HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Քաղաքական մանիպուլյացիաների արվեստը

Երբ քաղաքական ընտրությունները կեղծարարությամբ են անցկացվում, ամեն ինչ հստակություն է ձեռք բերում։ Յուրաքանչյուրը գիտի իր տեղն ու դերը։ Սակայն, երբ ընտրությունների բռնի եղանակները բացառվում են, և ընտրողներին տրվում է իրական ընտրության հնարավորություն, այսինքն` ամեն ինչ թողնվում է «բարձիթողի» վիճակում, քաղաքական կյանքը բարդանում է։ Քաղաքական դերակատարների մրցակցությունը ծավալվում է կամ ծրագրերի ու տեսլականների միջև, կամ էլ առաջին պլան է մղվում քաղաքական մանիպուլյացիաների արվեստը։ Դա ավելի արդյունավետ ու «մաքուր» միջոց է, քան ընտրակեղծիքները։ Պատահական չէ, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ զարգացման տեսլականներն ու ծրագրերը երկրորդ պլան են մղվել, ատելության խոսքը, սոցցանցերում բոլոր սահմաններն անցնող անձնական վիրավորանքները, փոխադարձ մեղադրանքները և հանրության գիտակցության վրա ազդելու փորձերն անկախ Հայաստանի պատմության ընթացքում անցկացված բոլոր ընտրությունների համեմատությամբ աննախադեպ են։

Մանիպուլյացիա

Մանիպուլյացիա բառն առաջացել է լատիներեն manipula բառից, որը նշանակում է «ձեռք»։ Մանիպուլներ էին անվանում հռոմեական լեգիոնների ամենափոքր միավորներից մեկը, որոնք ռազմական գործողությունների ժամանակ դիրքային արագ տեղաշարժեր էին կատարում հարմար դիրք ընտրելու, կամ էլ հակառակորդի մոտ տակտիկական շփոթմունք առաջացնելու համար։ Այդ ինտենսիվ տեղաշարժերը սկսեցին անվանել մանիպուլյացիաներ, որի նպատակը հակառակորդին շփոթեցնելն է ու տակտիկական առավելության հասնելը։

Հանրային գիտակցության մանիպուլյացիան համարվում է մեծ զանգվածների վրա ազդեցություն ձեռք բերելու կարևոր միջոցներից մեկը։ Մեծ հաշվով, դա ժամանակակից տեխնոլոգիաների դարում իշխանության հասնելու կարևորագույն գործիքներից է։ Հոգեբանության մեջ համարվում է, որ հանրային գիտակցությունը մանիպուլյացիաների ենթարկելու նպատակը մարդկանց հոգեբանության վրա ներգործելու միջոցով նրանց վրա վերահսկողություն հաստատելն է և դրա շնորհիվ նրանց ուղղորդելը սեփական նպատակներին հասնելու ուղղությամբ։ Դա ինֆորմացիոն պատերազմներում օբյեկտի (հասարակության) վրա իրականացվող հոգեբանական օպերացիա է։

Երևանի ավագանու ընտրությունները վերածվել են ինֆորմացիոն պատերազմի, և ընտրություններում հաղթանակի հասնելու միակ միջոցը ոչ թե զարգացման ուղիների միջև ազատ և արդար մրցակցությունն է, այլ օբյեկտի (հասարակության) վրա ներազդելը։ Բնականաբար, դրա համար պետք է հաշվարկել օբյեկտի ունեցած վախերն ու ֆոբիաները, նախկին բացասական փորձը, ինչի համար պետք է դրանց օգնությամբ  քարոզարշավ կառուցել։ Ներգործության սխեմաները որքան պրիմիտիվ, հասկանալի, թատերականացված լինեն, այնքան հաջողությունը մոտ կլինի։ Կարևոր դեր են կատարում նաև կարգախոսները։ Հանրության գիտակցության մանիպուլյացիայի լավագույն օրինակներից է 1996-ի Ռուսաստանի նախագահական ընտրությունը, երբ հաղթելու որևէ շանս չունեցող, հեղինակազրկված ու հիվանդ Ելցինի թիմն առաջ քաշեց «Քվեարկիր, կամ կպարտվես» կարգախոսը։ Քարոզարշավի մեխը նախկին իշխանությունների՝ կոմունիստների ռևանշի հնարավորության բացառությունն էր։ Հանրությունն արհեստականորեն դրվում է մի այնպիսի ընտրության առջև, որտեղ իրականում ընտրություն չունի, այսինքն` զրկվում է իրական ընտրության հնարավորությունից։

Քաղաքական մանիպուլյացիաների տեխնոլոգիան

Քաղաքական մանիպուլյացիայի համար նախ պետք է ուսումնասիրել տվյալ հասարակության թույլ կետերը, որոնք կարող են առաջացնել վախի զգացողություն և հանրությանը շանտաժի ենթարկել այդ փորձի կրկնության հնարավորությամբ։

Մյուս կարևոր տեխնոլոգիան մի դոմինանտ հոսանքի ձևավորումն է, այսինքն` ստեղծվում է իրավիճակ, որ յուրաքանչյուր անհատ, դուրս մնալով այդ դոմինանտ հոսանքից, կարող է մեղադրվել որպես հակահանրային տարր` ենթարկվելով հանրային պարսավանքի։

Կարևոր է նաև լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածել այնպիսի ինֆորմացիա կամ ինֆորմացիայի պատառիկներ, որոնք ստեղծում են ցանկալի «օբյեկտիվություն», որը կնպաստի դրված նպատակներին հասնելուն։ Բնականաբար, այդ նպատակներին հասնելու համար պետք է ստեղծել թշնամու կերպար։
1996-ին Նյու Յորքում հրապարակված «Ժամանակակից սոցիոլոգիայի բառարանում» մանիպուլյացիան բնութագրվում է որպես «իշխանության իրականացման ձև, որի ժամանակ իշխանության կրողը ազդում է մյուսների պահելաձեւի վրա` չբացահայտելով, թե ինչպիսի պահելաձեւ է նրանցից ակնկալում»։

Նախկին իշխանությունները քաղաքական ու հոգեբանական մանիպուլյացիաներին քիչ տեղ էին տալիս, քանի որ իրենց նպատակներն իրականացնում է բիրտ եղանակներով՝ ընտրությունների կեղծմամբ ու բռնությունների միջոցով։ Հեղափոխությունից հետո զանգվածները մուտք են գործել քաղաքականություն և կարևոր դերակատարություն են ստանձնել։ Այժմ Հայաստանում սկսվում է քաղաքական ու հոգեբանական մանիպուլյացիաների ժամանակաշրջան։

Մեկնաբանություններ (1)

Արտակ Չալգուշյան
Նախ պետք է ընդունեմ որ հոդվածի հեղինակը՝ Ստեփան Դանիելյանը բարձրորակ մտածող է և որպես այդ որակի արգասիք հրաշալի ձևով ներկայացնում է նոր իրավիճակի խաղի կանոնները։ Խաղի կանոններ՝ իրենց առավելություններով և պակասություններով, որոնց հետ հաշվի չնստելը նույնն է թէ կործանվել որպես քաղաքական գործիչ և օգտագործվել որպես քաղաքացի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter