HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Կռվախնձոր» դարձած մի հողակտորի պատմություն

Արփի լճի մերձակա հատվածում անտառային շերտ համարվող մոտ 8,6 հա հողատարածքը 2017թ. Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը սեփական հայեցողությամբ բաժանել էր Գառնառիճ գյուղի 6 բնակիչների միջեւ՝ յուրաքանչյուրին 1 հա-ից մի փոքր ավելի հողաբաժնով: Համայնքապետի նման որոշումը, որ պատճառաբանվել էր տվյալ անձանց սոցիալական վիճակը բարելավելու մտադրությամբ, Գառնառիճի բնակիչների մեծ մասի մոտ առնվազն տարակուսանք էր առաջացրել:

Արփի համայնքի ավագանու անդամ, Գառնառիճի բնակիչ Նաիրա Աբրահամյանի փոխանցմամբ` հողաբաժին ստացած 6 անձանցից 5-ը ընտրությունների ժամանակ քվեարկել են Մերգել Ղարիբյանի օգտին, եւ նման քայլն ընդամենը շնորհակալություն հայտնելու յուրօրինակ ձեւ է՝ քողարկված «սոցիալականի» անվան տակ: Ավագանու անդամը պնդում է, որ Գառնառիճում եւ Եղնաջուրում բնակվում են սոցիալապես անապահով անձինք (Արմեն Պապոյան, Արթուր Հարությունյան, Մխիթար Հակոբյան, Արտակ Հախոյան, Եղիշե Մկրտչյան, Էդգար Ամիյան, Անդրանիկ Գալստյան, Իգիթ Պապոյան, Արտակ Աբգարյան, Մելանյա Շախբազյան, Նարինե Սիմոնյան), որոնք հողակտորի կարիք ունեն եւ դուրս են մնացել համայնքի ղեկավարի «ուշադրությունից»: Նաիրա Աբրահամյանի խոսքով` հողակտոր է բաժանվել մարդկանց, որոնք սոցիալապես անապահով չեն:

«Մերգել Ղարիբյանի խտրական վերաբերմունքը Գառնառիճը բաժանել է «մերոնցականի» ու «ձերոնցականի», խառնել է սաղ գյուղն իրար: Ես այս դեպքով հետաքրքրվել եմ ու փորձել եմ պատասխան ստանալ միայն այն պատճառով, որ մարդկանց մեջ խժդժություն են գցել: Եթե պատճառաբանում են, թե Նորայրը էդ տարիներին գումար չի մուծել, հիմա ինչ տարբերություն, էդ 6 հոգին չեն մուծում, որովհետեւ էդ մարդիկ էլ պայմանագիր չունեն եւ էս պահի դրությամբ անհայտ էլ է, թե ում հետ պիտի պայմանագիր կնքեն,- նկատում է Նաիրա Աբրհամյանը,- էն ժամանակ գոնե հստակ էր, որ դա անտառտնտեսությանն էր, հիմա ոչ իրենք են տեր կանգնում տարածքին, ո´չ, Ազգային պարկը, ասում են` մեր բալանսին չէ, անտառտնտեսությունն ասում է` ինչ կա-չկա, հանձնել եմ պարկին, պարկն ասում է՝ բալանսիս չկա: Ստացվում է` օդի մեջ հայտնված հողակտոր, որ անցած տարվանից ապօրինի տեր է գտել` ի դեմս համայնքի ղեկավարի, որ ում ուզի` լավություն անի»:

«Կռվախնձոր» դարձած հողակտորի հետ կապված երկու խնդիր կա: Նշված տարածքը նախկինում պատկանել է ՀՀ անտառային տնտեսությանը: Քարտեզագրելիս այն նշված է եղել որպես անտառաշերտ, թեպետ ծառի ոչ մի նմուշ տարածք այցելելիս չես հայտնաբերի: Որպես խոտհարք` 17 տարի շարունակ նշված տարածքը օգտագործել է Գառնառիճի բնակիչ Նորայր Հովհաննիսյանը՝ չունենալով պայմանագիր, ընդամենը Անտառտնտեսության տեսուչների հետ ունեցած բանավոր պայմանավորվածության հիմքով՝ տարածքը մաքրել քարերից ու մաքուր պահել:

Նորայր Հովհաննիսյանն ասում է, որ պայմանագիր չեն կնքել, քանի որ ցանկացած պահի կարող էին հետ պահանջել տարածքն ու ծառատունկ իրականացնել: «Քարտեզի վրա էս տարածքը նշված է որպես անտառ: Դե ժամանակին տնկել են ծառ, չի բռնել: Անցած տարի հողը Մերգել Ղարիբյանը վերցրեց` չնայած համայնքին չի պատկանում, ու իր հայեցողությամբ բաժանեց մարդկանց միջեւ: Ինձ որոշել էր դուրս թողնել, բայց Ազգային պարկի աշխատակիցը միջամտեց, թե չի կարելի, ի վերջո էս մարդն էդքան տարի տեր է եղել տարածքին: Ես ուզեցի հասկանալ, թե Ազգային պարկի ստեղծումից հետո ինչ կարգավիճակ ունի էդ 8 հա-ը, ում բալանսին է, որ, ասենք, գնամ վարձակալական պայմանագիր կնքեմ, օրինական օգտագործեմ: Հարցում եմ արել Անտառտնտեսությանը, պատասխանել են, թե տվել ենք «Արփի լիճ» ազգային պարկին, էնտեղից պատասխանեցին, թե իրենց բալանսի մեջ չկա, խոշորացված համայնքի բալանսում էլ չկա: Փաստորեն, օրինական տեր չունի էս հողը, բայց Մերգել Ղարիբյանը որոշեց, որ ինքը կարող է տնօրինել»,- նեղսրտում է զրուցակիցս՝ շեշտելով, որ եթե պիտի իր ձեռքից վերցնեին հողը, գոնե չունեւորներին տային:

Խնդրով մտահոգ, ավագանու անդամ Նաիրա Աբրահամյանը օգոստոսին գրավոր դիմել էր Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանին: Վերջինիս ներկայացվել էր լրացուցիչ մեկական հեկտար հողատարածք ստացած անձանց ունեցած սեփական եւ վարձակալած հողային ռեսուրսը: Ցուցակում ընդգրկված մարդկանց թվում հանդիպում է նաեւ Սամվել Ղարիբյան անուն-ազգանունը, որը համայնքի ղեկավարի ազգականն է:

Նշված տարածքից հողաբաժին է ստացել նաեւ Ղարիբյանների ընտանիքին պատկանող «Ոսկե սեր» պանրի գործարանում վարորդ աշխատող Գարիկ Արաբյանը: «Հետք»-ին տրամադրած տվյալների համաձայն` վերջինիս ընտանիքը մշակում է 6,86 հա սեփականաշնորհած եւ 25 տարով վարձակալած 6 հա հողատարածք, ինչպես նաեւ համագյուղացի Գեւորգ Գեւորգյանին պատկանող 10,47 հա սեփականաշնորհած հողը, Սերյոժա Ղազարյանի 9,55 հա սեփականաշնորհած եւ Եղիշե Պետրոսյանի 6,69 հա սեփականաշնորհած հողատարածքները: Ցուցակում ընդգրկված անձանցից ամենաքիչ հողաբաժինը Մերգել Կյուրեղյանինն է՝ 5,14 հա:

Փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը սեպտեմբերի 11-ին Նորայր Հովհաննիսյանին պատասխանում է, որ հարցը քննարկվել է Արփի համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանի հետ եւ տրվել են համապատասխան ցուցումներ: Թե ինչ տեսակի ցուցումներ են դրանք՝ նամակում մանրամասնած չէ: Պատասխան նամակում նշված է, թե որքան հա հողատարածք է սեփական ու վարձակալական հիմունքներով տիրապետում Նորայր Հովհաննիսյանը, մատնացույց է արված ՀՀ հողային օրենսգրքի 53-րդ հոդվածը եւ անտառային հողերի տրամադրման կարգը: Փոխմարզպետի պատասխանն ավարտվում է համայնքապետի տրամադրած տեղեկատվությամբ, որ 13.08.2018թ. դրությամբ Գառնառիճի բնակիչ Նորայր Հովհաննիսյանն ունի 143.637 դրամ հողի հարկի չվճարած պարտավորություն:

Նորայր Հովհաննիսյանի փոխանցմամբ` պարտքը կուտակվել է 2016-18թթ. ընթացքում: «Օգոստոսի 27-ին մուծել եմ 133 հազար դրամը, մնացել է վճարելու 24 հազար դրամ տոկոսը: Իմ սեփական 8 հա հողի պարտքն է դա, որ համայնքների խոշորացումից հետո կողի ընկած չէի մուծում, բայց, փաստորեն, ես ինքս ինձ վնասեցի»,- անկեղծանում է Նորայր Հովհաննիսյանը:

«Իմ խնդիրն է, որպես ավագանու անդամ, որ հստակեցվի այդ 8 հա-ի պատկանելությունը, կնքվեն վարձակալական պայմանագրեր, եւ գումարը մուտքագրվի համայնքի բյուջե, եթե այդ հողակտորը ճանաչվի, իհարկե, համայնքի սեփականություն,- ասում է Նաիրա Աբրահամյանը,- իսկ եթե Ազգային պարկինն է, թող իրենք ուրեմն կարգավորեն այդ հարցը, ոչ թե Մերգել Ղարիբյանին հնարավորություն տան, որ լավության կարգով պոտենցիալ ընտրողներ ապահովի հաջորդ ընտրության համար»:

Մեկնաբանություններ (4)

Ամիրան Աղջոյան
Գառնառիճ գյուղում մինչ խոշորացումը հողամասերի հիմնական մասը տրվել են վարձակալության նախկին գյուղապետերի Մանվել Ղազարյանի և Վանիկ Մանուկյանի կողմից որոնցից առաջինը Նաիրա Աբրահամյանի ամուսինն է երկրորդը փեսան հոդվածում հիշատակված անապահով անձանց ինչու չեին հիշում այն ժամանակ:
Աղջոյան Ամիրան
Տիկին Նաիրա Աբրահամյան դպրոցի տնօրեն, ավագանի և նախկին գյուղապետի տիկին, որ ղեկավարում էիք գյուղապետի փոխարեն դուք, և ձեր ուզած ձևերով, դրա մասին գիտի ամբողջ գյուղը ( Ինչղ կուզեմ ըդպես կենեմ)։ Որը ընդհանրապես դուք կապ չունեք գյուղապետարանի հետ, և սրանից հետո դուք ձեզ կոռեկտ պահեք, չկպնեք իմ անձին, եթե ես կպնեմ մարդկանց անձին և պարզվի կաշառակերները այդ ժամանակ ձեր ունեցած մշտական խնդիրները, կապված հասկացողության հետ ի հայտ կգան։ Բայց ապսոս որ մարդիկ ուշ հասկացան,գյուղը ոչնչացնելուց հետո։ Կմեկնաբանեք այն դեպքում երբ կգրեք ճշմարտությունը։ Եվ ես իմ ամեն գրած բառերի համար պատասխանատու եմ, չօգտվելով այն առիթից որ ես Մերգել Ղարիբյանի մոտիկ ընկերն եմ։ Բանսարքությամբ զբաղվելը ձե՛ր շնորհն է, աշխատել մեկը ստանաք երեքը։
Նաիրա Աբրահամյան
Հարգելի Հովհաննես Հովհաննիսյան ըստ քո մեկնաբանության Գարիկ Արաբյանը չի օգտագործել Գևորգ Գևորգյանի սեփականություն հանդիսացող հողատարածքը: Հետաքրքիր է այդ մասին ես լավ գիտե՞մ, թե՞ դու: Ասեմ , որ հենց Գևորգ Գևորգյանի հողատարածքները մոտ 17 տարի է օգտագործում է: Սակայն քանի, որ երևում է, որ այս հոդվածի իմաստը ձեզ էլ հասու չէ, պարզաբանեմ, որ ամբողջ իմաստը նրա մեջ է, որ նոր սեփականաշնորհման փուլ չի սկսվել, որ սկսել եք անապահով և կամ սեփականաշնորհումից չօգտված անձանց հողատարածքների հավասարաչափ բաշխում ապահովել: Եթե դուք գիտենաիք թե ո՞րն է ձեր առաքելությունը, ապա վարձակալության մրցույթների մասին նախ կտեղեկացնեիք բնակչությանը և գաղտնի մրցույթեր չէիք անցկացնի, մեր բնակչությունն էլ իրազեկված կլիներ և օրինական ճանապարհով կվարձակալեր հողակտորներ և ոչ թե ձեր յուրայիններից մի քանի հոգի ողորմություն կստանար առանց պայմանագրի անորոշ ճակատագրով 1,4 հա հողակտոր: Ինչ վերաբերում է Գառնառիճ բնակավայրի վարչական ներկայացուցիչ Ամիրան Աղջոյանի մեկնաբանությանը, ասեմ որ հասկանալու հետ խնդիրներ ունի և այն չի էլ լուծվի: Խորհուրդ կտայի ամոթի զգացում ունենար և չօգտվեր այն հանգամանքից, որ Արփի համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանի մոտ ընկերն է և անգործության համար աշխատավարձ է ստանանում համայնքի բյուջեից: Մոտ երկու տարի է գրասեյակի դուռ չի բացել և աշխատանքի չի ներկայացել: Ընդամենը երևի 3-4 անգամ գիշերային ժողովներ է հրավիրել իր ցանկալի կազմով և զբաղվում է բանսարքությամբ:
Հովհաննես Հովհաննիսյան
Հոդվածում նշված հողատարածքը 8,87 հա մակերեսով անտառային հողատարածք է, որը նախկինում գտնվել է Գառնառիճ համայնքի հողային հաշվեկշռում այժմ գտնվում է նայև Արփի համայնքի հողային հաշվեկշռում նշված հողատարածքը նախկինում ամբողջությամբ օգտագործել է Նորայր Հովհաննիսյանը 2017թ-ից տրամադրվել է Գառնառիճ բնակավայրի վեց բնակիչների միանգամյա խոտհունձ կատարելու համար: Ինչ վերաբերվում է վերոհիշյալ անձանց կողմից օգտագործվող հողատարածքներին ապա պետք է նշեմ, որ նրանցից երկուսը Կյուրեղյան Մերգելը և Ղարիբյան Սամվելը չունեն սեփականաշնորհված հողատարածք, իսկ Արաբյան Գարիկը 6,86հեկտարի համասեփականատեր է ընդամենը, որը և օգտագործվում է նրա հոր կողմից ինչ վերաբերվում է Գևորգ Գևորգյանի, Սերյոժա Ղազարյանի, Եղիշե Պետրոսյանի սեփականությունը հանդիսացող հողատարածքներին դրանցից վերջին երկուսի հողատարածքներն է հնձել Գարիկը ընդ որում միայն այս տարի, իսկ 6,0 հա հողատարածքը վարձակալված է և օգտագործվում է նրա եղբոր Արարատ Արաբյանի կողմից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter