումից: Գյուղատնտեսությամբ զբաղվող 50-60 տարեկան անձինք սովորաբար չեն կարդում, ուսուցումն էլ իրենց հետաքրքիր չէ՝ թողնում են երիտասարդներին, իսկ ահա ուրիշի փորձը սեփական աչքով տեսնելն այդ տարիքի մարդկանց վրա ավելի էֆեկտիվ է ազդում: Պետք է սկսել կրթել մարդկանց փոքր տարիքից, իսկ ահա միջինից բարձր տարիքի անձանց համար պրակտիկան է կարեւորվում»:

Մեկնաբանություններ (1)

Րաֆֆի
Գեւորգ Պետրոսյանը ո՞վ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter