HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարը ելույթ է ունեցել ԱՀԿ-ի 68-րդ նստաշրջանին

Հայաստանի կառավարությունը հավատարիմ է ՄԱԿ-ի մինչև 2030 թվականը նախանշված օրակարգին և 2015-ի սեպտեմբերին ամրագրված կայուն զարգացման նպատակներին: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:

Թորոսյանը փոխանցել է, որ 2016-ին կառավարությունը սկիզբ է դրել այդ օրակարգի ազգայնացման գործընթացին` դրանով սահմանված նպատակներն ազգային ռազմավարության շրջանակներում ներառելու և  ստեղծելու առաջընթացի գնահատման և հաշվետվության համակարգ: 2017թ. վերանայվել է Հայաստանի զարգացման ազգային ռազմավարությունը` նախատեսված իրականացնելու մինչև 2030 թվականը:

Արսեն Թորոսյանը խոսել է վերջին տասնամյակում առողջապահական համակարգում Հայաստանի ունեցած հաջողություններից, մարտահրավերներից ու անհրաժեշտ քայլերից, ընդգծել դրանց ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման կարևորությունը:

Նախարարի ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Առողջությունն ու բարեկեցությունը մեր օրակարգի առանցքում են, և մենք կարող ենք ներկայացնել այս ընթացքում արձանագրված առաջընթացը.

  • Մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշերը նվազում են, սակայն մայրական մահացությունը դեռ շարունակում է ԵՄ միջին ցուցանիշից բարձր մնալ: Թիրախային բնակչության առնվազն 91 տոկոսն այժմ ընդգրկված է պատվաստումների ազգային ծրագրում:

  • ՄԻԱՎ վարակակիր բոլոր գրանցված մարդիկ այժմ օգտվում են հակառետրովիրուսային դեղամիջոցներից: 2016թ. Հայաստանը դարձել է աշխարհում առաջին չորս երկրներից մեկը` բացառելով ՄԻԱՎ վարակի փոխանցումը մորից մանկանը:

  • Տուբերկուլոզով հիվանդացության դեպքերը վերջին տասնամյակում նվազել են,  2016թ.-ին ամեն 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է 27 հիվանդ:

  • Երկիրը մշակել է ազգային ռազմավարություն` նվազեցնելու քրոնիկ հեպատիտ Բ-ից և Ց-ից մահացությունն ու հիվանդացությունը: Սակայն վիրուսային հեպատիտների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների մշակումն ու իրականացումը շարունակում է մնալ համակարգի կարևոր հարցերից մեկը:

  • Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը 80 տոկոս է. դրանց շարքում ամենատարածվածը` շուրջ 48%, կազմում են սրտանոթային հիվանդությունները, հաջորդում են քաղցկեղը (20.5%), դիաբետը (4.2%), վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառներ (4.5%), քրոնիկ թոքային հիվանդություններ, այդ թվում` բրոնխիտ, ասթմա, այլ քրոնիկ թոքային և բրոնխային հիվանդություններ (4%):

  • Ռիսկի գործոնները նպաստում են ոչ վարակիչ հիվանդությունների աճին: Օրինակ, ծխախոտի օգտագործման ցուցանիշը բարձր է Հայաստանում. տղամարդկանց ավելի քան 61 և կանանց ավելի քան 1.2%-ը ծխող են:  Հայաստանը վավերացրել է ծխախոտի դեմ պայքարի վերաբերյալ ԱՀԿ շրջանակային կոնվենցիան: Այնուամենայնիվ, շատ միջոցներ դեռևս չեն կիրառվում: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայում աշխատում է ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի նախագծի վրա, որով ծխելու համար թույլատրելի տարածքները կսահմանափակվեն:

Կայուն զարգացման օրակարգի մեր գերակայությունները հստակ են. մենք պետք է կենտրոնանանք հետևյալի վրա`

  • Հիվանդությունների կանխարգելման հզորացում վաղ ախտորոշման և բուժման միջոցով` հատուկ ուշադրություն դարձնելով ոչ վարակիչ հիվանդություններին,

  • Առողջության առաջնային պահպանման համակարգի ուժեղացում` ներառյալ աղքատ բնակչության համար մատչելիության ապահովում, դեղորայքի և բժշկական տեխնոլոգիաների երաշխավորված հասանելիություն, պացիենտի անհատական կարիքների վրա հիմնված երկարաժամկետ խնամքի ապահովում,

  • Առողջապահական ծառայությունների առավել լավ չափորոշիչների մշակում և ներդրում,

  • Խոցելի խմբերին մասնագիտացված ստացիոնար բուժօգնության ապահովում, մայրական և մանկական առավել բարելավված խնամք, առավել մեծ ուշադրություն` վերարտադրողական և դեռահասների առողջությանը,

  • Բժշկական հաստատությունների կարողությունների և մասնագիտական ներուժի ​​զարգացում,

  • Առողջապահական ապահովագրության ներդրում` երկրում ընդհանուր առողջապահական համակարգի ֆինանսական կայունության բարձրացման նպատակով:

Մենք չենք կարող դա անել միայնակ: Ակնկալում ենք գործակցել բոլոր ոլորտներում, ներառյալ`

  • Ռեսուրսների վերաբաշխում և դրանց արդյունավետ օգտագործման ապահովում ծառայությունների մատուցման մակարդակում,

  • Պետական ​​հարկերի և եկամուտների հավաքագրում,

  • Ճիշտ պլանավորում և ֆինանսական կառավարում,

  • Հակակոռուպցիոն միջոցառումներ,

  • Համընդհանուր սոցիալական պաշտպանություն:

Ամփոփելով` թույլ տվեք փոխանցել մեր երախտագիտությունը ԱՀԿ աջակցության համար: Կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզում,

մասնավորապես, ընդգծվում է առողջության առաջնային պահպանման ուժեղացման կարիքը: Շարունակական, համապարփակ, համակարգակենտրոն և անձնակենտրոն,  անվտանգ, արդյունավետ առաջնային բուժօգնության համակարգ` ֆինանսական պաշտպանության համընդհանուր ծածկույթով. թերևս սա է «ոսկե» ուղին` հասնելու կայուն զարգացման նպատակներին և առողջապահությանը` բոլորի համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter