HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Մեջլումյան. «Ալավերդու պղնձաձուլական գործարանը գրավադրված է ՎՏԲ բանկում, սակայն բանկի սեփականությունը չի համարվում»

Երեկ՝ կեսօրից հետո, Ալավերդու պղնձաձուլական գործարանի Կոշաբերդի ծխնելույզից արտանետումներ գրեթե չեն եղել: Ալավերդիում շրջանառվում էին լուրեր, թե պղնձաձուլական գործարանը նույնպես «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի կողմից գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում և այլևս դարձել է բանկի սեփականությունը

Այսօր «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը «Հետք»-ին հայտնեց, որ իր ղեկավարած ընկերությունում ոչ մեկին հաճելի չէ հնացած տեխնոլոգիաներով և անթույլատրելի արտանետումներով աշխատելը«Գործարանում մի 2-3 օրով աշխատանքային կանգ է նախատեսված, հերթական վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով», - բացատրեց Լ. Մեջլումյանը: Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ում գրավադրված լինելու մասին մեր հարցին Լուսինե Մեջլումյանը պատասխանեց. «Պղնձաձուլական գործարանը ՎՏԲ բանկում գրավադրված է, դա ճիշտ է: Բայց այն բանկի սեփականությունը չի հանդիսանում: Ներկայումս բանակցություններ են ընթանում պղնձաձուլական գործարանը գրավից հանելու համար»,- հայտնեց նա:

Երեկ պարզեցինք, որ ՎՏԲ բանկի կողմից «Թեղուտ» ՓԲԸ-ում կառավարիչ է նշանակվել Միխայիլ Սիմյոնովը: Վերջինիս հետ մեզ չհաջողվեց հանդիպել։ «Թեղուտ» ՓԲԸ-ի երկու անցակետերում էլ  ընկերության անվտանգության աշխատակիցները մեզ բացատրեցին, որ Միխայիլ Սիմյոնովը առայժմ ծանոթանում է «Թեղուտ» ՓԲԸ-ում տիրող իրավիճակին և ընկերության աշխատողների հետ դեռևս կոնտակտի մեջ չի մտնում: Անվտանգության աշխատողները մեզ խորհուրդ տվեցին Միխայիլ Սիմյոնովին հարցեր ուղղելու համար համբերել մի քանի օր: «Թեղուտ» ՓԲԸ-ում տիրող իրավիճակի և ընկերության հետագա ճակատագրի մասին մեր գրավոր հարցմանը «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը հեռախոսով հայտնեց, որ առայժմ որևէ տեղեկատվություն չունեն «Թեղուտ» ՓԲԸ-ի իրավիճակի մասին:

«Տեղեկատվություն ստանալու դեպքում կտարածենք հաղորդագրություն»,- ասաց Թագուհի Կարապետյանը:

Մեկնաբանություններ (2)

Gagik
Չեմ կարծում, որ իրենց հասկացած վերանորոգումը շրջակայքի գազոտվածության իջեցում կբերի, այն ավելի շատ քաղաքական ակցիա է հիշեցնում՝ «մենք հնարավոր ամեն ինչ անում ենք գազոտվածության իջեցման պահով» իմաստով։
Գեւորգ
Հայտնի է որ տհաս ու ագահ մարդիկ փորձանք են բերում թե իրենց գլխին, թե շրջապատի: Ոլորտի բոլոր մասնագետները քաջ գիտեին, որ եղած հանքանյութը սուլֆիդային է, որը մեծաքանաք ծծմբային գազ է առաջանում: Դրա համար էլ պղնձի հետ միասին անհրաժեշտաբար պիտի լիներ նաեւ ծծմբական թթվի ուղեկից արտադրություն (ինչպես որ նախկինում էր:) Բայց քանի որ այս արտադրությունը բարդ ու ծախսատար է, պ-ն բզնսմենը պարզապես «մոռացել» է սրա մասին եւ գազերն ուղիղ մթնոլորտ է մղել: Համապատասխան թույլատրող պ-ներն էլ «չեն նկատել» նման «մանրունքը»: Արդյունքում՝ ալավերդցիները պարզապես դատապարտվել են դանդաղ մահվան: Սա գուցե եւ «մանրունք» է եղել մեր իշխանավորների համար, միչդեռ գիտակից մարդիկ պարտավոր են այս ամենն այլ կերպ որակել ու պատասխան պահանջել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter